«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2002-07-25 | #139, 2002-07-26 | #140, 2002-07-27


«ԳԱԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՙ ԵՍ ՄԻ ՔԻՉ ՎԱԽԵՑԱԾ ԵՄ»

Ասում է Եվրախորհրդի մոնիտորինգի խմբի զեկուցող Անդրեաս Գրոսը

Եվրախորհրդի մոնիտորինգի խմբի Ադրբեջանի հարցով զեկուցող, շվեյցարացի սոցիալ-դեմոկրատ Անդրեաս Գրոսը համաձայնել է հարցազրույց տալ Բաքվում լույս տեսնող «Էխո» թերթին, պայմանով, որ հարցազրույցը տպագրվի Ադրբեջանից իր հեռանալուց հետո։ «Վերջին շրջանում շատ մարդիկ իմ հանդեպ խիստ ագրեսիվ են տրամադրված։ Իշխանություններն ինձ տրամադրեցին երկու թիկնապահներ, որոնք իրենց գործը շատ լավ կատարեցին։ Եվրախորհրդում աշխատում եմ 7¬8 տարի եւ սովորաբար որեւէ բանից չեմ վախենում։ Գալով Ադրբեջանՙ ես մի քիչ վախեցած եմ», ասել է Գրոսը։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իշխանությունները Գրոսին մեղադրում են Ադրբեջանի անունը սեւացնելու մեջ, եւ Եվրախորհրդի պաշտոնյայի այցը մինչեւ վերջին պահը հարցականի տակ էր։ Օրինակ, ժողովրդավար, մարդու իրավունքների մեծ պաշտպան Հեյդար Ալիեւն ասում էր, թե չի ուզում լսել Գրոսի անունը եւ տեսնել նրան։ «Ինչպես գիտեք, մեզ մոտ կա Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների 700 հոգանոց ցուցակը, որոնցից 400-ն արդեն ազատ է արձակվել։ Այդուհանդերձ, բանտերում դեռ քաղաքական բանտարկյալներ կան։ Տագնապալի փաստերի եմ ականջալուր լինում։ Օրինակ, երկու օր առաջ երեք տարի ժամկետով բանտարկվել է Դեմոկրատական կուսակցության ակտիվիստ Ֆաինա Կունգուրովան։ Ամենատագնապալին այն է, որ Կունգուրովան ենթադրաբար ազգությամբ հայ է», ասել է Գրոսը։ «Սա իմ վեցերորդ այցելությունն է Ադրբեջան։ Ոչ մի անգամ չեմ կարողացել հանդիպել նախագահ Ալիեւին, ասում ենՙ հիվանդ է։ Այս անգամ ցանկանում էի Նարդարան գնալ, բայց իշխանությունները չերաշխավորեցին իմ անվտանգությունը», «Էխոյի» հարցազրույցում նշել է Գրոսը։

Հիշեցնենք, որ Նարդարանը Բաքվից ոչ հեռու գտնվող բնակավայր է, որտեղ հուլիսի 3-ին տեղի էին ունեցել զինված բախումներ տեղացիների եւ իրավապահ մարմինների միջեւ։ Ըստ որոշ տեղեկությունների, Նարդարանն անցել է իսլամ ծայրահեղականների ազդեցության տակ, չի ենթարկվում Բաքվի իշխանություններին։

Անդրեաս Գրոսը, պատասխանելով «Էխոյի» հարցին, թե ինչ պատժամիջոցներ կկիրառի Եվրախորհուրդը, եթե Ադրբեջանի իշխանությունները որոշեն օգոստոսի 24-ին անցկացնել սահմանադրական հանրաքվե, ասել է, որ պատժամիջոցները լավագույն ընտրությունը չեն, քանզի այդ դեպքում Ադրբեջանն ավելի կմեկուսացվի, իսկ երկրում ժողովրդավարության առաջընթացի հույսերն ավելի կաղոտանան։

Հիշեցնենք, որ Եվրախորհուրդն ու ԱՄՆ-ն Հեյդար Ալիեւին հորդորել են հետաձգել օգոստոսի 24-ի սահմանադրական հանրաքվեն, իսկ Ադրբեջանի ընդդիմությունը որոշել է բոյկոտել այն։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4