«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2002-07-25 | #139, 2002-07-26 | #140, 2002-07-27


ՆԱԽԱԳԱՀ ԽԱԹԱՄԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՄԵՆԱՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԱՅՑԵԼԵԼ ԲԱՔՈՒ

Հուլիսի 24¬26-ը եռօրյա այցով Բաքվում էր Իրանի անվտանգության (տեղեկատվության) նախարար Ալի Յունիսին։ Էթելաաթի 47-ամյա ղեկավարը վերջին երկու տարիներին երկրորդ անգամ է ժամանում Ադրբեջան։ Անցյալ տարի Թեհրանում էր Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը։ Բաքվի «Զերկալոն» նկատում է, որ Իրանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունները խիստ շահագրգիռ են երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու։ Աբասով-Յունիսի փակ հանդիպման ավարտին Ադրբեջանի եւ Իրանի անվտանգության գերատեսչությունները ստորագրել են երկկողմ համագործակցության զարգացման համաձայնագիր, ինչը ենթադրում է համատեղ պայքար ահաբեկչության, թմրանյութերի առեւտրի եւ կազմակերպված հանցագործությունների դեմ։

Ալի Յունիսին դռնփակ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի եւ արդարադատության նախարար Ֆիկրետ Մամեդովի հետ։ Համաձայն ԻՌՆԱ գործակալության, Յունիսին իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել անվտանգության ոլորտում ամրապնդելու ադրբեջանա-իրանական երկկողմ համագործակցությունը։

Էթելաաթի ղեկավարին ընդունել է նաեւ նախագահ Հեյդար Ալիեւը։ Ադրբեջանի նախագահը կարծիք է հայտնել, որ Յունիսիի այցը կնպաստի այս տարվա ապրիլին Թեհրան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուն, հաղորդում է «Թուրանը»։ Ալիեւն ընդգծել է, որ ցանկանում է Բաքվում տեսնել Իրանի նախագահ Խաթամիին։ Ի պատասխան Ալիեւի այս ցանկության, Ալի Յունիսին ասել է, որ Իրանի նախագահը պատրաստ է ամենամոտ ժամանակներս այցելել Ադրբեջան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4