Իսրայելյան մամուլին քիչ է հետաքրքրում երկրի պաշտպանության նախարարության կողմից Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող Պարոն Տերի կալվածքի բռնագրավման փաստը։ Բացառություն է կազմում, թերեւս, անգլիալեզու «Ջերուսալեմ փոստ» թերթը, որն իր հուլիսի 29-ի համարում «Հայոց պատրիարքությունը բողոքում է կալվածքի բռնագրավման դեմ» վերնագրի ներքո անդրադարձել է խնդրին։ Անդրադարձել է, սակայն առանց մեկնաբանությունների, պարզապես ներկայացնելով մեզ արդեն ծանոթ վիճակը եւ շեշտելով, որ պատրիարքությունը պատրաստվում է հարցը ներկայացնել բարձրագույն դատարան։ Միայն երկու նորություն։ Թերթը նշում է, որ հայկական կողմը բանակին առաջարկել է «անվտանգության» պատը կառուցել ոչ թե Պարոն Տերը 2 մասի կիսելով, այլ կալվածքը «Այդա» գաղթակայանից բաժանող եւ արդեն գոյություն ունեցող պարսպի տեղում, ինչը մերժվել է։ Երկրորդՙ որ իսրայելյան բանակը նմանօրինակ բռնագրավման է ենթարկել նաեւ Հունաց պատրիարքությանը պատկանող կալվածքներ։