«Արմենիա» բանկի ավանդատուները մեղադրում են դատախազությանը
«Ազգի» խմբագրություն էր բերվել « Արմենիա» բանկի 3000 ավանդատուների բաց նամակը ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանին։ «Արմենիա» բանկի ավանդատուներն իրենց զարմանքն ու հիասթափությունն են հայտնում ս. թ. հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազից ստացված պատասխանի կապակցությամբ։ Այն ոչնչով, ըստ ավանդատուների, չի տարբերվել գլխավոր դատախազի տեղակալներ Ա. Խաչատուրյանի եւ Ա. Հովսեփյանի պատասխաններից։
Իսկ վերջիններս իրենց ուղղված այն դիմումին, որում ավանդատուներին թալանող են նշվել ՀՀ Կենտրոնական բանկն ու գլխավոր դատախազությունը, պատասխանել են «... միտումնավոր ձեւով հարցերի կոնկրետ պատասխանից շեղվելով 180 աստիճանով, որը իրավաբանորեն ընդունելի չէ, պատմական էքսկուրս կատարելով...»։
7 տարուց ավելի «խաբված ավանդատուի» կարգավիճակում հայտնված 3000 հոգին իրենց ավանդները չվերադարձնելու հետ կապված «հանցագործությունների նախաձեռնող» են համարում նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին։
Ըստ նամակի, կատարվել է հետեւյալը։ «Ելնելով ժողովրդի շահերիցՙ գլխավոր դատախազը ճանաչել է կասկածյալի մեղավորությունը, կատարել առգրավում (բռնագրավում) եւ իրացում։ Նույնիսկ այդ հանցագործությունը քիչ համարելովՙ ՀՀ գլխավոր դատախազությունը կատարում է կրկնակի հանցագործություն, ապրանքների մտացածին վերագնահատում, որի պատճառով ավանդատուներին պատճառվել է 163 հազ. ԱՄՆ դոլարի վնաս։ Դրա հետեւանքով բանկը հասցվել է լուծարման, այնինչ պետք է դիտվեր անվճարունակ եւ նրան հնարավորություն տրվեր իր գույքով պատասխանատվություն կրելու ավանդատուների առջեւ»։
Այնուհետեւ ավանդատուները, նաեւ բանկի լուծարային հանձնաժողովը նշում են, որ բանկի գործի 38 հատորներից եւ ոչ մեկում չկա առգրաված գույքի հանձնման-ընդունման որեւէ փաստաթուղթ, որ, օրինակ, գործով զբաղվող քննչական խմբերի առգրաված 13 նոր ավտոմեքենաների (բանկի կողմից ձեռք են բերվել 93.900 դոլարով) դեպքում փաստաթղթում չի նշվել ոչ մի մեքենայի մակնիշ։
«Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից քր. գործ հարուցել այն անձանց նկատմամբ, որոնք անօրինական կարգով կատարել են բռնագրավում եւ իրացում, որը նպաստել է շարժական ու անշարժ գույքի մասսայական թալանին եւ նյութական միջոցների փոշիացմանը», նամակում գրում են 3000 ավանդատուներն ու լուծարային հանձնաժողովը։
«Ազգի» կողմից ավելացնենք, որ նման դեպքերի ու դրանց երկարաժամկետ պատմության, թերեւս ամենածանր հետեւանքը ձեւավորող եւ արդեն առօրյա դարձած անվստահությունն է բանկային համակարգի նկատմամբ ընդհանրապես։
Այդ փաստարկված անվստահության պայմաններում եւ ոչ մի բանկ չի կարող նորմալ գործել։ Տարօրինակ է թերեւս նաեւ այն, որ բանկերը գրեթե ոչինչ չեն ձեռնարկում վստահություն ձեռք բերելու համար։ Գուցե թե, տարածված մոտեցման համաձայն, բանկերը նույնպես միջոցներ չեն ծախսումՙ չկարեւորելով վստահության հանգամանքը։
Եվ քանի դեռ իրավիճակը նույնն է, մեզանում սահմանափակ տարածում կունենան կրեդիտ քարտերը, իսկ կանխիկ գումարի մեծ մասի շրջանառությունը կշրջանցի բանկային համակարգը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ