Հայաստանի փոքրիկ երգիչները հիացնում են
Կանադայից Լիլիթ Գրիգորյանը հաղորդում է, որ Մոնրեալում եւ Տորոնտոյում Հայաստանից մաեստրո Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ ժամանած փոքրիկ երգիչների համերգներին տոմս ճարելն իսկական պրոբլեմ է եղել։ Բոլոր տոմսերն օրեր առաջ վաճառվել են։ Հուլիսի 27-ին համերգը կայացել է կաթոլիկների «Սենտ Ժոզեֆ» եկեղեցում։ Առաջին մասում, որն ընդգրկել է տարբեր ազգությունների 5¬20-րդ դարերի հոգեւոր եւ ժամանակակից երգեր, դահլիճը քար լռությամբ հետեւել է փոքրիկների «պրոֆեսիոնալ» կատարումներին։ Վերջում իր հրճվանքն ու երախտագիտությունը հայտնելու մղումով օտարազգի ներկաներից մեկը բացականչել է. «Աստված օրհնի Ձեզ։ Դուք մեծ առաքելություն եք ձեր վրա վերցրել։ Այսօր դուք մեզ օգնեցիք լսելու երկնային սուրբ հնչյուններ եւ հաղորդակցվելու բարձրյալի հետ»։ Երկրորդ մասում հնչել են առավել թեթեւ ստեղծագործություններ, իսկ երրորդ մասում յուրաքանչյուր երգից հետո դահլիճը հոտնկայս ծափահարել է երգչախմբին։ Վերջում գեղարվեստական ղեկավար, «FACE» սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Թեոդորա Ստաթոպուլոսն իր գոհունակությունն արտահայտելով ասել է. «Շնորհավորանքներ արտակարգ կատարումների համար։ Ես մեծ բավականություն ստացա համերգից, որը լի էր բազմազանությամբ եւ աշխույժ դինամիզմով։ Լավագույն ցանկություններ ձեզՙ հետագա ձեր շրջագայությունների ընթացքում»։
Հուլիսի 29-ին երգչախումբը նույն հաջողությամբ եւ նույն վարպետությամբ ելույթ է ունեցել Տորոնտոյի կորեական պրեսբիտերական եկեղեցու դահլիճում։ Ապշեցուցիչ կատարումների ընթացքում սերտ կապ է հաստատվել ունկնդիրների եւ երգչախմբի միջեւ։ Երեխաները, մոռանալով, որ նույն օրն են ժամանել այդ քաղաքը եւ հոգնած են, իրենց աշխուժությամբ ու ջերմությամբ այնքան են ոգեւորել հանդիսատեսին, որ վերջինս դարձյալ հոտնկայս եւ երկարատեւ ծափահարել է ուժգնորենՙ թնդացնելով ամբողջ դահլիճը։
Համերգին ներկա է եղել կարկառուն անձնավորությունների մի ամբողջ հույլ։ Կանադայում ՀՀ դեսպան Արա Պապյանն այնքան է հուզված եղել, որ բառեր չի գտել արտահայտելու իր հիացմունքը։
Հ. Ծ.