Նշեց Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահը
Երեկ Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կոզլովի գլխավորած պատվիրակությունը, որն այստեղ հանդիպումներ ունեցավ Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավարների հետ։ Հայաստանի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Անդրեյ Կոզլովի երեկ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկություններ հաղորդվեցին այցի նպատակների եւ հանդիպումներում քննարկված հարցերի վերաբերյալ։ Հիմնական բանախոսը ռուսաստանցի հյուրն էր, որին էլ ուղղված էին լրագրողների հարցերը։
Առաջինը ելույթ ունենալով Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ Ռուսաստանի ԿԲ պատվիրակությունն այստեղ է մեր բանկային համակարգին եւ մասնավորապես բանկային վերահսկողության հարցերին ծանոթանալու նպատակով։ Այստեղ երկու երկրներն էլ խնդիրներ ունեն։ Նշվեց նաեւ, որ առանձին քննարկում եղավ Ռուսաստանում հայկական բանկերի մասնաճյուղերի բանկային վերահսկողության շուրջ։
Անդրեյ Կոզլովն այն կարծիքը հայտնեց, որ երկու երկրների օրենսդրությունները նման են, եւ օրենսդրական կատարելագործման, նորմատիվային դաշտի կարգավորման երկուստեք անհրաժեշտություն կա։ Սակայն Հայաստանն, ըստ հյուրի, բանկային վերահսկողության առումով առաջ է անցել, եւ ռուսական կողմը ցանկանում է ծանոթանալ դրա արդյունքներին։ Հետաքրքրական առանձին հարց էր ավանդների ապահովագրումը, որի վերաբերյալ Ռուսաստանում շուտով կընդունվի համապատասխան օրենք։ Ինչ վերաբերում է Ռուսաստանում գործող հայկական «Անելիք» բանկի մասնաճյուղին, ապա, ինչպես տեղեկացրեց Անդրեյ Կոզլովը, այն պետք է վերագրանցվի։ Հաջորդ տարվանից հայկական այս բանկի մասնաճյուղը կունենա Ռուսաստանում գործող բանկի կարգավիճակ եւ կլինի «Անելիքի» դուստր բանկը։
Այնուհետեւ անդրադարձ կատարվեց միջազգային շուկայի իրադարձություններին։ Ե՛վ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ Անդրեյ Կոզլովը նշեցին, որ եվրոյի փոխարժեքի աճը դոլարի նկատմամբ իրենց երկրների ներքին շուկաներում որեւէ ողբերգական դեպքի չի հանգեցրել։ Ինչ վերաբերում է ռուսական խոշոր ընկերությունների բաժնետոմսերի անկմանը, ապա ՌԴ Կենտրոնական բանկի փոխնախագահը դա բացատրեց համաշխարհային շուկայում առկա ընդհանուր միտումներով եւ ընդգծեց, որ ընկնում են ոչ միայն ռուսական ընկերությունների բաժնետոմսերի գները։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ