ՊՐԱՀԱ, 30 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պրահայից ոչ հեռու գտնվող Շտիրժին դղյակում հուլիսի 30-ին ավարտվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայ-ադրբեջանական բանակցությունները, որոնց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայացուցիչներ, երկու երկրների փոխարտգործնախարարներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի հետ մասնակցում էին Մինսկի խմբի եռանախագահները։
Հանդիպումը, որը երկրորդն է (առաջինը նույն կազմով կայացել է անցած մայիսի կեսերին), անցել է խիստ գաղտնիության պայմաններում, եւ լրագրողներին նույնիսկ հայտնի չէ, թե այսօրվա նախաճաշից հետո փոխարտգործնախարարներն ուր են մեկնել։ Մինսկի խմբի համանախագահներին Կարլովի Վարի հռչակավոր առողջարան տանող ավտոբուսում նրանց համար նույնպես տեղեր էին պատվիրված, սակայն աթոռները դատարկ էին։ Առողջարանում նրանց հանգիստը կազմակերպել էր Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։
Լրագրողներին, տեղեկատվության աղբյուրների անհասանելիության հետեւանքով, բանակցությունների առնչությամբ մնում է միայն ենթադրություններ անել։ Մասնավորապես, «Ազատությունն» այն կարծիքն է հայտնել, թե համանախագահները չեն ուզում, որ բանակցություններն անընդհատ ձգձգվեն եւ հստակ վերջնաժամկետ են սահմանել։ Այն տպավորությունն է ստեղծվել, թե եռանախագահողները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվի մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները, այլապես նրանց կողմից սպառնալիք կա, որ կարող են «լվալ» ձեռքերը։