«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2002-07-27 | #141, 2002-07-30 | #142, 2002-07-31


ԱՃԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

Հուլիսի 29-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցությունում, որին մասնակցել են նախարարության համակարգի ընկերությունների տնօրենները, քննարկվել են 2002 թվականի առաջին կիսամյակում ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը։

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համակարգի ընկերությունների ընդհանուր եկամուտն աճել է 19,9 տոկոսով, իսկ հաշվեկշռային շահույթըՙ 85,5 տոկոսով։ Մինչդեռ համակարգի առավել կարեւորագույն ոլորտներումՙ կապ, երկաթուղի, եկամուտներն աճել են 24,9 տոկոսով, հաշվեկշռային շահույթըՙ 95,2 տոկոսով։

Զգալի աճ է տեղի ունեցել երկաթուղային բեռնափոխադրումներումՙ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ աճելով 56,7 տոկոսով, իսկ բեռնաշրջանառության ծավալն աճել է 28,9 տոկոսով։ Հաշվետու ժամանակաշրջանում երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը կազմել է 854,7 հազ. տոննաՙ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 545,3 հազ. տոննայի դիմաց։ Աննախադեպ աճ է տեղի ունեցել հատկապես երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների բնագավառում, որի ծավալը 2001 թ. առաջին կիսամյակի 85,6 հազ. տոննայի համեմատ աճել է 4 անգամՙ կազմելով 341,6 հազ. տոննա։ Փոխադրումների ծավալի վերոնշյալ աճը մասամբ պայմանավորված է վերջին ժամանակներում հանրապետությունում լեռնահանքային արդյունաբերության աշխուժացմամբ։ Ներկրվող բեռների ծավալն աճել է 14,8 տոկոսով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4