«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2002-07-27 | #141, 2002-07-30 | #142, 2002-07-31


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Ասխար Ֆախրիե Քաշանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են իրանցի մի շարք հայտնի գործարարներ։

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իր համար հատկապես հաճելի է, որ իրանցի գործարարներին ընդունում է նրանց հայ գործընկերների խնդրանքով։ Նախագահի գնահատմամբ, դա վկայում է գործարարների միջեւ ստեղծված ամուր եւ բարեկամական կապերի մասին։

Նշելով, որ իր գլխավորած պատվիրակությունը հիմնականում ներկայացնում է Իրանի տնտեսության մասնավոր հատվածը, պարոն Քաշանին ասել է, որ բիզնեսը սովորաբար փնտրում է ապահովվածության, պաշտպանվածության, անվտանգության երաշխիքներ եւ շահույթ ակնկալելու հնարավորություն։ Նրա խոսքով, նման պայմաններ Հայաստանում ստեղծված են, եւ իրենք մտադիր են քննարկել խոշորածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Որպես համագործակցության կոնկրետ ուղղություններ նշվել են բանկային համակարգը, ինչպես նաեւ ապահովագրության, լեռնամետալուրգիայի ոլորտները։ Իրանի Արտաքին ներդրումային ընկերության գործադիր տնօրենն ասել է, որ իրենք պատրաստ են ոչ միայն ներդրումներ կատարել, այլեւ ֆինանսական միջոցներ տրամադրել տնտեսական այլ ծրագրերի համար։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է։ «Մեր երկիրը, չունենալով հարուստ բնական ռեսուրսներ, ձգտում է ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները ներդրումների համար գրավիչ դառնալու», շեշտել է նա։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Թումանյանը եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4