Այս ամիս Պրահայում տեղի ունեցավ «Հայաստան-2020» համաժողովը, որին մասնակցում էին գործարարներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ Հայաստանից եւ սփյուռքից։ Այստեղ քննարկված հարցերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցազրույց ունեցանք միջոցառմանը մասնակցած «Կոնվերս բանկի» նախագահ Սմբատ Նասիբյանի հետ։
¬ Պրն Նասիբյան, ի՞նչ նպատակներ ուներ այս համաժողովը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք։
¬ Առաջին նպատակը մտածելն էր, թե մեզ ինչ է սպասում, ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել 2020 թ.։ Դա չքաղաքականացված միջոցառում էր, նպատակ չուներ այսօրվա իշխանություններին գովերգելու կամ փնովելու։ Հինգ մասի էին բաժանված քննարկումներըՙ աշխարհաքաղաքական, տնտեսական, մարդկային ռեսուրսներ, Հայաստանում կապիտալի ներդրվելու հնարավորություն, կարգավորում թեմաներով։ Հայաստանից հրավիրվածներ կային։ Արտասահմանից հրավիրված մտավորական հայեր կային, որոնք աշխատում էին շատ հեղինակավոր ընկերություններում։ Մասնակիցների ընդհանուր թիվը մոտ 60 էր։
¬ Ի՞նչ եզրահանգումներ եղան։
¬ Եզրահանգումներ չեղան։ Պարզապես եղավ մտքերի փոխանակություն, եւ բոլորը հասկացան, որ լուծումներն այդքան պարզ չեն, որքան թվում են առաջին հայացքից։ Մենք հասանք դասագրքային ճշմարտությունների, որ օրենսդրական դաշտը պետք է պարզ եւ հասկանալի լինի։ Ամեն ինչ կառարկայանա մասնագետների կողմից առաջարկները մշակելուց հետո։
¬ Հետաքրքրական առաջարկներ եղա՞ն։
¬ Սա շատ ավելի տեսական էր, բայց ծանոթությունների եւ հանդիպումների արդյունքները կոնկրետ էին։ Այս միջոցառումը մեզ հնարավորություն տվեց նաեւ դրսի մարդկանց, սփյուռքի հայերի աչքերով տեսնել Հայաստանը։
¬ Հայացքների տարբերությունը մե՞ծ էր։
¬ Այո։ Օրինակՙ աշխարհի խոշորագույն «Մակենզի» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչը, որը մեր հայրենակիցն էր, ներկայացրեց իր երազած Հայաստանը։ Ըստ դրա, Հայաստանում արտասահմանյան ընկերությունների մեծ ներկայացվածություն կլինի, հայերը մինչեւ տաքսու վարորդների մակարդակով կխոսեն անգլերեն, դրսից եկածների հետ շփվելու խնդիրներ չեն լինի, գենդերային հարցերն են լուծված եւ նույնիսկ մեր նախագահը կին է։
¬ Մի խոսքովՙ «ամերիկյան երազի» գաղափարին նմանեցնելու մի փորձ։
¬ Այո, նա ամերիկահայ էր եւ «ամերիկյան երազի» մի բաղադրիչ էր նրա ներկայացրածը։ Դա, իհարկե, մեր պատկերացումներին չի համապատասխանում։ Մենք տեսնում ենք Հայաստանը կենտրոնացված ուժեղ իշխանություն ունեցող։ Նրա կարծիքով, իդեալական, արեւմտյան մոդելը Հայաստանում կաշխատի։ Գուցե կաշխատի։ Համենայն դեպս, մենք բոլորս տեսնում ենք Հայաստանն ինտեգրացված Եվրոպայի հետ, բայց կարծում ենք, որ դրա հետ պետք է լինի ուժեղ կենտրոնացված իշխանություն։
¬ Ո՞վ էր կազմակերպել այդ միջոցառումը։
¬ Ռուբեն Վարդանյանըՙ Մոսկվայում «Ռենեսանս կապիտալիստ ինվեստմենտ» ընկերության ղեկավարը։
¬ Որտե՞ղ կլինի հաջորդ հավաքը։
¬ Դեռեւս ճշտված չէՙ Մոսկվայում կամ Երեւանում։
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ