Ինչպես ամեն ինչ է հարաբերական աշխարհում, այնպես էլՙ գեղեցկությունը։ Մանկությունն ինքնին գեղեցիկ է, քանի որ անաղարտ է։ Իսկ փոքրիկ աղջնակներին արժե՞ արդյոք այսքան վաղ հասակից դարձնել պչրուհիներ, դա չի՞ վնասում նրանց մանկությանը, կամ չի՞ փոխում հոգեբանությունը։ Եթե նույնիսկ դա արվում է գեղեցկության եւ ներդաշնակության մրցույթ-փառատոնում։ Երեկ Երիտասարդական պալատի համերգային մեծ դահլիճում (բավականին տոթ եւ ճնշող) կայացավ «Միսս եւ միստր Հայաստան-2002» ամենամյա մրցույթը 3¬5 եւ 7¬9 տարեկանների միջեւ։ Մասնակցում էին շուրջ 5 տասնյակ երեխաներ Երեւանից, Գյումրիից, Արմավիրից, Արագածոտնից։ Ծրագրի մտահղացումը Աշոտ Խաչատրյանինն էր, իսկ երեկոն աշխույժ, հումորով եւ նրբանկատորեն վարեց Գ. Իսրայելյանը։ Փառատոնը բացեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի պարային խումբ։ Աշխարհի տարբեր ժողովուրդների տարազներով փոքրիկները ներկայացրին իսպանական, մեքսիկական, գնչուական, հայկական, ուկրաինական, նեգրական, արաբական պարեր։ Թեեւ պիտի ասել, որ արաբական տարազով պորտապար պարող 4¬5-ամյա աղջնակըՙ մեջքի եւ կոնքերի խաղացկուն շարժումներով, այնքան էլ լավ տպավորություն չթողեց։ Ինչո՞ւ ենք մենք արհեստականորեն շեղում նրանցՙ դաստիարակությունը տանելով այլ ուղղությամբ։
Ժյուրիի անդամներին ներկայացնելուց հետո սկսվեց փառատոն-մրցույթը, որն անցավ երեք փուլերովՙ հեքիաթային, ռիթմիկ պարեր, վալս։
Իրենց ներկայացրած հեքիաթի հերոսների (Մոխրոտիկ, արքայադուստրեր, Ոսկեծամիկ, Անահիտ, Նանե, Փոքրիկ իշխան, Միստր X եւ այլն) շքեղ հանդերձներով մասնակից երեխաները շատ գեղեցիկ էին։ Իհարկե, արտաքին պաճուճանքները, մազերիՙ հասուն աղջկան բնորոշ սանրվածքները նրանց զարդարված տիկնիկների էին նմանեցնում, բայց արտիստիկ էին, հեզաճկուն, նրբագեղ շարժումներով, թեթեւասահ, չնայած զգեստի դժվարությունները երբեմն ստիպված էին հաղթահարել։
Մրցույթն ավարտվեց երեկոյան, եւ նրանք բոլորն էլ արդեն հաղթանակած էին։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ