«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2002-07-27 | #141, 2002-07-30 | #142, 2002-07-31


«ԴԻՆԱՄՈՆ» ԱՀԵՂ ՄՐՑԱԿԻՑ Է, ԲԱՅՑ «ՓՅՈՒՆԻԿՆ» ԷԼ ՀԶՈՐ ԹԻՄ Է

Այսօր կրկին մեծ ֆուտբոլի օր է Եվրոպայում։ Կկայանան չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Կիեւում Երեւանի ժամանակով ժամը 21-ին կսկսվի մեծ հետաքրքրություն ներկայացնող «Դինամո»¬«Փյունիկ» հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնը երեկ չարտերային չվերթով մեկնեց Կիեւ։ «Փյունիկը» լրջորեն է նախապատրաստվել առաջիկա հանդիպմանըՙ քաջ գիտակցելով, որ ի տարբերություն «Տամպերեի», գործ ունի ահեղ մրցակցի հետ, որը դավանում է ուժային կոշտ ֆուտբոլ։ Թեեւ այս անգամ Օսկար Լոպեսը հետախուզական այց չկատարեց Կիեւ, սակայն արգենտինացի մասնագետը մանրակրկիտ ուսումնասիրել է մրցակցի խաղըՙ դիտելով Կիեւի «Դինամոյի» մասնակցությամբ չորս հանդիպումների տեսագրությունները։ Օսկար Լոպեսին խնդրեցինք իր կարծիքը հայտնել «Դինամոյի» մասին։ Նա նշեց, որ միանշանակ Կիեւի «Դինամոն» իր խաղամակարդակով անհամեմատ բարձր է Ֆինլանդիայի չեմպիոնից։ Դինամոյականները գործում են շատ արագ, հաճախակի դիմում ուժային կոշտ պայքարի։ Առաջիկա խաղում «Փյունիկի» խնդիրն է թույլ չտալ մրցակցին ազատ գործելու եւ ճեղքելու թիմի պաշտպանությունը, իսկ գնդակը ստանալուն պես հարկավոր է արագորեն այն հասցեագրել առջեւի գծի խաղացողներինՙ հնարավորություն ընձեռելով արագ հակագրոհներ կազմակերպելու։ «Տամպերեի» խաղից հետո ընկած ժամանակահատվածում «Փյունիկը» մարզումներում աշխատում էր հենց մարզչի նշած խաղային տարբերակների մշակման եւ կատարելագործման վրա։ Բարեբախտաբար, թիմում վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ չկան եւ այսօր «Փյունիկը» Կիեւի կենտրոնական մարզադաշտ դուրս կգա իր մարտական կազմով։ Հայ ֆուտբոլասերներն անհամբերությամբ են սպասում դինամոյականների հետ հանդիպմանը։ Ու թեեւ մրցակիցն իրոք ուժեղ է, սակայն բոլորս էլ հանդիպման բարեհաջող ելքի հույսեր ենք փայփայում։

«Ազգը» պարբերաբար անդրադարձել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունում Կիեւի «Դինամոյի» ելույթներին։ Հիշեցնենք, որ 5 տուրից հետո «Դինամոն» 12 միավորով (4 հաղթանակ, 1 պարտություն) հանգրվանել է աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ Կիեւցիները վերջին հանդիպումն անցկացրել են ուրբաթ օրըՙ Դոնեցկում 0¬1 հաշվով պարտվելով երկրի չեմպիոն «Շախտյորին»։ Այդ խաղում «Դինամոն» հանդես է եկել այսպիսի կազմով. Ռեւա, Ֆյոդորով (Բոդնար, 45), Վաշչուկ (Խացկեւիչ, 37), Դմիտրուլին, Պեեւ, Գուսին, Շացկիխ, Գիոանե, Իդախոր (Չեռնատ, 66), Նեսմաչնի, Գավրանչիչ։ Խաղի ընթացքում վնասվածքներ ստացան կենտրոնական պաշտպաններ Ֆյոդորովն ու Վաշչուկը։ Վերջինիս վնասվածքը շատ լուրջ է եւ նա այս մրցաշրջանում դժվար թե կարողանա խաղադաշտ դուրս գալ։ Ֆյոդորովը կոտրել է ոտքը եւ առնվազն 1,5 ամիս շարքից դուրս է եկել։

Հաշվի առնելով, որ Գոլովկոն եւս վնասվածք ունի, Կիեւի «Դինամոն» մնացել է առանց կենտրոնական պաշտպաններիՙ հայտնվելով ծանր կացության մեջ։ «Շախտյորի» հետ խաղում նշված ֆուտբոլիստների դաշտից հեռանալուց հետո նրանց պարտականությունները կատարել են Գավրանչիչն ու Գուսինը։ Վնասվածք ունի նաեւ թիմի բելառուսցի լեգեոներ Բելկեւիչը, որի բացակայությունը զգացնել է տալիս թիմի գրոհները կազմակերպելիս։ Բացակայում էր նաեւ «Դինամոյի» հիմնական դարպասապահ Շովկովսկին։ Առայժմ պարզ չէՙ կհասցնե՞ն մինչեւ «Փյունիկի» հետ խաղը վերականգնվել վնասվածք ստացած մյուս ֆուտբոլիստները։ Ամեն դեպքում, «Դինամոն» կազմի ընտրության հետ կապված դժվարություններ ունի, ինչը պակաս կարեւոր հանգամանք չէ նման վճռորոշ հանդիպումներում։

Այս օրերին, բնականաբար, ուկրաինական մամուլի ուշադրության կենտրոնում էլ չեմպիոնների լիգայի մրցաշարն է։ Հատկանշական է, որ մրցակից թիմի ղեկավարությունը բավական ինքնավստահ է։ Գուցե դա մրցակցի վրա հոգեբանորեն ճնշում գործադրելու միջո՞ց է։ Ամեն դեպքում, Կիեւի «Դինամոյի» ինտերնետային սայթում ակումբի նախագահ Իգոր Սուրկիսը, մեկնաբանելով որակավորման 3-րդ փուլի վիճակահանության արդյունքները, նշել է, որ թիմի բախտը բերել էՙ որպես մրցակից ընտրելով «Սկոնտո»¬«Լեւսկի» զույգի հաղթողին։ Նա նշել է, որ «Դինամոյի» առջեւ չեմպիոնների լիգայի խմբային մրցաշար մտնելու եւ հաջող հանդես գալու խնդիր է դրված, ուստի այնպիսի թիմերի, ինչպիսիք «Սկոնտոն» եւ «Լեւսկին» են, դինամոյականները պետք է հաղթեն։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ «Դինամոն» արդեն հաղթահարել է «Փյունիկի» դիմադրությունը եւ մտել հաջորդ փուլ։ Ինտերնետային սայթում էլ արդեն շտապել են տեղեկացնել, որ որակավորման 3-րդ փուլում օգոստոսի 28-ին Կիեւի «Դինամոն» սեփական հարկի տակ հյուրընկալելու է «Սկոնտոյին» կամ «Լեւսկուն»։ Դա, իհարկե, լրագրողների գործն է, բայց, կարծում ենք, «Դինամոյի» մարզիչները բավական լրջորեն են վերաբերվում առաջիկա հանդիպմանը։ Նրանք ներկա են գտնվել «Փյունիկի» մասնակցությամբ «Տամպերեի» հետ երկու հանդիպումներին էլ եւ, անշուշտ, լուրջ հետեւությունների են հանգել։

Վերջերս Կիեւի «Դինամոն» պայմանագիր է կնքել բրազիլացի երկու ֆուտբոլիստիՙ Լեանդրո Մաշադուի եւ Դիոգո Ռինկոնի հետ։ Նրանք դեռեւս հանդես չեն եկել թիմի կազմում։ Եթե Մաշադուն կարող է մասնակցել «Փյունիկի» հետ հանդիպմանը, ապա Ռինկոնին պատրաստվում են հայտավորել միայն որակավորման 3-րդ փուլից։

Հայ ֆուտբոլասերներն, իհարկե, գիտեն ուկրաինական ֆուտբոլի ներուժի մասին, քաջ ծանոթ են ուկրաինացի ֆուտբոլիստներին, դիտել են նրանց խաղը Հայաստանի ազգային հավաքականի հետ կայացած հանդիպումներում։ Իսկ տարեց ֆուտբոլասերներն, անշուշտ, հիշում են Երեւանի «Արարատի» եւ Կիեւի «Դինամոյի» միջեւ 1970-ական թթ. ծավալված թեժ մրցակցության բազմաթիվ հետաքրքրաշարժ դրվագները։ Տեխնիկապես հագեցած խաղ ցուցադրող արարատցիներին դինամոյականները միշտ էլ հակադրել են ուժային կոշտ պայքարը։ Կարծում ենք, այսօր էլ մենք ականատես կլինենք նման պատկերի։ Բայց «Փյունիկը» նաեւ ֆիզիկապես հիանալի պատրաստված թիմ է, եւ հուսանք, որ հաջողությամբ կդիմագրավի ուժային պայքարին։ Այնպես որ, հաջողություն մաղթելով մեր չեմպիոնին այսօրվա պատասխանատու խաղում, ընթերցողներին ներկայացնենք վիճակագրական որոշ տվյալներ ԽՍՀՄ առաջնություններում «Արարատի» եւ «Դինամոյի» միջեւ կայացած հանդիպումների վերաբերյալ։ Կիեւի «Դինամոն» արարատցիների համար ամենաանհարմար մրցակիցն է եղել, որի հետ մրցելը միշտ էլ դժվար է եղել, նույնիսկ «Արարատի» համար լավագույն տարիներին։ ԽՍՀՄ առաջնություններում անցկացված 62 հանդիպումներից միայն 7-ում են արարատցիները հաղթել (բոլորն էլՙ սեփական դաշտում), 16 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 39-ում երեւանցիները պարտվել են։ «Արարատը» մրցակցի դարպասն է խփել ընդամենը 46 գոլ, սեփականը բաց թողել 130-ը։ Սեփական հարկի տակ հաշվեկշիռն այսպիսին է. 31 խաղ, +7=11-13, 33-43, մրցակցի դաշտումՙ 31 խաղ, +0=5-26, 13-87։ Այդ հանդիպումներում արարատցիներից բոլորից արդյունավետն Արկադի Անդրեասյանն էՙ 6 գոլ։ Կիեւցիներից 21 գոլ է խփել Օլեգ Բլոխինը։

Բերված փաստերը թող բնավ էլ մտավախություն չառաջացնեն։ Ժամանակները փոխվել են, «Փյունիկն» էլ այսօր մարտունակ ու հզոր ֆուտբոլային կոլեկտիվ էՙ ունակ հաջողությամբ մրցելու ցանկացած թիմի հետ։ Ուրեմն լավատեսությամբ սպասենք այսօրվա հանդիպմանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4