ԼՂՀ վարչապետն ամփոփեց կառավարության եռամյա գործունեությունը
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Հուլիսի 26-ին ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը հրավիրեց մամուլի ասուլիս, որը նվիրված էր իր գլխավորած կառավարության եռամյա գործունեությանը։ Վարչապետի ելույթը յուրօրինակ հաշվետվություն էր լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջ եւ մանրամասնորեն արտացոլում էր բարեփոխումների այն համընդգրկուն ծրագիրը, որը 1999 թ. նախաձեռնել էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանըՙ իր որդեգրած քաղաքական նոր կուրսով։ Համադրության մեջ դիտարկելով բարեփոխումների անհրաժեշտությունը, Ա. Դանիելյանը նշեց, որ մինչեւ 1999 թվականը ներառյալՙ ԼՂՀ-ում օտարերկրյա ներդրումներ չէին կատարվում, չկային այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր։ Տարված սխալ տնտեսական քաղաքականության հետեւանքով ճգնաժամի մեջ էին հայտնվել արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, իսկ էներգետիկան եւ գազիֆիկացման համակարգը հայտնվել էին աղետալի վիճակում։ Ընդամենը երկու տարում իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավոր եղավ ոչ միայն կասեցնել արդյունաբերության անկումը, այլեւ ապահովել կտրուկ աճՙ (89-120 տոկոս)։ Ընթացիկ տարվա 5 ամսվա արդյունքներով, առաջանցիկ տեմպը դարձյալ առկա էՙ 113 տոկոս աճ։
Արտահանումը, 2002 թ. 5 ամսվա տվյալներով, աճել է շուրջ 4.4 անգամ, ընդ որումՙ ոչ միայն ԱՊՀ, այլեւ մեծամասամբ հեռավոր արտասահման։ Միջին աշխատավարձը 1999 թ. 23.000 դրամից ներկա դրությամբ հասցվել է 28.000 դրամի։
Լուրջ հաջողություններ են արձանագրվել նաեւ շինարարության բնագավառում, որոնք ապահովվել են բնակչության եւ կազմակերպությունների եկամուտների աճի, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումների կտրուկ ավելացման շնորհիվ։ Մասնավորապես, բնակչության միջոցների հաշվին շինարարությունը 2002 թ. առաջին կիսամյակում աճել է 4.7 անգամ, իսկ օտարերկրյա ներդրումների ու կազմակերպությունների միջոցների հաշվին աճը կազմել է համապատասխանաբար 210 եւ 290 տոկոս։
Ա. Դանիելյանը անդրադարձավ նաեւ բանկային համակարգի ցուցանիշներին։ «Արցախբանկում» ժամկետային ավանդներն անցած երկուսուկես տարում ավելացել են 3.5 անգամ, կազմելով 3.9 մլրդ դրամ, իսկ ցպահանջ ավանդներըՙ 2.2 անգամ (3.1 մլրդ դրամ)։ «Արցախբանկի» վարկային ներդրումները եւս զգալիորեն աճել են։ Ամենաշատ վարկերը տրվել են գյուղատնտեսության բնագավառում, ընդ որում, ապահովելով ներդրումների շեշտակի աճՙ 5.7 անգամ ավելի, քան 2000 թվականին։ Վարկեր են ներդրվել նաեւ արդյունաբերության, շինարարության, առեւտրի ու ծառայությունների ոլորտներումՙ միջինը 3.5 անգամ աճով։ «Արցախբանկի» հնարավորությունների այս աննախադեպ աճին, Ա. Դանիելյանի հավաստմամբ, հնարավոր եղավ հասնել բանկի մասնավորեցումից հետո։ Այժմ, «Արցախբանկում» արված ուղղակի ներդրումների հաշվին, ընդհանուր ակտիվները կազմում են 8452 մլն դրամ։ Կանոնադրական կապիտալն աճել է 3.2 անգամ, կազմելով 904 մլն դրամ։ Բանկի համար հուսալի վարկային ռեսուրսի աղբյուր է նաեւ կառավարության կողմից իրականացվող բազմազավակության խթանման ծրագիրը, որը բանկի ակտիվները հավելում է եւս 300-350 մլն դրամով։ 2000¬2002 թթ. իրականացվող տնտեսական բարեփոխումների հիմնական ուղղությունները ենթադրում էին արտաքին ներդնողների ներգրավում եւ այդ նպատակով բարենպաստ ու գրավիչ պայմանների ստեղծում, ինչպես նաեւ էներգետիկ, ջրային, հողային ու հանքահումքային ռեսուրսների լիարժեք ու արդյունավետ օգտագործում։ Ժամանակին մշակվել է հարկային դաշտի արմատական բարեփոխումների ծրագիր, որը նախատեսում էր բոլոր հարկատեսակների դրույքաչափերի կտրուկ իջեցում։ Շնորհիվ այն բանի, որ այդ ծրագիրը կազմված էր լուրջ ու իրատեսական հաշվարկներով, հաջողվեց իրականացնել այն, նշեց վարչապետը։ Ըստ էության, ԼՂՀ-ում 1999-ին գործող շահութահարկի 25 տոկոսանոց դրույքաչափն իջեցվեց մինչեւ 5 տոկոս, իսկ եկամտահարկի դրույքաչափըՙ շուրջ 6 անգամ (30¬5)։ Հարկային բարեփոխումները հանգեցրին նրան, որ չազդելով հանրապետության սոցիալական ոլորտի վրա, ապահովվեց սեփական եկամուտների աճը։ Վարչապետը համադրական վերլուծությամբ այդ աճը նշեց 16 տոկոս։ Ա. Դանիելյանի վկայությամբ, զգալիորեն աճել են սոցիալական ոլորտի ծախսերը։ Այսպես, կրթության եւ գիտության բնագավառում դրանք կազմել են, 1999¬2002 թվականների համադրությամբ, 1645 մլն եւ 1880 մլն դրամ, առողջապահության բնագավառում, համապատասխանաբար, 448 մլն եւ 786 մլն դրամ, սոցիալական ապահովության ոլորտումՙ 171 մլն եւ 3975 մլն դրամ, մշակույթի ոլորտումՙ 229 մլն եւ 454 մլն դրամ։ ԼՂՀ-ում ամենահեռանկարային համարվող ճյուղերից մեկումՙ էներգետիկայի համակարգում, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու շնորհիվ, նույնպես լուրջ առաջընթաց է արձանագրվել։ Իրավաբանական անձի կարգավիճակով 5 իրարից անկախ բաշխիչ ցանցերը միավորվել ենՙ վերակազմավորվելով ՊՓԲԸ-ի։ Այսօր «Արցախէներգոն» դարձել է շահութաբեր ձեռնարկություն։ 2001 թ., օրինակ, ընկերությունը ստացել է 225 մլն դրամ շահույթ։ Առավել վատ վիճակում էր «Արցախգազ» ՊՓԲԸ-ն։ 1999 թ. դրությամբ, ավելի քան 400 մլն դրամ պարտք ունեցող ընկերության առողջացման նպատակով, կառավարության կողմից մշակվել է ծրագիր, որը պետք է ավարտվի 2007 թվականին։ Այսօր արդեն, այդ ծրագրի իրականացման ընթացքում, շոշափելի արդյունքներն առկա են։ Ներկա դրությամբ, Արցախում գազիֆիկացվել է 13000 բնակարան, վերականգնվել է բարձր ճնշման մոտ 130 կմ եւ ցածր ճնշման 200 կմ գազատարների ցանց։ 1999¬2002 թթ. ժամանակահատվածում համակարգում ներդրումները գերազանցել են 1.1 մլրդ դրամը։
Վարչապետը ցավով նշեց հողի սեփականաշնորհման ժամանակ թույլ տված սխալները, որը մեկնարկել էր դեռեւս 1998 թվականին։ Նա տեղեկացրեց, որ համակարգը վերականգնելու եւ առաջիկա տարիներին գյուղատնտեսության ծավալները կտրուկ մեծացնելու ուղղությամբ այսօր հանրապետությունում իրականացվում են հայեցակարգային ծրագրեր։ Ա. Դանիելյանը ուրախությամբ նշեց, որ այս տարի Արցախում հացահատիկի ռեկորդային բերք է սպասվում, որի 60 տոկոսն արդեն հավաքված է։ Գյուղատնտեսական արտադրանքի աճը, ըստ վարչապետի, այս տարի ակնկալվում է նվազագույնը 130 տոկոս։ Վարչապետը, անդրադառնալով ԼՂՀ-ում կատարված ներդրումներին, ասաց, որ այդ թիվն արդեն գերազանցում է 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափը։ Իսկ ներդնողների աշխարհագրությունը լայն էՙ ԱՄՆ, Ավստրալիա, եվրոպական եւ ասիական երկրներ, մերձավոր արտասահման։ Նա նշեց ավելի քան երեք տասնյակ ընկերություններ եւ կազմակերպություններ, որոնք արդեն զգալի ներդրումներ են կատարել Արցախում։ Ա. Դանիելյանը չշրջանցեց նաեւ ժողովրդագրական ցուցանիշները։ Ըստ ներկայացված տվյալների, եթե 1999 թ. ԼՂՀ-ում ծնվել է 1645 երեխա, ապա 2001 թ.ՙ 2306 երեխա։ Արձանագրվել է նաեւ բնական եւ մեխանիկական հավելաճ, իսկ ընդհանուր աճի տարբերությունը, համեմատական ժամանակաշրջանում, կազմել է եռակի ավելի։ Վարչապետը միաժամանակ ասաց, որ չնայած տնտեսության աճի ցուցանիշները տպավորիչ են, այդուհանդերձ, անկումն այնքան խորն է եղել, որ առնվազն եւս 3¬5 տարի է պետք, որպեսզի ժողովուրդը լիարժեք զգա տնտեսության վերելքը։ Ա. Դանիելյանի կարծիքով, կառուցվածքային բարեփոխումներն իրենց տեմպերով զիջում են տնտեսական բարեփոխումներին, որն ունի ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ։
Այնուհետեւ վարչապետը պատասխանեց լրագրողների տված հարցերին։ «Ազգ»-ի թղթակցի հարցը վերաբերում էր ներդրումային քաղաքականությանը. արդյոք արդյունավե՞տ է օգտագործվում ՌԴ-ում բնակվողՙ ծնունդով արցախցի գործարարների ներուժը ներդրումների առումով։ Համաձայնելով, որ իրո՛ք, ՌԴ-ում քիչ չկան արցախածնունդ գործարարներ, Ա. Դանիելյանը խոստովանեց, որ նրանց ներուժը համարյա չի օգտագործվում։ Նա ցավով արձանագրեց, որ թույլ է կապն ընդհանրապես ռուսահայ համայնքների հետ, մինչդեռ վերջիններիս ներգրավումը Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրներում կարող է շատ շահեկան լինել ԼՂՀ-ի համար։ Նա խոստացավ այդ ուղղությամբ առաջիկայում էական քայլեր ձեռնարկելՙ պարբերաբար ՌԴ տարբեր տարածաշրջաններ գործուղելով խնդրով շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների։