Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանի կլոր սեղանը լրագրողների համար 5-ամսյա դասընթաց են կազմակերպել։ Նպատակն էՙ համալրել մասնակից լրագրողների գիտելիքներըՙ հաղորդակից դարձնելով եկեղեցու, հոգեւոր կյանքի հիմնահարցերին, առանձնահատկություններին։
Կարեւորելով լրագրողի դերն ու պատասխանատվությունը նաեւ այս բնագավառում, Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կարեւորում է այսօրինակ սեմինարների եւ դասընթացների անհրաժեշտությունը։ Նրա խոսքերով, հաճախ հրապարակումներ են լինում, որոնցից կարելի է ենթադրել, թե լրագրողը նյութի վերաբերյալ չունի անհրաժեշտ գիտելիքներ, ինչն էլ իր հերթին ազդում է հասարակական կարծիքի ձեւավորման վրա։
Դասընթացի առաջին փուլն օրերս տեղի ունեցավ Ծաղկաձորում։ Եռօրյա սեմինարին մասնակցեցին տեղեկատվական գրեթե բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Եկեղեցու սպասավորները դասախոսություններ կարդացին Հայ եկեղեցու վարդապետության, խորհուրդների, Հայաստանի տոնական խճանկարի եւ այլ հարցերի վերաբերյալ։ Քննարկման առարկա դարձան մեր երկրի կրոնական խճանկարը եւ կրոնական թեմատիկան հայ մամուլում։ Հոգեւոր իշխանության ներսում ծավալվող գործընթացները զանգվածային լրատվության միջոցների, հետեւաբար հասարակական լայն քննարկման ենթակա՞ են արդյոք։ Ո՞րն է Հայ առաքելական եկեղեցու դերն աղանդների տարածման դեմ պայքարի գործում։
Դասախոսություններն ընդհանուր առմամբ օգտակար եւ ուսանելի էին։ Թերեւս այսպիսի դասընթացներն են, որ պետք է լրացնեն ուսումնական այն բացը, որ հայտնի պատճառներով ունի ավագ եւ ավելի երիտասարդ սերունդը։ Մինչեւ որ կրոնը որպես պարտադիր առարկա կուսուցանվի հանրակրթական դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ թերեւս անհրաժեշտ քարոզչության հետ համատեղ կդառնա տարածված աղանդների դեմ պայքարի միջոցը։ Իսկ առայժմ Հայ առաքելական եկեղեցու եւ ժողովրդի ստվար զանգվածի միջեւ եղած անդունդը շտապում են լրացնել հոգեորսությամբ զբաղվող աղանդավորները։ Իսկ եկեղեցին այսօր էլ պետք է կոչված լինի շարունակելու ազգապահպան առաքելությունը։
Լրագրողները հանդիպեցին նաեւ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպս. Քարամյանի հետ, Կեչառիսի վանքում մասնակցեցին Կիրակնամուտի երեկոյան ժամերգության եւ Սուրբ պատարագի արարողություններին։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ