«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2002-07-24 | #138, 2002-07-25 | #139, 2002-07-26


ԳՐՈՂԻՆՙ Ե՛Ւ ԳԻՐՔ , Ե՛Ւ ՀՐԱՊԱՐԱԿ

Այս տարի լրանում է Արցախի գրական կազմակերպության ստեղծման 70-ամյակը։ Խառն ու խրթին ժամանակներում գրական օջախը միշտ էլ գտնվել է պատշաճ բարձրության վրա, նրա հիմնադիրները, առաջին ղեկավարները ենթարկվել են բազմաթիվ հալածանքների, սիբիրյան աքսորների դաժանությունները կրել, սակայն չեն զիջել ազգի դատապաշտպանի իրենց սկզբունքները։ Եվ պատահական չէ, որ Արցախյան ազգային ազատագրական շարժման վերջին երկու էտապներում էլ գրական կազմակերպությունը խիստ վճռորոշ դեր է ստանձնելՙ ընթացքավորելով ժողովրդական տրամադրություններն ու պայքարը։ Ասել է թեՙ Արցախում գրողը միայն գրող չէ, այլ նաեւ հասարակական, քաղաքական գործիչ, ազատության մարտիկ։ «Ազգի» թղթակից Կիմ Գաբրիելյանը մի քանի հարցով դիմել է Արցախի գրողների միության վարչության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանին։ Զրույցը, կարծում ենք, կհետաքրքրի մեր ընթերցողներին։

- Արցախյան շարժման սկզբից ի վեր բավականին գործնական էին ՀԳՄ եւ ԱԳՄ հարաբերությունները, այնքան, որ Դուք, որպես ԱԳՄ ղեկավար, ընտրվել եք նաեւ, համատեղության կարգով, ՀԳՄ քարտուղար։ Վերջին տարիներին պատկերը մի քիչ այլ էր։ Բանը հասել էր նույնիսկ նրան, որ ՀԳ 13-րդ համագումարում, քվեարկության ժամանակ, չէին ուզում ձայնի վճռական իրավունք տալ Արցախի գրողներին։ Ինչո՞վ բացատրել դա։

¬ Մենք մի գրականություն ու մշակույթ ենք ներկայացնում։ Մեր փոխհարաբերություններում, ես նկատի ունեմ զուտ գրական-համահայկական, ցավոք, չկարողացանք պահել շարժման առաջին տարիների ջերմությունը, գուցե դրա մեջ կա նաեւ բնական ու օրինաչափ մի բան. եթե այն ժամանակ մեր երեւանյան եղբայրները մեզ նայում էին «այլ հանրապետության կառուցվածքում» գտնվողների ու բուռն սիրո վերաբերմունք էին դրսեւորում, ապա հիմա պատկերը փոխվել է, եւ մենք, փաստորեն, մի միություն ենք ներկայացնում։ Հետեւապես, պիտի ինքներս խուսափենք նախկին, թող ներվի, ինչ-որ չափով նաեւ «կարեկցական» սիրուց։ Սակայն ծայրահեղություն էլ հարկավոր չէ. կոնկերտՙ ՀԳ վերջին համագումարում առանձին գրողների ցանկությունը, նրանք մեզ փորձում էին զրկել վճռական ձայնի իրավունքից, ակնարկելով, թե արցախցիները ոչ թե Հայաստանի, այլ հարեւան հանրապետություն են ներկայացնում։ «Մի ազգ, մի մշակույթ» կարգախոսը մնացել էր ետնաբեմում։ Խնդիրներին պիտի մոտենալ բազմակողմանիորենՙ ելնելով նաեւ, իհարկե, մեր ժողովրդի, մեր հայրենիքի ներկա վիճակից։ Դժբախտաբար, մեր ժողովրդի միասնականությունը վարչական-տարածքային ոլորտներում դեռ շատ հեռու է ամբողջական լինելուց, եթե հոգեւոր-գրական խնդիրներում էլ նման բաժանումներ գրանցենք, շատ բան կկորցնենք եւ նույնիսկ այն, ինչ դեռ ձեռք չենք բերել։ Հայաստանի գրական կազմակերպության ղեկավարության հետ սկզբունքորեն լուծվել ու լուծվում են նաեւ ԱԳՄ անդամներին ՀԳՄ անդամ ընդունելու հարցն ու մյուս պրոբլեմները։ Արցախըՙ «լեռան մարգարիտ» Շուշիով, որ հայ գրականությանն ու գիտությանը երեւելի շատ դեմքեր է տվել, միշտ եղել է հայ մշակույթի լավագույն կենտրոններից մեկը։ Պիտի վերականգնվի այդ վաղեմի փառքը։ Արդեն ավանդույթ է դարձել Արցախում արվեստի մուրացանյան օրերի անցկացումըՙ մայր Հայաստանի գրողների, գիտնականների ու մշակույթի գործիչների ակտիվ մասնակցությամբ։

¬ Դուք, որպես ճանաչված բանաստեղծ ու գիտնական, ինչպիսի՞ն եք տեսնում ձեզանից հետո եկող սերնդի (նկատի ունեմ Արցախը) գրական ներուժը։

¬ Ես բավականին լավատես եմ, այնպես որՙ տաղանդավոր գրիչներ տեսնում եմ եւ, դրան զուգահեռ, մեր գրական դաշտը ոչ թե միայն համահայկական (մի պարագա, որը երկար տարիներ Արցախում բացակայում էր), այլ արվեստի համաշխարհային խնդիրներից ու պրոբլեմներից անջրպետված չէ արդեն։ Արվեստը ծնվում է ցավից։ Սա օրինաչափ երեւույթ է։ Եվ անժխտելի է նաեւ, որ մեր ազգային ցավի կենտրոնն այսօր կրակի առաջին գծում է, Արցախում, այստեղ է հայության ճակատագիրը վճռվում, այստեղ է փնտրվում մեր բոլոր կորուստների վերադարձը... Պիտի ռազմականին համահունչ հոգեւոր հաղթանակներ եւս լինեն։

¬ Որպես ԼՂՀ կառավարականՙ Եղիշեի անվան ամենամյա մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, ի՞նչ կարող եք ասել մրցույթի մասին։

¬ Անշուշտ, կարեւոր գործ է կատարվում։ Մրցանակըՙ մրցանակ, բայց, այսպես թե այնպես, ստեղծվում է մեր ազգային գոյամարտի գեղարվեստական տարեգրությունըՙ հագեցած ականատեսների վկայություններով, որի նշանակությունը հետագայում ավելի ու ավելի մեծ կլինի։ Մրցույթին մասնակցում են ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլեւ սփյուռքում ապրող հայ եւ օտարազգի գրողներ։ Արդյունքները տրամադրող են եւ հուսալի։

¬ Գրողին այսօր ի՞նչ ամբիոն է պետքՙ գի՞րք, թե՞ հրապարակ։

¬ Ե՛վ գիրք, ե՛ւ հրապարակ։ Երկուսն էլ խիստ անհրաժեշտ են։ Ովՙ ով, Հայաստանում եւ Արցախում ապրող գրողն իր աչքով տեսավ, համազգային շարժման ընթացքում, թե ինչ կարող է անել... հրապարակը։ Բայց գիրքն էլ, իր հերթին, մնում է անփոխարինելի։ Ամբողջ աշխարհի առաջ իր եզակի Մատենադարանով հպարտացող Հայաստան երկրում գրահրատարակչության գործը վատթարագույն վիճակում է, չկարգավորված։ Ացախում այս օրերին մենք գործունեություն ենք ծավալել հրատարակչական հիմնադրամ ստեղծելու համարՙ պետական մակարդակով, կարծում եմ դա կփրկի մեր ընդհանուր վիճակը։ Չպիտի մոռանանք մեծերի պատգամներըՙ որքան էլ նորով տարվենք։ Րաֆֆին ավանդել է մեզՙ մի լավ գիրքը կարող է մի ամբողջ ազգ փրկել... Առանց գրքի չկա երկիր։ Առանց գրքի չկա ժողովուրդ։ Առանց գրքիՙ ապագան սուտ է։

¬ Հայաստան-սփյուռք-Արցախ գրական եռամիասնության խորհուրդը ինչի՞ մեջ եք տեսնում։

¬ Դու ավելի ճիշտ բանաձեւեցիրՙ Հայաստան-սփյուռք-Արցախ։ Խորհուրդը ազգապահպանության մեջ է։ Եթե դիտենք, որ ամեն հայ գրող իր հայրենիքի դեսպանն է, ապա կտեսնենք, որ ոչ մի պետություն Հայաստանից ու Արցախից ավելի շատ դեսպաններ չունի ամբողջ աշխարհում։ Սա պետք է վերածել հզորության խթանի, ճշմարիտ կենսափիլիսոփայությանՙ թե գրական, թե քաղաքական ու հասարակական, թե ազգային ցանկացած խնդիր լուծելու առումով։ Սեփական ուժերի ճանաչումը եւս ուժ է։ Ես չէի ցանկանա «աստղերի պես» մեր ցրված լինելը, մանավանդ այսօր, հակառակ կողմից օգտագործվեր եւ ամեն երկրում հարազատ ունենալն ուղի դառնար մեր արտագաղթին։ Ո՛չ երբեք։ Եվ սխալ եմ գտնում, երբ հայրենիքի պատկերը «կապում են» այս կամ այն կուսակցական դեմքերի ու խմբերի հետ, սկսում վատաբանել այն։ Ինչ էլ որ լինիՙ աշխարհի ամենալավ երկիրը Հայաստանն է։ Եկեք նախ «սիրենք զմիմեանս», ապա «չսիրելու» խնդիր ունենալու դեպքում էլ չաղճատենք մեր միակ մորՙ Հայաստանի դեմքը, չփնովենք մեզ ու մեր երկիրը։ Մեծերի սիրով ապրենք։ Եթե Չարենցը այնքան խորը չսիրեր Հայաստանը, կծնվե՞ր «Ես իմ անուշը»... Մեծ արվեստը մեծ սիրուց է ծնվում։

¬ Հնարավո՞ր եք գտնում, որ գրողների հաջորդ համահայկական խորհրդաժողովը կազմակերպվի Արցախում։

¬ Միանգամա՛յն։ Բոլոր դեպքերում միջոցառման ծրագրի մեջ Արցախն ընդգրկելը, ինչպես, ասենք, Սեւանը, Ծաղկաձորը, Օշականը, կարեւոր է։ Եվ դա ոչ թե միայն պիտի դիտել որպես ցանկություն, այլ ավելի շուտՙ անհրաժեշտություն։ Գրողների խորհրդաժողովը մեծ երեւույթ եղավ մեր հոգեւոր կյանքում, աննախադեպ։ Հայոց հողի վրա պիտի հաճախակի կազմակերպել նման համահավաքներՙ ոչ միայն գրական խնդիրներ լուծելու համար։ Դրանք շատ կարեւոր են բազմաթիվ առումներով։ Երեւույթը պիտի դիտել որպես ազգային հոգեւոր ուժերի կենտրոնացում ու վերադասավորումՙ ժամանակին ու խնդիրներին համապատասխան։ Միասին ու միաբան լինելը ռազմավարական անգնահատելի նշանակություն ունի։ Մանավանդՙ երկիր Հայաստանը փոքրիկ է այնքան, որ կրակի առաջին գիծ են ոչ միայն սահմանները, այլ նաեւ թիկունքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4