«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2002-07-25 | #139, 2002-07-26 | #140, 2002-07-27


ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ ՉԷ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԻ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հրապարակեց 2002 թ. ամենամյա հերթական զեկուցագիրը։ «Ազգը» ԻՏԱՌ¬ՏԱՍՍ գործակալության հաղորդագրությամբ անդրադարձավ զեկուցագրին։ Դրան հուլիսի 25-ի համարում անդրադառնում է նաեւ թուրքական «Ռադիքալը»։ Հատկանշական է, որ եթե ԻՏԱՌ¬ՏԱՍՍ-ը շրջանցում է ըստ մարդկային զարգացման ցուցիչի դասակարգված 173 պետությունների մեջ «կյանքի որակով» Թուրքիայի զբաղեցրած տեղը, ապա «Ռադիքալն» այդ տեղի հետ նշում է, թե ո՞ր տեղն է զբաղեցրել Հայաստանը եւ դրանք համեմատում։

Համեմատությունն ինքնանպատակ չէ։ «Ռադիքալը» դրանով փորձում է ցույց տալ, որ կենսամակարդակով Թուրքիան նաեւ Հայաստանին է զիջում։ Քանի որ զիջումը երկրում սոցիալ-տնտեսական անկում է նշանակում, ուստի թուրքական թերթն ահազանգում է անկման մասին։ Սա թուրք հասարակության զգոնության առումով կարեւոր հանգամանք է։ Կարեւոր է նաեւ հայ հասարակության համար, հատկապես, երբ ԱՄՆ Պետքարտուղարության շահագրգռություններին տուրք տվող սփյուռքահայ որոշ գիտնականներ Թուրքիայի հակահայկական դիրքորոշումը ողջամտորեն շրջանցելու հարկադրանքի տակ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարն անընդհատ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ են պայմանավորում, իսկ հհշական ուժերը ոչ մի կերպ չեն դադարում ճչալ, թե Հայաստանն իբր մեկուսացել է։

Վերջիններիս պարագայում մեկուսացումը ենթադրում է Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը։ Այս պայմաններում նրանք նույնպես անտեսում են թուրքական պետության հակահայկական դիրքորոշումը։ Ուրեմն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի շահագրգռություններին ավելի քան տուրք են տալիս հհշական ուժերը։ Այն տարբերությամբ, որ եթե տուրք տալը սփյուռքահայ որոշ գիտնականների առջեւ բացում է ամերիկյան պետական կառույցների բարեհաճ վերաբերմունքին արժանանալու հեռանկարը, ապա դա հհշական ուժերի համար դառնում է քաղաքական ասպարեզում մնալու թերեւս միակ միջոցը։ Այդ ընթացքում ինքնաբերաբար Հայաստանի օրակարգից դուրս է մղվում Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու նպատակահարմարության հարցը։

«Ազգը» բազմիցս գրել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների համառ մերժումը ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի անկախ պետականության իրավունքի մերժում, իսկ երկարատեւ շրջափակումըՙ նրա քայքայման պետական ծրագրի առկայություն։ Հարցը, սակայն, սոսկ քաղաքականությունը չէ, ոչ էլ ծրագիրը, այլ Թուրքիայի սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը եւ դրա անհամաչափությունը թուրքական քաղաքական շրջանակների համար կարգախոս դարձած այն բացականչությունների հետ, թե հայ-թուրքական հարաբերությունների կարիքն իբր Հայաստանն ունի։

Կարիքի մասին պատկերացում կազմելու համար կարելի է անդրադառնալ «Ռադիքալին», որտեղ թերթը մտահոգություն է հայտնում, որ Թուրքիան կենսամակարդակի անկումով հետզհետե կանգնում է երրորդ աշխարհի երկրների շարքում։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում ընդգրկված 173 պետություններ, ըստ «կյանքի որակի», բաժանվում ենՙ բարձր, միջին եւ ցածր կենսամակարդակ ունեցող խմբերի։ Ելակետ ընդունելով դա, «Ռադիքալը» գրում է, որ ՄԱԿ-ի 2002 թ. զեկուցագրի համաձայն, Թուրքիան նախորդ տարվա համեմատ 3 աստիճան նահանջել եւ «կյանքի որակով» հայտնվել է 85-րդ տեղում։ Ինչը ցածր կենսամակարդակի ցուցանիշ է։ Մինչդեռ մեկ տարի առաջՙ 2001 թ.-ին, 82-րդ տեղով նա միջին կենսամակարդակի խմբում էր։

«Ռադիքալը» մտահոգությամբ էր նշում, որ, ըստ մարդկային զարգացման ցուցչի, Թուրքիային հաջողվել է առաջ անցնել միայն այնպիսի երկրներից, ինչպիսիք են 87-րդ տեղն զբաղեցրած Թուրքմենստանը, 97-րդՙ Թունիսը, 98-րդՙ Իրանը եւ 105-րդՙ Մոլդովան։ «Ռադիքալի» մտահոգությունը հիասթափության է վերածվում, երբ Հունաստանը 24-րդ տեղով, Կիպրոսըՙ 26-րդով, Չիլինՙ 28-րդով, Խորվաթիանՙ 48-րդով, ինչպես նաեւ միջին կենսամակարդակի խմբում հայտնված Կուբան 55-րդով, Մալայզիանՙ 59-րդով, Բուլղարիանՙ 62-րդով, Լիբիանՙ 64-րդով եւ Հայաստանըՙ 76-րդով գերազանցում են Թուրքիային։

Մենք մեր կողմից նշենք, որ, ըստ «կյանքի որակի», Թուրքիային 78-րդ տեղով Ղազախստանը, 80-րդովՙ Ուկրաինան եւ 87-րդովՙ նույնիսկ Վրաստանն են գերազանցում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա 88-րդ տեղում է։ ՄԱԿ-ի մարդկային զարգացման վերոհիշյալ ծրագրի զեկուցագիրը, կարծում ենք, հստակ պատկերացում է տալիս վերջին մեկ տարում Թուրքիայի կենսամակարդակի զգալի անկման մասին։ Ի դեպ, այդ մասին բացի ծրագրից, որտեղ միաժամանակ նշվում է, որ երկրում անգրագետները բնակչության 14,9 տոկոսն են կազմում, իսկ դա թուրք կանանց շրջանում հասնում է 28 տոկոսի, որոնց 78 տոկոսը դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարում, վկայում են նաեւ երկրի տնտեսական ցուցանիշները։ Թերեւս դրանցից կարեւորագույնը տնտեսական աճի ցուցանիշն է, ինչպես նաեւ ազգային եկամտի ծավալները։

Սրանք մասնավոր խնդիրներ են։ Պարզապես նշենք, որ 2001 թ. փետրվարից մինչեւ 2002 փետրվարն ընկած ժամանակահատվածում, ինչպես 2002 թ. փետրվարի 19-ի համարում վկայում է «Հյուրիեթը», թուրքական տնտեսության աճը կազմել է -9 տոկոս, որը 9 տոկոսով նահանջ է նշանակում։ Դեռ ավելին, մեկ տարվա ընթացքում փակվել են 19 բանկ ու 125 հազար ձեռնարկություն։ Ինչ վերաբերում է երկրի ազգային եկամտին, ապա դա, Թուրքիայի ֆինանսական նախարարության տվյալներով, 202 մլրդ դոլարից կրճատվել եւ հասել է 149 մլրդ-ի։

Անկախ որդեգրած թշնամական քաղաքականությունից, Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի պայմանավորումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ անհեթեթություն է։ Ինչ վերաբերում է նպատակահարմարությանը, ապա դրան էլ պատասխանում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2002 թ. զեկուցագիրը, ըստ որի, Հայաստանը դասակարգվում է միջին, իսկ Թուրքիանՙ ցածր զարգացածության խմբերում։ Գաղտնիք չէ, որ հանուն վերոհիշյալ գիտնականների եւ ուժերի շահերի, Հայաստանը չի կարող ընդունել դիվանագիտական հարաբերությունների համար առաջադրվող թուրքական նախապայմանները։ Մնում է, որ վերջիններս ընդունեն իրենց անհեթեթությունը եւ վերջ տան ինչպես Հայաստանի հեռանկարի, այնպես էլ մեկուսացման մասին միանգամայն ավելորդ ճչոցներին, որովհետեւ ԱՄՆ Պետքարտուղարության շահագրգռություններին տուրք տալով, ճչացողներն արդեն որոշակի հեռանկարի տեր են դարձել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4