ՓԱՐԻԶ, 1 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարիզում լույս է տեսել հայ-ալժիրական ծագմամբ հեղինակ Ֆարիդ Բուդելալի «Մեմե դ՚Արմենի» («Հայաստանցի տատիկը») վերնագրով պատկերագիրքը։
Իր բովանդակությամբ աննախադեպ այս գիրքը, ըստ «Ազատության», մեծ հետաքրքրությամբ է ընդունվել հայ համայնքում։ Այն ունի ինքնակենսագրական բնույթ, որի հերոսիՙ մահմեդական դավանանքի տեր փոքրիկ Մահմուդի, կյանքը փոխվում է այն ժամանակ, երբ նա հայտնաբերում է իր քրիստոնյա, ցեղասպանությունից փրկված հայ տատիկին, որն ամուսնու մահից հետո Ալժիրից գալիս է Ֆրանսիա եւ հաստատվում որդու ընտանիքում։ Չնայած հայ-ալժիրական ամուսնությունները հազվադեպ են, բայց հեղինակի տատըՙ Մարի Պետրոս Կարամանյանը, ինչպես ցույց է տալիս նրա անունը, հայ էր։ «Պապս հանդիպել էր նրան դարասկզբին, Թուրքիայում, ամուսնացել, մինչդեռ մեծ մորս ընտանիքը զոհ էր գնացել թուրքական հալածանքներին, նրանք արտագաղթել են Թուրքիայից եւ մեկնել Ալժիր, ուր ծնվել է հայրս»,¬ հայ համայնքի հետ ունեցած մի հանդիպման ժամանակ պատմել է գրքի հեղինակը։ Հեղինակի խոսքերով, նրա տատը խորապես հավատացյալ էր, եւ այն, ինչ պահպանել էր Հայաստանից, ամենից առաջ հավատն էր։ Նա երբեք չէր խոսում իր ընտանիքի պատմության, ցեղասպանության մասին։ «Չնայած դրան, ես միշտ էլ տեղյակ եմ եղել այդ պատմությանը», ասել է հեղինակը։ «Մեմե դ՚Արմենի» գրքում հայ տատի արցունքներն են պատմում ամեն ինչ այն ժամանակ, երբ նա, իր բազմանդամ ընտանիքի լուսանկարը ցույց տալով թոռանը, բացատրում է, թե ոչ իր ծնողները եւ ոչ էլ իր ընտանիքի մյուս անդամները չեն մահացել իրենց բնական մահով։