ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 30-ին Սանկտ Պետերբուրգի գերեզմանոցներից մեկում վանդալիզմի զոհ է դարձել ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գերեզմանը։ Այդ մասին տեղեկացրեց եւ ցուցադրեց Ռուսաստանի հեռուստատեսության «Վեստի» ծրագիրը։ Հաղորդվեց նաեւ, որ սրբապղծվել են մշակույթի այլ գործիչների գերեզմանները, որոնց մի մասը խիստ վերականգնման կարիք ունի։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս եւ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիայի հիմնադիր եւ առաջին պրեզիդենտ Հովսեփ Օրբելին (1887, Քութայիս, 1961, Լենինգրադ) մասնավորապես Հայրենական մեծ պատերազմի սկզբին կազմակերպել է Լենինգրադի Էրմիտաժի գեղարվեստական արժեքների էվակուացիան Սվերդլովսկ, այնուհետեւ, մնալով պաշարված Լենինգրադում, ապահովել է Էրմիտաժի մի շարք այլ հավաքածուներիՙ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանությունը։ 1944-ին Օրբելին գլխավորել է Էրմիտաժի վերականգնման աշխատանքները, 1946-ին Նյուրնբերգի դատավարությունում որպես վկա մերկացրել է ֆաշիստ բարբարոսների հանցագործությունները Լենինգրադի նկատմամբ։ Եղել է Լենինգրադի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, Մերձավոր եւ Միջին Արեւելքի պատմության ամբիոնի վարիչ։ 1956 թ.-ին հիմնադրել է եւ մինչեւ կյանքի վերջը ղեկավարել ԽՍՀՄ ԳԱ արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը։