Դիտորդներ կժամանեն ԱՄՆ Կոնգրեսից, Պետքարտուղարությունից, ՌԴ Պետդումայից, ԱԳՆ-ից, ՆԳՆ-ից, Եվրախորհրդից, այլ երկրներից
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Յուսուֆ Բյուլուջը, ըստ «Թրքիշ դեյլի նյուս» օրաթերթի, տարածել է հաղորդագրություն, որում Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունները համարվել են միջազգային իրավունքի եւ ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում։ Բյուլուջը հայտարարել է, որ օգոստոսի 11-ի ընտրությունները փորձ են «օրինականացնելու տարածաշրջանում հաստատված անօրինական ստատուս քվոն»։ Մենք կարծում ենք, ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը, որ ընտրությունները հակամարտության կարգավորման բոլոր ջանքերը վտանգում են, այդ իսկ պատճառով «այդ ընտրությունները մենք համարում ենք անօրինական»։
Ադրբեջանի արտգործնախարար Վելայաթ Գուլիեւը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանին հղած նամակում հիշեցնում է, թե հայկական կողմը համառորեն անտեսում է Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերը։ Պատասխան նամակում, ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը, Կոֆի Անանը հավաստել է, որ «ադրբեջանական կողմը կարող է վստահ լինել, որ անձամբ ինքն ամեն ջանք կգործադրի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»։ Նամակում հիշեցվում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերում։
Հիշեցնենք, որ 1993 թ. ընդունված ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերում չի նշվում, թե ԼՂ-ում նախագահական ընտրությունների անցկացումը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։
Օգոստոսի 11-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններում, համաձայն Բաքվի «Զերկալո» թերթի, դիտորդները կժամանեն ԱՄՆ Կոնգրեսից, Պետքարտուղարությունից, Ռուսաստանի Պետդումայից, ԱԳՆ-ից, ՆԳՆ-ից, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից, այլ պետություններից։
Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունից «Ազգին» ի պատասխան նշեցին, որ առայժմ ճշտվում են, թե որ երկրներից են դիտորդներ ժամանելու Լեռնային Ղարաբաղՙ հետեւելու նախագահական ընտրություններին։
Թ. Հ.