Օրերս Լեռնային Ղարաբաղում էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) 30 հոգանոց պատվիրակությունը։ Այցելության մանրամասների մասին երեկ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմեց միության փոխնախագահ, «Մշակ» ընկերության նախագահ Լեւոն Պողոսյանը։
Հայաստանի գործարարների հիմնական նպատակը տեղում օրենսդրական դաշտին, տնտեսության վիճակին, գործարար մթնոլորտին ծանոթանալն էր։ Երկու օրվա ընթացքում նրանք հանդիպեցին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ, եղան առանձին ձեռնարկություններում։ Լեւոն Պողոսյանն ընդգծեց այն ոգեւորիչ մթնոլորտը, որ կար իշխանությունների եւ տեղի գործարարների միության միջեւ։ Այս երկու կողմերը փորձում են համատեղ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները։ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է խիստ նպաստավոր հարկային դաշտ։ Եկամտահարկն ու շահութահարկը երկու տարվա ընթացքում 5 անգամ նվազել են եւ այժմ կազմում են 5 տոկոս։ Դրա հետ աճել են բյուջեի մուտքերը, ինչը վկայում է տնտեսական քաղաքականության հաջողություն։
Ինչ վերաբերում է կոնկրետ ծրագրերին, ապա ՀԱԳՄ փոխնախագահը թվարկեց դրանցից մի քանիսը, որոնց շուրջ պայմանավորվեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գործարարները։ Այսպեսՙ Արտաշատի պահածոների գործարանը նպատակ ունի մթերման կետ ստեղծել եւ ընդունած գյուղմթերքները տեղափոխել Հայաստան վերամշակման, Երեւանի ոսկերչական գործարանը ծրագրում է ավելացնել աշխատատեղերի թիվը, Սեւանի կատարողական սարքավորումների գործարանը շաքարի գործարան հիմնադրելու ծրագիր ունի, «Արմենմոտորն» ու «Էլեկտրասարքը» տեղի ռադիոտեխնիկական ձեռնարկությունների վերականգնման շուրջ պայմանավորվեցին եւ այլն։ Սակայն, Լեւոն Պողոսյանի կարծիքով, տնտեսության զարգացման հիմքը պետք է լինի Ղարաբաղի բնական հարստությունների արդյունավետ օգտագործումը։
Անդրադառնալով տեղի խնդիրներին, Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչն ընդգծեց անկայուն ինտերնետ կապը եւ հատկապես մասնագետների բացակայությունը։ Այս վերջին բացը լրացնելու նպատակով որոշվեց Զարգացման հայկական գործակալության միջոցով տեղում եւս ստեղծել նման կառույց։ Այդուհանդերձ, Հայաստանի գործարարների տպավորությունն այն էր, որ Լեռնային Ղարաբաղում որդեգրած տնտեսական քաղաքականության շարունակման դեպքում 1¬2 տարի հետո հնարավոր է կտրուկ փոխել տնտեսական եւ սոցիալական կացությունը։ Դա, Լեւոն Պողոսյանի կարծիքով, լուրջ փաստարկներից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, որովհետեւ խիստ անտրամաբանական կդիտվի տնտեսապես զարգացած երկիրն ընդգրկել անկայուն եւ տնտեսապես զարգացման ավելի ցածր աստիճանի վրա գտնվող Ադրբեջանի կազմում։ «Այժմ արդեն դրական տեղաշարժերը նկատելի են, եւ դրանք պետք է շարունակել, որպեսզի տեղի ժողովուրդն իրեն ամուր զգա այդ հողի վրա», իր խոսքը եզրափակեց ՀԱԳՄ փոխնախագահը։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ