Չնայած առկա բազմաթիվ դժվարություններին, Գյումրու «Անալիտսարք» ԲԲԸ-ն այս տարիներին կարողացել է ոչ միայն չկանգնեցնել արտադրությունը, այլեւ մասամբ պահպանել երբեմնի տնտեսական կապերը։ Եվ առաջին հերթինՙ ձեռնարկությունում արտադրվող չափիչ սարքերիՙ աղաչափերի, կոնդուկտոմետրերի, մածուցիկաչափերի իրացման ռուսաստանյան շուկան։ Գյումրեցի սարքաշինարարները վերջերս պատվիրատուին առաքեցին մոտ 20 մլն դրամի սարքեր, որոնք կմոնտաժվեն Ամուրի Կոմսոմոլսկի նավաշինական ձեռնարկությունում արտադրվող սուզանավերի մեջ։ Ըստ կնքված պայմանագրի, մինչեւ տարեվերջ 56 տարբեր խմբերի աղաչափեր կառաքվեն մեկ այլ պատվիրատուիՙ Սանկտ Պետերբուրգի մասնագիտացված գիտաարտադրական միավորման հասցեով։
Այժմ ձեռնարկության մասնագետների ուշադրության կենտրոնում են արտադրանքի որակի կատարելագործման, դժվար ճարվող մետաղների խնայողության եւ աշխատատարության նվազեցման խնդիրները։ Աշխատանք է կատարվում ԱԿՎ-2 վերանախագծված մածուցիկաչափի համար Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում եւ այլուր նոր պատվերներ ձեռք բերելու։ Սարքը Մոսկվայի համապատասխան ինստիտուտում փորձարկվելուց հետո գրանցվել է ՌԴ պետստանդարտում եւ ստացել սերտիֆիկատ։ Մնում է, որ մեր հանրապետության կառավարական օղակները ոչ թե խանգարեն, այլ սկսեն օգնել այս հեռանկարային ձեռնարկության ու նրա արտադրության զարգացմանը։
Գ. Մ.