Երեկ տոնական օր էր ոչ միայն Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության, այլեւ մասնավորապես ՀՌԱԿ «Զեյթուն-Քանաքեռ» ակումբի համար։ Նախկին «Զվարթնոց» կինոթատրոնի շենքը դարձավ այս ակումբի պաշտոնական նստավայրը։ Այս առիթով հավաքվել էին ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամները, ակումբի անդամներ, նորագիրներ, Հայաստանի մյուս կուսակցությունների, մամուլի եւ հեռուստատեսության ներկայացուցիչներ։
Դիմելով հանդիսության ներկաներինՙ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանն ասաց.
¬ Ուրախ ենք, որ մեր կուսակցության ակումբներից մեկի նստավայրը դառնում է նախկին «Զվարթնոց» կինոթատրոնի շենքը, որը երեւանցիների համար մշակութային կարեւոր օջախ է եղել։ Պահպանելով ավանդույթը, այստեղ ստեղծվում է ոչ միայն հասարակական-քաղաքական, այլեւ մշակութային կենտրոն, որի նախատիպը մենք արդեն ունենք ի դեմս Թեքեյան մշակութային կենտրոնի։ Բացի այդ, սեպտեմբերից այստեղ գործելու է իրավաբանական անվճար ծառայություն, անվճար, որովհետեւ այսօրվա տնտեսական պայմաններում շատ մարդիկ նույնիսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում չեն կարողանում ճիշտ պատասխաններ ստանալ իրենց հուզող հարցերին։
Քանաքեռ-Զեյթուն համայնքը մայրաքաղաքի կարեւոր թաղամասերից է։ Այստեղի թաղապետարանում կողք-կողքի աշխատում են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Եվ ՀՌԱԿ ակումբի բացման արարողությանը նրանք ներկա էին։ «Սա խոսում է այն մասին, ասաց ՀՌԱԿ ատենապետը, որ մեզ մոտ քաղաքական կուլտուրա է մշակվումՙ գործել միասնական, հանուն մեր երկրի եւ մեր ժողովրդի զարգացման»։
Հանդիսության մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ՀՌԱԿ «Զեյթուն-Քանաքեռ» ակումբի ատենապետ Հակոբ Բաբայանը։ Ներկաներին եւ ակումբի անդամներին ողջունեցին մեր ճանաչված արվեստագետներից նկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ պրոֆեսոր Կարեն Աղամյանը եւ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը։
Ապա հետեւեց երդմնառության արարողություն։ Ակումբի անդամների թիվն ավելացավ 12 նորագիրներով, իսկ 3 կուսակցականներ ստացան անդամության տոմսեր։
Ս. Մ.