«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2002-07-31 | #143, 2002-08-01 | #144, 2002-08-02


ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՆՈՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից հուլիսի 3-ին ընդունված Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Այն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ օրը կլուծարվի գործող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ կձեւավորվի նորը։

Ի տարբերություն գործող ԿԸՀ-ի, նոր հանձնաժողովը կազմավորված կլինի 9 անդամից. մեկական անդամ կնշանակվի ԱԺ-ում խմբակցություն ունեցող 6 կուսակցությունների ու դաշինքների եւ 3 անդամՙ ՀՀ նախագահի կողմից։ Դեռեւս գործող ԿԸՀ-ն բաղկացած է 13 անդամից. մեկական ներկայացուցիչ ունեն նախորդ գումարման խորհրդարանում խմբակցություններ ունեցող 5 կուսակցություններն ու դաշինքները եւ համամասնական ընտրակարգով 1999 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ու իրենց առաջադրումը պաշտպանող առնվազն 30 հազար վավեր ստորագրություններ ներկայացրած 5 կուսակցությունները, եւս 3 անդամ նշանակված է կառավարության կողմից։

Այսպիսով, նոր ԿԸՀ-ում ներկայացուցիչ ունենալու իրավունքից կզրկվեն «Հայոց համազգային շարժում», «Ինքնորոշում» միավորում, «Հզոր հայրենիք», «Շամիրամ», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները։ ԿԸՀ կազմում տեղերը կպահպանեն «Միասնություն» դաշինքը, «Օրինաց երկիր», ԱԺՄ, ՀՅԴ, ՀԿԿ կուսակցությունները։ Ինչպես տեղեկացրին ՀՅԴ, «Օրինաց երկիր» եւ ԱԺՄ կուսակցությունների գրասենյակների, նոր ԿԸՀ-ում իրենց գործունեությունը կշարունակեն նշված կուսակցությունների ներկայացուցիչներ Համլետ Աբրահամյանը, Արտաշես Ավոյանը եւ Պավել Եդիգարյանը։ Ըստ մեր ունեցած ոչ պաշտոնական տեղեկատվության, «Միասնություն» դաշինքը ներկայացված կլինի ՀՀԿ-ի կողմից նշանակված անդամով. չի բացառվում, որ ԿԸՀ-ում կուսակցությունը կներկայացնի Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Ալեքսանյանը։ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը, ըստ վերջինի ղեկավար Արտաշես Գեղամյանի, որոշում կկայացնի առաջիկայում։ Նշենք, որ տվյալ դաշինքը առաջին անգամ ներկայացուցիչ կունենա ԿԸՀ-ում։

Վերոհիշյալ օրենքը ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում կլուծարվեն նաեւ ՄԸՀ-ները եւ կձեւավորվեն թվով 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4