ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ, Հայաստանի ժողովրդական նկարիչ
Ինչ է նշանակում այդ մի հատիկ բառը, որ ասելիս անգամ թշշոց ես լսում, կարծես մոտեցող սողուն լինի, օձի նման. թշշշնամի։ Սակայն տես, որ ամեն տեղ ինքը կա։ Ինչից է գոյանում այդ թշնամին։ Երեւի թե նախանձի մաղձից, թույնից, կամ մի ուրիշ գարշելի բանից եւ ի վերջոՙ աչքածակությունից։ Եվ փուչ խոսակցություն է, երբ ասում են բարի նախանձ։ Չկա այդ բարին, նախանձը նախանձ է եւ եթե նախանձող ես վաստակել, ուրեմն թշնամիդ կա։ Օ՜, այդ «բարի նախանձը», որ կուտակվում, շատանում, թունոտ մաղձ է դառնում ու պրծում չկա այդ «բարի մաղձ-նախանձից»։ Եվ եթե ընկերդ է, որ մոռացել է Ջիվանու պատվիրաններըՙ «բարի, գեղեցիկ, առաքինի ընկեր...», ուրեմն փախիր այդ ընկերոջից, ինչպես կփախչես բորոտից։ Իսկ եթե հարեւանդ էՙ ճար մի փնտրիր, տունդ փոխիր անմիջապես. նրա «սիրելի» խոսքից, հայացքից մի օր թունավորվելու ես հաստատ։ Իսկ եթե պետություն ես եւ ինչ-որ տարածք ես զբաղեցնում Մասիսի հովանու տակՙ ի՞նչ անես, ո՞ւր գնաս։ Չէ՞ որ այդ հողի վրա են ապրել մեր նախնիները հազար-հազար տարիՙ ջրհեղեղից առաջ էլ, երբ այդ տարածքը տասն անգամ ավելին էր ներկայիս եղածից։ Անհնարին բան է։ Ի՞նչ է մնացել մեր պապենական հողերից, որ այդ էլ թողնենք։
Այգեկցին մի զարմանալի առակ ունի մարդու եւ օձի «ընկերության» մասին։ Եվ քանի որ հիմա կարդալու նկատմամբ մարդիկ մի քիչ ժլատ են, կարճ պատմեմ այդ պատմությունը։ Մի թագավոր ընկերություն է անում օձի հետ։ Թագավորի որդին խաղի ժամանակ, այսօրվա դատական տերմիններով ասած, անզգուշորեն կտրում է օձի պոչը։ Օձն էլ նույն ձեւով խայթում եւ սպանում է տղային։ Սողունին մնում է հեռանալը։ Երբ թագավորը տեսնում է մահացած որդուն եւ օձի կտրված պոչը, հասկանում է պատահածը։ Միառժամանակ հետո նա կանչում է օձինՙ շարունակելու իրենց բարեկամությունը։ Օձը, որ թագավորից խելոք էր, պատասխանում է, որ դա լինելու բան չէ, որովհետեւ ինքը միշտ հիշելու է իր պոչը, իսկ թագավորնՙ իր որդուն, ուրեմն թշնամությունը չի վերանա, լավն այն է, որ իրենք հնարավորինս հեռու մնան իրարից, որպեսզի այլ մեծագույն չարիք չծնվի։
Այգեկցին, ինչպես շատ առակագիրներ, ոչինչ հենց այնպես չի գրել։ Նրա բոլոր առակները խորքային իմաստ ունեն եւ այս դեպքում առավել քան։ Եվ այնքան պարզ ու հասկանալի է, որ անգամ հարկ չկա «առակս զինչ ցուցանե»-ի։ Եվ առակն էլ կարծես կոնկրետ վերաբերում է Ալիեւի եւ Քոչարյանի յուրաքանչյուր հանդիպմանը։ Այնուամենայնիվ, առակս զի՜նչ ցուցանե։ Չէ՞ որ եթե Ալիեւն ու Քոչարյանը նավթ սիրող տերությունների «խորհրդով» նորից ու նորից հանդիպեն եւ խորհրդակցեն, միեւնույն է, Ալիեւը հիշելու է իր «կտրած պոչը», իսկ Քոչարյանը չպիտի մոռանա եւ իրավունք էլ չունի մոռանալու կռվում ընկած անմեղ զոհերին։ Ուրեմն էլ ինչ զիջումների մասին կարող է խոսք լինել, եթե դարձյալ այդ հարցն է շոշափվելու։ Անկարայի էֆենդիների պահանջով Ղարաբաղը պիտի նորից հրամցվի Ադրբեջանին։ Չես ասի, թե հիմար են, բայց չէ՞ որ հենց նրանց կարգախոսն է, որ արյունով վերցվածը հետ տալ չի կարելի։ Թե՞ դա միայն էֆենդիների մենաշնորհն է։ Տեր Աստված, այս էլ որերորդ անգամ ինչ պիտի խոսեն Ալիեւն ու Քոչարյանը եւ ինչ փոխզիջումների մասին, երբ երկուսն էլ ահռելի բան ունեն հիշելու եւ հիշում են կարծես։ Հիշողություն կոչվածը ոչ միայն թուրքը պետք է ունենա, այլեւ առաջին հերթին հայը պիտի չմոռանա անցյալը։ Այգեկցու վերոհիշյալ առակը թերեւս հարկավոր է շրջանակի մեջ վերցնել եւ կախել յուրաքանչյուր հայի տանը, ամենաերեւացող տեղում, որպեսզի ամեն անգամ տեսնելիս հիշենք։ Հիշենք ու երբեք չմոռանանք։ Եվ ինչ պետք է զիջի Ղարաբաղն Ադրբեջանինՙ իր ազատագրած պապենական հողե՞րը, ո՞ր մասը եւ ինչո՞ւ։ Մի՞թե կարելի է արյունով վերադարձրած սեփական հողը կրկին նվիրել թուրքին։ Իսկ ի՞նչ պատասխան պիտի տանք հազարավոր ղարաբաղցիներին եւ Եռաբլուրում հանգչող երիտասարդներին։ Ովքե՞ր էին, ինչո՞ւ զոհվեցին, հարցրե՞լ ենք նրանց մայրերին, քույրերին, որբերին, այրիներին։ Հարցրե՞լ ենք ժողովրդին, որը քանի տարի մութ ու ցուրտ տեսավ, սով տեսավ Ղարաբաղի ազատության համար։ Չենք հարցրել, եւ սակայն, ինչ որ անում ենք նրաՙ այդ ժողովրդի անունից ենք անում։ Ինչպես այսօր ինչ-որ հանձնաժողով առանց ժողովրդի կամքը հարցնելու, առանց պետության կողմից երաշխավորված լինելու բանակցում է թուրքերի հետ։
Իսկ հիմա էլ խոսվում է սահմանը բացելու մասին։ Բացում են սահմանը եւ հրավիրում տեսնելու Անին, Կարսը, Մուշը, Ալաշկերտը, Սասունը, տուրիզմ են զարգացնում։ Եվ մի ոմն ստով խաբված քեզ կբացատրի, թե իբր Անին կառուցել են մոնղոլները, որ ապրել են հարյուր հազար բնակիչներ, չի ասի հայերՙ կասի, որ Կարսի բերդը շինել են սելջուկները, եւ այսպես շարունակ։ Նրանք ուզում են, որ հայը վարժվի, ընտելանա իր հայրենիքը կեղծված, թլպատված տեսնելուն։ Նաեւ ուզում են իրենց փտած ապրանքներն իրացնել։ Իսկ հանուն ինչի՞ բացել սահմանըՙ հանուն չարչիական առեւտրի՞։ Մինչ այդ հաշվենք, թե քանի միլիոնների վնաս են հասցրել մեզ այդ թշնամիները։ Եվ նրանք կծիծաղեն մեզ վրա։ Կծիծաղեն, որովհետեւ մոռացկոտ ենք դարձել, հիշողությունից զրկվել ենք։ Ու եթե տեղի տանքՙ ուրեմն կորցրել ենք մեր արժանապատվությունը, ուրեմն մանկուրտ ենք, ինչպես կասեր Զինգիզ Այթմատովը։
Մենք թշնամիներ ունեցել ենք, եւ նրանք այսօր էլ կանՙ մեր հարեւաններն են։ Եվ այդ թշնամիների դեմ ամբողջ կյանքում կռված Անդրանիկն իր ժամանակի պետական այրերին պատվիրել էր, որ երբեք չհավատան թուրքին, որին այսօր մենք քանի տարի «խնդրում ենք», որ ճանաչի իր արած տմարդությունը, հրեշավոր գազանությունը, հայկական սպանդը։ Եվ ումի՞ց ենք պահանջումՙ թուրքից, որն առոք-փառոք նստել է մեր ունեցածի վրա։ Չէ՞ որ Եվրոպան առանց դրա էլ խոստանում է նրան իր գիրկն ընդունել։
Երբ նայում ենք մեր պատմությանը, տեսնում ենք, որ Հայաստանի համար դժվարին պահերին թշնամին միշտ պատրաստ է եղել, բարի նախանձոտ հարեւան է, չէ՞։ Եթե չենք կորցրել հիշողությունը, ապա պիտի հիշենք անցած դարասկիզբը, երբ քայքայվեց Սեյմը, եւ Ադրբեջանում մուսավաթականները, իսկ Վրաստանում մենշեւիկները դարձան կառավարության տեր։ Նրանց առաջին խնդիրը եղավ աչքերը չռել Հայաստանի վրա։ Մուսավաթ բեկերի անմիջական աջակցությամբ Հայաստանի թուրքերը գլուխ բարձրացրին Վեդիում, Շամշադինում, Եղեգնաձորում, Նախիջեւանում եւ այլուր ու անցան ակտիվ գործունեության։ Իսկ վրացիները մտան Լոռի։ Նրանք արդեն հասցրել էին պայմանագիր կապել թուրքերի եւ գերմանացիների հետ, այսօր էլ հրավիրել են ամերիկացիներին ու դարձյալ դաշնակցում են թուրքերի հետ։ Բայց դարասկզբին երկուսն էլ արժանի հակահարված ստանալով հետ քաշվեցին։ Հարվածը կազմակերպողը Դրոն էր, որ երկու ճակատներում էլ այնպիսի դաս տվեց նախկին Սեյմի անդամներին, որ առժամանակ դադարեցին իրենց հարեւանի հող ու ջրին թարս նայել։ Այդպես էՙ թշնամին մնում է թշնամի, բայց չկա չարիք առանց բարիքի։ Այդ նրանքՙ թշնամիները պատճառ դարձան, որ Հայաստանը միշտ պատրաստ լինի թշնամու հետ հենց իրենցՙ թշնամու լեզվով խոսելու։ Այսօր կարելի է ասել, որ գրեթե նույն իրավիճակն է, նրանք սրտատրոփ սպասում են, որ մենք թուլանանք, կորցնենք հիշողություններս, մեր միասնությունը, բռունցքվելու կարողությունը։ Բայց մեզ չի կարելի թույլ լինել, անմիասնական լինել, չի կարելի չբռունցքվել, քանի որ շրջապատված ենք դարավոր թշնամիներով։ Մի կողմից թուրքերն են, մյուս կողմիցՙ ադրբեջանցիները, իսկ մյուս հարեւանները վրացիներն ենՙ մեր դարավոր բարեկամ ժողովուրդը, որին մեկ անգամ չէ, որ մենք ենք հասել օգնությանՙ հային հատուկ անշահախնդրությամբ։ Եվ մնում է միայն Պարսկաստանի բարեկամությունը, որը շատ կուզեին ունենալ ադրբեջանցիները, որպեսզի մեր վզի օղակը սեղմելու հնարավորությունը բաց չթողնեն։ Եվ իզուր չէին «թափառող» եւ այսօր էլ շարունակվող խոսակցությունները, թե նրանք բանակցությունների ժամանակ շոշափել են Մեղրու շրջանն իրենց զիջելու հարցըՙ որպես խաղաղ բանակցությունների առաջարկ։ Իսկ դա կնշանակեր բացարձակ շրջափակում։ Հետաքրքրական է, չէ՞, պարտվող կողմն է առաջարկություն անողը։ Աշխարհում եղած պատերազմների պատմության մեջ նոր էջ են բացում եւ միայն իրենց օգտին։ Թշնամին հո պոզերով չի լինում։ Նա չի էլ թաքցնում իր ատելությունը մեր դեմ։ Եվ հանկարծ փոխզիջում, հանուն ինչի՞... Ուշքի եկեք, պարոնայք պետական այրեր, քաջություն ունեցեք թքելու այդ երիցս ամոթալի գործարքի վրա, հիշեք Անդրանիկի խոսքը, որ մեզ պետք չէ ոչ այսօրվա, ոչ վաղվա թուրքը, մի՛ հավատացեք այդ միջազգային աղվես-դիպլոմատներին։ Ես, որ Իգդիրում եմ ծնվել, շատ լավ գիտեմ ինչ բան է թուրքը։ Եվ նրան հավատալ ու վստահել կնշանակի մոռանալ, որ այսօր էլ այդ թշնամին նստած է մեզնից խլած հողերի վրա։ Այսօրվա թուրքերը ոչնչով չեն տարբերվում մարդակեր Թալեաթի, Էնվերի սերունդներից։
Եվ որքան էլ զարմանալի է, բանակցությունների մեջ շահագրգռված են Ամերիկան եւ Եվրոպան, որոնք շատ անգամներ առիթներ են ստեղծում, որպեսզի շարունակվեն այդ բանակցությունները, եւ հանգում են այն եզրակացությանը, որ Հայաստանը պետք է փոխզիջումների գնա, որպեսզի պահպանվի երիցս անիծյալ «տարածքային ամբողջականություն» կոչեցյալը։ Իսկ Ղարաբաղը, որ այսօր ազատ է եւ անկախ, ինչո՞ւ պիտի մտնի Ադրբեջանի լծի տակ։ Հանուն ինչի՞, միջազգային անհեթեթ նորմերի՞, որ կոչվում է տարածքային ամբողջականություն։ Այդ միջազգային նորմերն էլ այնպես են խորամանկված, որ օրենքը դառնում է երկսայր թրի նման բանՙ ով ուզում է, իր ցանկացածով կարող է կտրել։ Օրը ցերեկով հարձակվեցին ղարաբաղցու վրա, երբ նա ազատություն էր ձեռք բերել, նա էլ ստիպված եղավ կռվել յոթ միլիոնից ավելի ոհմակի դեմ եւ հաղթել։ Իսկ եթե հակառակը լինե՞ր եւ Ղարաբաղը «խնդրեր» հետ քաշել հակառակորդի զորքերը, ի՞նչ կասեին Անկարայի «խելոքները», եւ այս անգամ ո՞ր կողմից կգործեին այդ միջազգային նորմերը։ Իսկ շարունակ կրկնվող ռեւանշիստական բորբոքումներն առավել քան ավելորդ են, գարշելի, քանի որ դրանով զբաղվողներն իրենց իսկ ժողովրդի թշնամիներն են։ Պատերազմի օրերին իրենց տաքուկ որջերում թաքնված տականքներ են, որոնց համար միանգամայն միեւնույն է, թե ով է նորից զոհվելու, չէ՞ որ իրենք դարձյալ թաքնվելու են։
Բախտի կատակով հարեւաններ ենք, նրանք իրենց համար, մենքՙ մեզ համար։
Թշնամի լինելը շատ ավելի դժվար բան է, քան մտածում են մեր հարեւանները։ Եթե մի կողմ թողնենք բոլոր դժվարությունները եւ հիշենք միայն պատերազմի ահռելի ծախսերը եւ մարդկային կորուստները, բավական է։ Իսկ լավ հարեւան լինելը շատ ավելի հեշտ է եւ ձեռնտու։ Թող իմանան մեր հարեւանները։ Ու թող հիշվի պատմության մեջ գոնե մի դեպք, երբ հայը թշնամություն արած լինի, չկա այդպիսի դեպք։ Հայը ոչ մեկի անգամ մի թիզ հողին աչք չի դրել։ Այդպես է, պետք չէ կարծել, թե հայ ժողովուրդը պատրաստ է նույն մի թիզը հրամցնել ուզածին, երբեք։ Այդպես միշտ սխալվել են մեր հարեւանները եւ միշտ պարտվել։ Ինչ է մնացել մեր նախկին ունեցածից, որ կարելի լինի «զիջել» ուզողին։ Իսկ լավ հարեւան լինելը շատ ավելի հեշտ է. թող փորձեն եւ կտեսնեն, թե ինչպես հայը վարձահատույց կլինի։ Բայց նրանք զարմանալի համառությամբ նույնն են կրկնումՙ նույն նախանձի եւ աչքածակության չափանիշով նայելով իրենց հարեւանի ունեցվածքին։ Իսկ թե ինչպես են կռվում ՙ ծանոթ ենք նաեւ Երկրորդ աշխարհամարտից, որտեղից վերադարձան «յոլդաշ» անունը շալակած, այսինքնՙ արտակարգ գլուխ պահողներ։ Ա՛յ թե ում պիտի խորհուրդ տար Լեւոն Տեր-Պետրոսյանը «ըմբռնումով» մոտենալ։
Հարկ է հիշել, որ Ղարաբաղը սկուտեղի վրա նրանց էր հրամցվել Ստալինի ցանկությամբ։ Նրանք տեր չեն կարող համարվել, որովհետեւ 70 տարի ոչ թե տիրություն են արել, այլ թշնամություն են սերմանել։
Հարեւան ենքՙ նրանք իրենց համար, մենք էլՙ մեզ համար։ Ուրիշ հարց ու պատմություն չի կարող լինել։ Իրենց նավթն էլ, իրենց ունեցածն էլ թող իրենց պահեն, իսկ Ղարաբաղը թող ապրի իր ուզածով, եւ եթե ուզում են, թող լավ հարեւաններ լինեն, իսկ թշնամի... էին եւ կան։
Եվ այսքանից հետո հաղթողը պարտվողի պահանջով փոխզիջում պետք է անի։ Այդ պարտվողն էլ շարունակում է շրջափակումը, հակահայկական վայնասունն ու հոխորտանքը, որ իրենք էլ գիտեն, որ փուչ է, որ կռվում, միեւնույն է, նորից են պարտվելու, որովհետեւ ղարաբաղցին գիտի, որ կռվում է իր պապենական հողերի համար, իսկ Ալիեւնՙ իր եւ թուրքերի ամբիցիաների համար։ Եվ զիջելն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ հետ տալ բոլոր ազատագրված հողերը եւ նորից հրավիրել թշնամուն «տարածական ամբողջականությունն» իրագործելու։ Իսկ հազարավոր հայ երիտասարդների թափած արյունը կարելի՞ է չհիշել, երբ ամեն ղարաբաղցու տանը զավակի պակաս կա։ Չէ՞ որ գժվել կարելի է այս բանդագուշանքից։ Իսկ ի՞նչ է «զիջելու» փոխարենն Ալիեւըՙ մեր Ղարաբաղի պապենական հո՞ղը, կամ ո՞ր մասը։ Իսկ ի՞նչ կարգի բարձր զիջում պետք է անի նա, երբ ղարաբաղցին այսօր ազատ է եւ անկախ։ Իսկ մեր Եռաբլո՞ւրը, մենք կմոռանա՞նք...
Շատ բան ենք մոռացության տվել, իսկ այդ մեկը... Աստված չանի, չենք տա։ Եվ ո՞ւմ է պետք այդ նվաստացուցիչ ցանկությունը, իսկ մեր արժանապատվությո՞ւնը, ազգային ամո՞թը, որով ենք միայն գոյատեւել մինչեւ այսօր։ Ի՞նչ անենք, դա՞ էլ զիջենք, ի՞նչ կմնա ազատ, անկախ Հայաստան կոչվածից առհասարակ... Եթե հաշվենք, որ այսօր էլ Հայաստանից հեռացողները չեն պակասում եւ չեն պակասի, քանի դեռ կա, կշարունակվի այս քաղաքականությունը, այս հանցավոր վերաբերմունքըՙ Հայաստանն ազգովին դատարկելուն։
Ինչպես տեսնում ենք, օձն ավելի խելացի է եղել։ Այդպես է, իսկ մենք սողունի չափ էլ խելք չունենք, կարծում ենք, թե թշնամու հետ կարելի է բարեկամանալ եւ անգամ սահմանները բացել։