ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Զարգացնել տեղական արտադրությունըՙ այս նշանաբանով է անցկացվում «Նորաձեւության շաբաթ» փառատոնը, որի հանդիսավոր բացումը կայացավ հուլիսի 25-ին «Արմենիա» հյուրանոցային համալիրում։ Փառատոնին մասնակցում են հանրապետության լավագույն մոդելային գործակալությունները, շուրջ վեց տասնյակ անհատ նկարիչ-մոդելավորողներ, հրավիրված են նաեւ նկարիչ-մոդելավորողներ Ֆրանսիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Վրաստանից։
Շաբաթվա ընթացքում կներկայացվի երիտասարդական եւ սպորտային, ավանգարդ, գործնական, մանկական ոճի հագուստ, երեկոյան զգեստ, լողազգեստ։ Առաջին օրը ներկայացվեց «Հայկական տարազ, հայկական գորգեր» ոճային ուղղությունը։ Հայկական երաժշտության ներքո ներկայացվեցին հանրաճամաչ Թուֆենկյան ձեռագործ գորգեր եւ երիտասարդ տաղանդավոր նկարիչ-մոդելավորողներիՙ Սյուզաննա Ավետիսյանի «Խաչքար», Լուսինե Գալոյանի «Հավերժության գաղտնիք», Լուսինե Հովհաննիսյանի «Հայկական քարեր» հավաքածուները։ Այդ նկարիչ-մոդելավորողները, ուսումնասիրելով հայկական զարդանախշերը, խաչքարերը, քարերը, կարողացել են այդ ամենն արտացոլել իրենց ժամանակակից հավաքածուներում։
Լավագույն հավաքածուները օգոստոսի 3-ին «Արարատ» հյուրանոցային համալիրում կներկայացվեն գալա-ցուցադրումով։