«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2002-07-24 | #138, 2002-07-25 | #139, 2002-07-26


«ԵՐՋԱՆԻԿ ԺՊԻՏ» ԾՐԱԳԻՐ

«Նապաստակի շրթունքներով» երեխաների բուժման համար

Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում ամեն տարի շուրջ 60 երեխա է ծնվում «նապաստակի շրթունքներ» անունով ծանոթ անոմալիայով։ Նրանց մեծ մասը, հասարակության ներսում տիրող զգոնության պակասի հետեւանքով, այդպես էլ մնում է հասարակությունից մեկուսացված վիճակում։ Շատ ծնողներ, անպատեհություններից խուսափելու համար, նման երեխաներին զրկում են հասակակիցների հետ շփվելուց, դպրոց կամ բակ գնալուցՙ սովորաբար նրանց պահելով տանը։ Ուրիշները նման երեխաներին տեղավորում են մանկատներումՙ էլ ավելի խորացնելով երեխաների խորթացումը հասարակությունից։ Մինչդեռ կարելի է այդ երեխաներին վիրահատման ենթարկել եւ ապահովել նրանց վերադարձը հասարակությունՙ վերջինիս լիարժեք անդամի կարգավիճակով։

Ահա այս գործին են լծված Հայաստանում «Ուորլդ վիժըն» մարդասիրական կազմակերպությունը եւ «Բրիտիշ էրուեյզ» ավիաընկերության երեւանյան գրասենյակը։ Վերջինս օրերս ձեռնարկեց 5000 դոլար հանգանակելու գործը, որպեսզի «Ուորլդ վիժընի» միջոցով հոգա նման երեխաների վիրահատության ծախսերը։ Այժմ «Բրիտիշ էրուեյզի» երեւանյան գրասենյակը եւ համագործակցող գործակալություններն ավիատոմս գնող յուրաքանչյուր հաճախորդի առաջարկում են հավելյալ 2 դոլար մուծել այդ նպատակի համար, եւ ինչպես «Բրիտիշ էրուեյզի» նմանօրինակ նախորդ նախաձեռնություններում, մարդիկ սիրահոժար ընդառաջում են առաջարկին։ Հանգանակված գումարները հոգալու են երեխաների վիրահատության եւ հետվիրահատական թերապիայի ծախսերը։

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում «Բրիտանական ավիաուղիների» մենեջեր Դագի Դուգլասն այս առիթով ասաց. «Մեր ընկերության խնդիրներից է ամեն տեղ լավ հարեւան լինելը եւ, հետեւաբար, մենք առանձնաշնորհյալ ենք զգում մեզ մարդասիրական նման ծրագրերի մասնակցելու առիթի համար, որը ժպիտ ու երջանկություն է պարգեւելու այդ երեխաներին»։

Հիշեցնենք, որ ներկա ծրագիրը 3-րդն է, որ «Բրիտիշ էրուեյզը» Հայաստանում իրականացնում է «Ուորլդ վիժընի» հետ համատեղ։ Դրանցից վերջինը 5500 դոլարի հանգանակությունն էր, որով ավիաընկերությունը կարողացավ Գյումրու 690 երեխաների համար 3 ամիս ամեն օր դպրոցական սննդարար ճաշ ապահովել։

«ԲՐԻՏԻՇ ԷՐՈՒԵՅԶԻ» ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4