1994 թ. զինադադարից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը մնում է հաստատուն
Երեկ Բաքվի «Զերկալո» թերթը, վկայակոչելով ANS հեռուստաընկերությանը, գրում է, թե շուրջ մեկուկես ամիս առաջ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ոչ միայն լռեցրել են հայկական կողմի կրակահերթերը, այլեւ անցկացրել հաջող գործողություն եւ ազատագրել Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղըՙ մեկ կիլոմետր խորանալով շփման գծից։ ANS-ը հաղորդել է, որ Յուսիֆջանլի գյուղի ազատագրումը պահվում է գաղտնի, չնշելով, թե ինչու է պահվում գաղտնի։
Ադրբեջանական բանակի ստորաբաժանման զինվորները, որոնք իբր ազատագրել են Յուսիֆջանլին, ANS-ին տված հարցազրույցում նշել են, որ գյուղն ազատագրելու գործողության ընթացքում տվել են երեք զոհ եւ մի քանի վիրավոր։ Այդուհանդերձ, ադրբեջանցի զինվորները պատրաստակամություն են հայտնել ազատագրել ադրբեջանական գրավյալ բոլոր տարածքները։
Հայկական կողմը երեկ կտրականապես հերքեց ANS-ի տեղեկատվությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունից «Ազգի» հարցումին ի պատասխան նշեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։
Մեր կողմից նշենք, որ Յուսիֆջանլի գյուղը գրավելու համար ադրբեջանցիները պետք է ստիպված լինեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից այս կողմ խորանալ առնվազն 4 կմ, մինչդեռ ANS-ը նշում է ընդամենը 1 կմ։
1994 թ. զինադադարից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը մնում է հաստատունՙ հյուսիսից հարավ անցնելով Բաշ Քարվենդ-Զավահիրլի-Չեմենլի-Զանգիշլար-Ղարադաղլը-Հորադիզ երկարությամբ մինչեւ Արաքս գետ։ Հետաքրքրասերների համար նշենք, որ Հորադիզ գյուղը ղարաբաղյան ուժերի, իսկ Հորադիզ կայարանըՙ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից փոքր հատվածներ, ինչպես նաեւ Շահումյանի շրջանը։
ՀՀՇ-ին հպատակ հայկական օրաթերթերից մեկը մի քանի անգամ վերջերս գրեց, թե հայկական կողմը Ադրբեջանին է զիջել Աղդամի, Հորադիզի եւ Ֆիզուլու շրջանները։ Ադրբեջանական մամուլը բացարձակապես չարձագանքեցՙ հավանաբար հաշվի առնելով դրանց բացարձակ անհեթեթությունը եւ չհիմնավորվածությունը։
Ինչ վերաբերում է ANS-ի տարածած տեղեկությանը, ապա, մեր կարծիքով, փորձ է արվել ստուգելու հայկական կողմի արձագանքը։ Տեղեկացնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների հակահայկական «ընտանիքում» ամենահակահայկականը ANS-ն է։ Այս հեռուստաընկերությունը տեսնում է ԼՂ հակամարտության կարգավորման մեկ ճանապարհՙ պատերազմ։
Թ. Հ.