Եթե մեր մոլորակում եղած գումարները չվերաբաշխվեն սոցիալական արդարության սկզբունքով
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Թեեւ Հայաստանը ՄԱԿ-ի Մարդկային զարգացման 2002 թ.-ի զեկույցում զբաղեցնում է ընդամենը 76-րդ տեղը, այնուամենայնիվ, ավելի բարձր տեղում է, քան մեր հարեւան պետությունները», երեկ զեկույցի շնորհանդեսին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում։
ԵԱՀԿ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվն էլ ասաց, որ այսօր կարեւոր է ոչ թե այն, թե Հայաստանն ինչ տեղ է զբաղեցնում 2002 թ.-ի ցուցանիշներով, այլ թե ինչ պատրաստակամություն ունի այդ ցուցանիշները հետագայում ապահովելու առումով։ Նա մի քանի շեշտադրումներ արեց։ Այսպես, պրն Ռիվի խոսքերով, Հայաստանում քաղաքացիական հասարակությունը տրոհված մի պատկեր է ներկայացնում։ Եվ չկան մեխանիզմներ, որոնցով նրա ձայնը լսելի կլիներ։ ԵԱՀԿ ներկայացուցիչն առանձնացրեց զանգվածային լրատվամիջոցների ազատության եւ անկախության հարցը։ «Սա մեզ համար ամենաէական խնդիրներից մեկն է այստեղՙ հատկապես նկատի ունենալով, որ երկիրը երեք ընտրությունների եւ սահմանադրական բարեփոխումների շեմին է։ Այնպես որ մենք միջազգային մի շարք գործընկերների հետ աշխատում ենք ԶԼՄ-ների մասին նոր օրենքի մշակման ուղղությամբ։
Ռադիոյի եւ հեռուստատեսության գործող օրենքն էլ բարեփոխումների կարիք ունի»։
Մյուս ամենակարեւոր հիմնահարցն, ըստ Ռ. Ռիվի, բանակի թափանցիկ լինելու խնդիրն է։ «Անհրաժեշտ է ոչ միայն այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն ապահովող օրենքի ընդունում։ Բանակային համակարգը պիտի ավելի բաց լինի։ Մենք պիտի տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ»։
Սա մարդկային զարգացման տարեկան զեկույցի պարտադրանքով հայացք էր հայաստանյան հրատապ խնդիրներին։ Բայց շնորհանդեսին նաեւ անդրադարձ եղավ զեկույցին ընդհանուր առմամբ, որն այս տարի վերնագրված է «Ժողովրդավարության զարգացումը մասնատված աշխարհում»։ Զեկույցը հիմնական մի եզրահանգում է բերում, համաձայն որի աշխարհը չի կարող կառուցել արդյունավետ եւ համատարած ժողովրդավարություն բեւեռացվածության ու մասնատվածության իր այսօրվա աստիճանով։ Այսպես, դժվար է խոսել ժողովրդավարական նորմերի ամրագրման մասին, երբ աշխարհի բնակչության ամենահարուստ հատվածի մեկ տոկոսը տարեկան ստանում է այնքան եկամուտ, որքան աղքատ հատվածի 57 տոկոսը։ Կամ, մեկ այլ ձեւակերպումով, երկրագնդի ամենահարուստ բնակչության հինգ տոկոսն ունի 114 անգամ ավելի շատ կարողություն, քան ամենաաղքատ բնակչության հինգ տոկոսը։ Եվ եթե գլոբալիզացիա կոչվող առաջընթացը շարունակվի նույն տեմպերով, ապա աշխարհում սովն իսպառ վերացնելու համար կպահանջվի 130 տարի։
Սոցիալական անարդարությունն աշխարհի միակ հիմնահարցը չէ։ Կա նաեւ երկրի բնակչության անմիջական անվտանգության խնդիր, քանզի քաղաքակիրթ աշխարհն իր բոլոր կառույցներով հանդերձ չի կարողանում խաղաղություն երաշխավորել։ 1990-ականներին պատերազմների հետեւանքով եղել է 220.000, քաղաքացիական հակասությունների հետեւանքովՙ 3,6 մլն մարդկային զոհ։ Նախորդ տասնամյակների համեմատությամբ աճել է նաեւ փախստականների ու տեղահանվածների թիվըՙ շուրջ 50 տոկոսով։ Նման վիճակագրության ֆոնին բուն ժողովրդավարական նորմերի զարգացման վիճակը բավականին մեղմ է թվում։
Այնուամենայնիվ, աշխարհի 140 երկրներից, ուր տեղի են ունենում բազմակուսակցական ընտրություններ, միայն 80-ն են ամբողջովին ժողովրդավարական։ 106 երկրներում էլ հիմնական քաղաքացիական եւ քաղաքական ազատությունները դեռեւս սահմանափակ են։