«Միջազգային ահաբեկչությունը քաջալերող Վրաստանի» դեմ Ռուսաստանը սկսել է հոգեբանական պատերազմ
Չեչնիայիՙ Վրաստանին սահմանակից Իտում Կալեի շրջանում շարունակվում են բախումները ռուսական դաշնային ուժերի եւ չեչեն գրոհայինների ջոկատների միջեւ, որոնք Ռուսաստանի տարածք են անցել վարչականորեն Թբիլիսիին պատկանող Պանկիսի կիրճից։ Ռուսական կողմի տվյալներովՙ բախումներից դաշնային ուժերը կորցրել են 7 զինվոր, ըստ չեչեն անջատողականներիՙ 39։ Ռուս զինվորականները հայտարարում են, որ Պանկիսից Չեչնիա ներխուժած 60 գրոհայիններից սպանել են 29-ին, եւս 5-ին վերցրել գերի, մինչդեռ անջատողականները պնդում են, թե կորցրել են ընդամենը 5 մարտիկՙ 3 սպանված, եւս երկուսը գերվել են։
Մինչ մարտերը շարունակվում են ռուսական դաշնային ուժերի եւ չեչեն գրոհայինների միջեւ, Մոսկվան Վրաստանի դեմ սկսել է հոգեբանական, նյարդային պատերազմ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդունելով ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն Կոնստանտին Տոցկիին, հայտարարել է, որ ի տարբերություն վրաց ժողովրդիՙ Թբիլիսիի իշխանությունները Մոսկվայի հետ հարաբերություններում ազնիվ չեն։ Պուտինը վրաց ժողովուրդ ասելով նկատի ուներ առաջին հերթին վրացի հովիվ Լեւան Թելիձեին, որը, «վտանգելով կյանքը», ռուսական ուժերին տեղեկացրել էր Ռուսաստանի դեմ չեչեն գրոհայինների սպասվող հարձակման, Պանկիսի կիրճից Չեչնիա ներխուժելու մասին։ Պուտինը հովիվ Լեւանին պարգեւատրեց «Արիության շքանշանով», միաժամանակ առաջին անգամ հրապարակավ անուղղակի ակնարկեց, որ Մոսկվան կցանկանար Թբիլիսիում տեսնել նոր իշխանություն։
Նախագահ Շեւարդնաձեն, որի վարկանիշը Վրաստանում զրոյից մի փոքր է բարձր, իր հակասական հայտարարություններով ուղղակի զզվեցրել է Մոսկվային։ Բատոնո Էդուարդը երկու տարի շարունակ պնդում էր, թե Պանկիսում չկան չեչեն գրոհայիններ, իսկ ռուսական կողմի պնդումները որակում էր անհեթեթություն։ Ավելինՙ երբ չեչեն ահաբեկիչ Ռուսլան Գելաեւի ավազակախումբը Վրաստանի ՆԳ նախարարության ավտոմեքենաներով Պանկիսից անցավ Կոդորի կիրճ եւ այնտեղից հետ շպրտվեց ռուս-աբխազական միացյալ ուժերի կողմից, Շեւարդնաձեն հրապարակավ պաշտպանության տակ առավ Գելաեւինՙ նրան անվանելով բարձրագույն կրթությամբ, ողջախոհ անձնավորություն, որը «Կախեթի գյուղերում մեծ հեղինակություն է վայելում»։ Ռուսական կողմի ռազմական սպառնալիքների տակ Շեւարդնաձեն սկսեց խոստովանել, որ Պանկիսում կարող են լինել «զինված մարդիկ», ապա որոշ ժամանակ անց ստիպված էր հայտարարել, որ Պանկիսը չի գտնվում Թբիլիսիի վերահսկողության տակ։ Երեկ Շեւարդնաձեն ուշագրավ հայտարարություն արեց. «Այդ մարդիկ իրենք գիտեն, որ սա իրենց վերջին ամառն է Պանկիսում, մինչեւ աշուն նրանք պետք է հեռանան, քանզի զինված չեչեններին Վրաստանում անելու բան չկա»։
Մոսկվան բազմիցս Թբիլիսիին առաջարկել է Պանկիսի ահաբեկչական որջը վերացնելու նպատակով համատեղ գործողությունների դիմել, ինչին Վրաստանը կտրականապես դեմ է արտահայտվելՙ նշելով վրացական տարածքից ռուսական ռազմական գործողությունների անթույլատրելիությունը։ Վրացիները ռուսներին առաջարկում են մի տարբերակ, ինչը գործնականում անհնար է կյանքի կոչելՙ հսկել վրաց-ռուսական սահմանի 80 կիլոմետրանոց չեչենական հատվածը Ռուսաստանի կողմից, ավելի պարզՙ թույլ չտալ, որ Պանկիսում ապաստանած չեչեն, արաբ, սեւամորթ ահաբեկիչներն անցնեն Ռուսաստանի տարածք։
ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովը Բրունեյում իր ամերիկացի պաշտոնակից Քոլին Փաուելի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ «միջազգային ահաբեկչության նման գործողությունները հարեւան պետության տարածքից այլ կերպ չեն կարող գնահատվել, քան ագրեսիա»։ «Եթե վրացական ղեկավարությունն ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրը, ապա անհրաժեշտ են միջազգային հանրության գործողություններ», ասել է Իվանովըՙ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով ԱՄՆ-ին։ Իր հերթին Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մենաղարիշվիլին հայտարարեց, որ Իվանովի հայտարարությունը եւ ռուսական կողմի քայլերը փորձ են «ցանկացած միջոցով արդարացնելու վերջին օրերի ռուս զինվորականների ագրեսիվ գործողությունները, երբ անիմաստ ռմբահարվում են վրացական անմարդաբնակ տարածքները»։
Վաշինգտոնի պատասխանը սպասեցնել չտվեց։ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը երեկ հայտարարեց. «Մենք մշտական շփումների մեջ ենք Ռուսաստանի եւ Վրաստանի կառավարությունների հետ եւ միանշանակ պաշտպանում ենք Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք լուրջ մտահոգությամբ ենք վերաբերվում այդ ինքնիշխանության խախտման յուրաքանչյուր հաղորդագրությանը։ Ահա թե ինչու մենք ուշադիր հետեւում ենք ռուս-վրացական սահմանին ռուսական զորքերի եւ զինված չեչեն խմբերի բախումների մասին հաղորդագրություններին։ Ինչ վերաբերում է Պանկիսի կիրճի խնդրին, ապա դա պետք է վճռի վրացական կառավարությունը»։
ԱՄՆ-ի դիրքորոշումը վրաց-ռուսական վիճահարույց խնդիրներում ակնհայտ է։ Սակայն անհասկանալի է, թե ինչ ձեւով պետք է Պանկիսի խնդիրը վճռի վրացական կառավարությունը, ինչպես պնդում է Ռիկերը, երբ Պանկիսն արդեն երեք տարի միջազգային ահաբեկիչների վերահսկողության տակ է։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ