«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2002-07-25 | #139, 2002-07-26 | #140, 2002-07-27


74-ԱՄՅԱ ՄԱԵՍՏՐՈ ՀՈՎՀ. ՉԵՔԻՋՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների քրեական եւ զինվորական գործերով առաջին ատյանի դատարանը երեկ սկսեց քննել ՀՀ ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի հայցն ընդդեմ նույն երգչախմբի երգչուհի Անահիտ Սարգսյանի։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մասին քրեական հոդվածներով։

Դատարանում ցուցմունք տվեցին մի շարք վկաներ։ Երգչախմբիՙ որպես վկա հանդես եկող մի քանի երգչուհիներ դատարանին հայտնեցին, որ ամբաստանյալ Անահիտ Սարգսյանը մի որոշ ժամանակ բացակայել է աշխատանքից, ներկայացրել է բժշկի տված անաշխատունակության թերթիկ եւ միեւնույն ժամանակ մեկնել է Դուբայ։

Այս տարվա ապրիլի 22-ին, երգչախմբի հերթական փորձի ժամանակ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը բոլորի ներկայությամբ Անահիտ Սարգսյանին հայտնել է աշխատանքից ազատված լինելու մասինՙ անհարգելի բացակայությունների պատճառաբանությամբ։

Ազատման հրամանը լսելուց հետո Անահիտ Սարգսյանը, ինչպես արտահայտվեց վկա Անահիտ Քյուրքչյանը, «ելույթ» է ունեցելՙ Հովհաննես Չեքիջյանին անվանելով գող, սրիկա, անամոթ եւ էլի ինչ-որ բաներ։

Որպես վկա դատարան էր ներկայացել նաեւ ամբաստանյալ Անահիտ Սարգսյանի ընկերուհին։ Նա նշեց, որ մինչեւ Դուբայ մեկնելը (որի մասին ինքը չի իմացել) Անահիտը լավ չէր զգում, եւ նրանք միասին գնացել են բժշկի։ Տեղամասային բժիշկը տեղում չի եղել, ուստի դիմել են ընկերուհու ծանոթ բժշկին։ Վերջինս խորհուրդ է տվել առանձնանալ միջավայրից, սակայն անաշխատունակության թերթիկ չի վերցվել։ 3 օր անց վկային զանգել է ամբաստանյալի քույրը եւ հայտնել, թե Անահիտին տանում է Աբովյան, միեւնույն ժամանակ խնդրելով, որ ընկերուհին բժշկի կանչ գրիՙ անաշխատունակության թերթիկ վերցնելու համար։

Այս վկան մեղադրողի եւ նախագահող դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի կողմից զգուշացվեց, որ նման գործողությունների, այսինքնՙ կեղծ փաստաթուղթ ստանալուն մասնակցելու համար ինքը կարող է ենթարկվել պատասխանատվության։

Դատակոչված վկաներին լսելուց հետո Անահիտ Սարգսյանի պաշտպանը միջնորդեց լսել եւս երկու վկայի ցուցմունքները։ Մինչ վկաներից մեկըՙ երգչախմբի երգիչ Կարպիս Մանուկյանը ցուցմունք էր տալիս, մյուս վկան դահլիճում էր, ինչի համար էլ դատարանը նրա մասով միջնորդությունը մերժեց։

Կարպիս Մանուկյանն ընդարձակ ելույթ ունեցավՙ ներկայացնելով, ըստ իր կարծիքի, եղածի նախապատմությունը։ Նա ապրիլի 22-ին պատահածը որակեց սադրանք։

Ամբաստանյալն իր ցուցմունքում համաձայնեց պատահածի նման որակմանը։ Նա նշեց, որ, իսկապես, անաշխատունակության թերթիկ վերցնելու կարիք չկար, իսկ հասցված վիրավորանքի համար զղջում է։

Ինչ վերաբերում է դատարանում Հովհաննես Չեքիջյանի հասցեին ուղղված որոշ մեղադրանքներին (հեռացման հրամանի անօրինականություն, հովանավորչական գումարների ոչ ճիշտ տնօրինում), ապա դատավոր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ դրանք տվյալ գործին չեն վերաբերում։

Դատավարությունը կշարունակվի հուլիսի 30-ինՙ մեղադրական եւ պաշտպանական ճառերով։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4