«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2002-07-31 | #143, 2002-08-01 | #144, 2002-08-02


ՄԵՋԼԻՍՆ ԸՆԴԱՌԱՋԵՑ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԲԱՀՉԵԼԻԻՆ

Նոյեմբերի 3-ին Թուրքիայում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ են

Հուլիսի 31-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի լիագումար նիստում քննարկվեց ս. թ. նոյեմբերի 3-ին երկրում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարցը։ Քննարկումների ավարտին ընտրությունների անցկացմանը կողմ քվեարկեց 449 պատգամավոր, 62-ըՙ դեմ, իսկ 3 պատգամավոր մնաց ձեռնպահ։ Այսպիսով Մեջլիսը փոխվարչապետ Դեւլեթ Բահչելիի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջարկին համապատասխան որոշեց առաջիկա ընտրությունները վաղաժամկետՙ ս. թ. նոյեմբերի 3-ին անցկացնել։

550 տեղանոց Մեջլիսում քվեարկությանը մասնակցեց 514 պատգամավոր։ Ինչ վերաբերում է այն 62 պատգամավորին, որոնք դեմ էին քվեարկել, բացառապես վարչապետ Բյուլենթ Էջեւիթի Ձախ ժողովրդավարական կուսակցության պատգամավորներն են։ Ուրեմն ընտրությունների հարցում այդ կուսակցությունը հակադրվել է մնացած բոլորին, որոնցից Ազգայնական շարժում կուսակցությունը Մեջլիսում ունի պատգամավորական 127 տեղ, Թանսու Չիլլերի «Ճշմարիտ ուղի» կուսակցությունըՙ 85, Մեսութ Յըլմազի «Մայր հայրենիք» կուսակցությունըՙ 79, Իսմայիլ Ջեմի «Նոր Թուրքիա» կուսակցությունըՙ 61, Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարության եւ բարգավաճման» կուսակցությունըՙ 53, Ռեջաի Քութանի «Երջանկություն» կուսակցությունըՙ 48։ Անկախականներն ունեն 13 տեղ, իսկ 17 տեղ թափուր է։ 5 տեղեր ունեն նաեւ գրպանային մի քանի կուսակցություններ։

Այդ ընթացքում Մեջլիսի համապատասխան հանձնաժողովը քննարկեց եւ հավանություն տվեց Եվրամիության հետ ներդաշնակության օրենքների փաթեթին, որը երեկ ներկայացվեց պատգամավորների քվեարկությանը։ Թուրքական պետհեռուստատեսության տվյալներովՙ հանձնաժողովի անդամները, ենթադրություններին հակառակ, ընդհանուր հայտարարի են եկել այնպիսի օրենքների շուրջ, ինչպիսիք են երկրում մահապատժի վերացումը եւ էթնիկ խմբավորումներին մայրենի լեզվով ուսուցման իրավունքի տրամադրումը։ Իսկ ազգայինփոքրամասնություններին պատկանող համայնքային սեփականության տնօրինման օրենքը բուռն բանավեճերի տեղիք է տվել։

Ինչպես հայտնի է, հայերը Թուրքիայում ազգային փոքրամասնության Լոզանի պայմանագրով հաստատված կարգավիճակ ունեն եւ համայնքային զգալի սեփականություն։ Չնայած բանավեճերին, նշված օրենքը ձայների 11 կողմ¬10 դեմ հարաբերակցությամբ ԵՄ-ի պահանջներին համապատասխան բարելավվել է։

Հուլիսի 31-ին Անկարայում վարչապետ Էջեւիթի գլխավորությամբ գումարվել է նաեւ ռազմական գերագույն խորհուրդը, որի աշխատանքներին մասնակցում են գլխավոր շտաբի ներկայացուցիչներն ու բոլոր զորահրամանատարները։ Խորհրդի աշխատանքներն ավարտվելու են շաբաթ օրը։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Հուսեյին Քըվրըքօղլուին կփոխարինի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հիլմի Օզքյոքը։ Մյուս նշանակումները հայտնի կդառնան խորհրդի աշխատանքների ավարտին, իսկ նրա որոշումներն ուժի մեջ կմտնեն նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հաստատումից հետո։

Գլխավոր շտաբի առաջիկա պետը «Հյուրիեթի» գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքի ավագ եղբայրն է։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4