Վաշինգտոնից Հայ դատի գրասենյակը հաղորդում է, որ սենատոր Ռոբերտ Թորիչելլին (դեմոկրատ Նյու Ջերսիից) Սենատի դատաիրավական հանձնաժողովին է ներկայացրել մի նոր բանաձեւՙ S. Res. 307, որով կոչ է արվում նշել Ամերիկայի կողմից ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի ճանաչման եւ գործադրման 15-ամյակը։
ՄԱԿ-ի «Ցեղասպանական ոճրագործության կանխման եւ պատժման» կոնվենցիան առաջին անգամ տարբեր երկրների հավանությանն է արժանացել 1948 թ.-ին, եւ չնայած Միացյալ Նահանգները Հարրի Թրումենի նախագահության օրոք առաջինն է ստորագրել դա, Սենատը չի վավերացրել այն մինչեւ 1986 թիվը, իսկ այդ առնչությամբ ներկայացված բանաձեւն օրենքի ուժ է ստացել միայն 1988 թ.-ի նոյեմբերի 4-ինՙ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ստորագրությունից հետո։
Առաջիկա տարվա նոյեմբերին, ուրեմն, լրանում է միջազգային այդ կոնվենցիայի ԱՄՆ-ի ընդունման 15-ամյակը։ Այդ ժամանակ դա «որպես սկզբունքային հիմք» է ընդունվելՙ երաշխավորելու, որ «Հրեական հոլոքոսթից, Հայկական ցեղասպանությունից, ինչպես նաեւ ուրիշների շարքինՙ Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը կծառայեն կանխելու հետագա ցեղասպանությունները» աշխարհի ցանկացած վայրում։
«Մենք ողջունում ենք նման բանաձեւի ներկայացումը Սենատին եւ քաջալերում, որ ամերիկացիներն իրենց համապատասխան սենատորների միջոցով նեցուկ կանգնեն դրան։ Որպես ցեղասպանության հետնորդներ, մենք բարոյական պարտականություն ունենք ամեն ջանք գործադրելու, որ նման սարսափներն էլ երբեք չկրկնվեն», ասել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Հ. Ծ.