«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2002-08-01 | #144, 2002-08-02 | #145, 2002-08-03


ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՌՈՄԱՆՏԻԶՄԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ ԵՎ ՊԱՐԶՈՒՆԱԿ ՄՏՔԵՐՈՎ

Ահաբեկիչնե՞րը, թե՞ նման կարծիք ունեցողը

Արդարադատության նախարարը «Հոկտեմբերի 27»-ի գործով երեկվա դատական նիստի ընթացքում բավականին մանրամասն հիշեց ահաբեկչության օրվա որոշ դետալներ։ Տուժողը հատկապես հստակ էր հիշում այն ամենը, ինչին ուշադրություն էր դարձրել։

Տուժող, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչել մինչեւ ահաբեկչությունը։ Նա նկատել է Կարեն Հունանյանի ներխուժելն ու Վազգեն Սարգսյանի վրա, հետո նաեւ դեպի նախագահության կողմ կրակելը։

Ըստ արդարադատության նախարարի, սկզբում շատ մեծ լարվածություն է եղել, հետո պահանջել են հանձնել զենքերն ու բջջայինները։ Ապա հետեւել են հեռախոսազանգերը։

Դավիթ Հարությունյանի կարծիքով, ահաբեկիչների տրամադրության անկումը սկսվել է այն պահից, երբ նրանց համար պարզ է դարձել, որ ԱԺ շենքի մոտ ոչ մի ժողովուրդ էլ չի հավաքվում։

Պատասխանելով մեղադրողների հարցերինՙ տուժողը նշեց, որ Սերժ Սարգսյանին կամ Սուրեն Աբրահամյանին ահաբեկիչները, իր կարծիքով, փնտրում էին սպանելու նպատակով։ Ըստ պրն Հարությունյանի, ահաբեկիչներն անգամ նախարարներին դեմքով չեն ճանաչել, քանի որ նրանցից մեկն իրեն է դիմել որպես ֆինանսների նախարարի։

Արդարադատության նախարարը հայտնեց, որ միայն հեռախոսային մեկ խոսակցություն է լսել. Դերենիկ Բեջանյանը խոսել է ինչ-որ «քեռու» հետ։ Դիմելով «քեռուն»ՙ Բեջանյանն ասել է. «Լսե՞լ ես ի՞նչ է եղել ԱԺ-ում, այդ մենք ենք։ Այսօր չենք գա տուն, երեխային վերցրու քեզ մոտ»։ Դավիթ Հարությունյանի այն հարցին, թե ով է քեռին, Բեջանյանը պատասխանել է, որ մեծ մարդ է, որին քեռի են ասում։

Տուժողը հստակ հիշում էր նաեւ, որ դեպի կարմիր նախասրահ տանող 3-րդ դռան մոտ կենդանի վահան կանգնած ժամանակ տեսել է Վռամ Գալստյանիՙ կրակահերթի պատրաստ զենքը, որի կոթը ծալովի էր։ Դավիթ Հարությունյանն ուշադրություն է դարձրել նաեւ այն հանգամանքին, որ Էդիկ Գրիգորյանի մոտ 2 տեսակի զենք է եղել։ Մեկըՙ «Մակարով», որ լիցքաթափել է Դավիթ Հարությունյանը։ Մյուս զենքը տուժողին անհայտ տեսակի էր, որից նաեւ Էդիկ Գրիգորյանն, ըստ էության, չի կարողացել գլուխ հանել, քանի որ, ըստ պրն Հարությունյանի, երկար փորձել է այդ զենքը կարգի գցել։

Դավիթ Հարությունյանը զրուցել է Դերենիկ Բեջանյանի եւ Էդիկ Գրիգորյանի հետ։ Բեջանյանն, ըստ նախարարի, դժվար զրուցակից էՙ խոսելով միայն կարճ «այո»-«ոչ»¬երով։ Երկուսն էլ, պրն Հարությունյանի կարծիքով, գտնվել են Նաիրի Հունանյանի ազդեցության տակ, երկուսն էլ պարզունակ մտքեր են արտահայտել։

Սպանություններից Վազգեն Սարգսյանինը, Կարեն Դեմիրճյանինը, Յուրի Բախշյանինը տուժողը համարեց նպատակային։

Պատասխանելով հետագա հարցերինՙ նախարարը շեշտեց, որ երկրորդ կրակոցները եղել են դահլիճի վերջից։ Տուժողի տպավորությամբ եւ համոզմամբ, ահաբեկիչները «հեղափոխական ռոմանտիզմի գաղափարներով» էին տարված եւ սպասում էին ժողովրդի գալուն։

Ինչ վերաբերում է «27»-ի գործով ամբաստանյալների վրա համաներման տարածմանը, ապա արդարադատության նախարարն ասաց, որ համաներումը քաղաքականություն է եւ չի որոշվում ամբաստանյալներով։

Դավիթ Հարությունյանը մի քանի անգամ դատարանում, ապա նաեւ դրսում այն համոզմունքը հայտնեց, թե ահաբեկիչները հեղափոխական ռոմանտիզմի գաղափարներով էին եւ պարզունակ մտքեր էին արտահայտում։

Թերեւս նման համոզմունքը չխաթարելու համար էլ Նաիրի Հունանյանն իր վիրտուոզ հարցերից եւ ոչ մեկը չարժանացրեց Դավիթ Հարությունյանին։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4