«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2002-07-31 | #143, 2002-08-01 | #144, 2002-08-02


ՍՏԵՂԾՎՈՒՄ Է «ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ԸՆՏՐԱՆԻ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մշակույթ եւ զարգացում» լայնածավալ ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ծրագրավորման եւ համագործակցության վարչությունը սկսել է «Հայ արվեստի ընտրանի» տեղեկատվական շտեմարանի ստեղծումը։

Ինչպես տեղեկացրեց փոխնախարար Ալիս Ադամյանը, արդեն ավարտին են հասցվել 50 ժամանակակից արվեստագետների մոտ 500 ստեղծագործությունների ինտերնետային էջերի աշխատանքները, որոնք շուտով կթողարկվեն երեք լեզուներովՙ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Սկսվել է կին արվեստագետների աշխատանքների գունավոր վերատպությունների տեղադրումը, դրանց մասին տեղեկությունների մուտքագրումը։

Ըստ Ա. Ադամյանի, հետագայում շտեմարանը կհարստացվի Հայաստանի տարբեր մարզերի արհեստագործության, ազգային փոքրամասնությունների, հայ դասական արվեստի, տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողների անհատական էջերով։ Այստեղ ընդգրկվելու են նաեւ Արցախի, Ջավախքի, Սփյուռքի առաջադեմ արվեստագետների աշխատանքները։ Հեռանկարում կա այս ծրագրի լազերային սկավառակների արտադրությունը։

Փոխնախարարը նշեց, որ ծրագիրը ազգային մշակույթի պահպանման, զարգացման, միջազգային ասպարեզում ինտեգրման, այն Հայաստանի, արտերկրի արվեստասեր հասարակությանը պատշաճ ներկայացնելու, երիտասարդների հոգեւոր եւ գեղագիտական զարգացումն ապահովելու նպատակներ է հետապնդում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4