«Շարուր» հայրենակցական միության կենտրոնական խորհուրդն իր հարյուրավոր անդամների անունից տարակուսանք եւ վրդովմունք է հայտնում հանրապետության Հայրենակցական միությունների խորհրդին հատկացված տարածքի նկատմամբ քաղաքապետարանի հավակնությունների հանդեպ։ Այդ տարածքն աշխատանքի վայր է նաեւ հայրենակցական միությունների համար։ Ներկայումս, երբ հայրենիք-սփյուռք համագործակցությանը կառավարությունը կարեւոր նշանակություն է տալիս, հայրենակցական միությունները հանդիսանում են այդ շղթայի կապող ամուր օղակը։ Միության նշված տարածքի բռնազավթումը ծանր հարված կլինի հայրենակցական միությունների արդյունավետ աշխատանքին եւ սփյուռքի հետ մեր կապերին։ Կարծում ենք, համապատասխան մարմիններն ավելի սթափ կնայեն այդ հարցին, եւ այնքան անպատվաբեր դատական գործընթացը կկարճվի, տարածքը թողնելով հայրենակցական միություններինՙ օգտագործելու։
«ՇԱՐՈՒՐ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ