«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2002-08-01 | #144, 2002-08-02 | #145, 2002-08-03


ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻՆ ՔԱՀԱՆԱ Է ՊԵՏՔ»

Շիրակի թեմի առաջնորդի կարծիքով, թեմի հիմնական խնդիրը քահանաների պակասն է

Շիրակի թեմը Հայ առաքելական եկեղեցու պատմական թեմերից է, որտեղ ապրում է Հայաստանի թերեւս ամենաավանդապաշտ ժողովուրդը։ Այդպես է եղել միշտ։ Բայց այսօր «աղետի գոտի» պիտակն իր գիտակցության մեջ ծանրորեն կրող ժողովրդին հոգեւոր մեծ ուժ ու հավատ է պետքՙ դիմակայելու սովորական դարձած առօրյա դժվարություններին։ Այս առումով է, որ Շիրակի թեմը իր կարեւոր առաքելությունը պետք է ունենա։ Ինչպիսի՞ն է թեմի վիճակն այսօր, ի՞նչ խնդիրներ ու մարտահրավերներ ունի. այս մասին էր թեմակալ առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հետ ունեցած զրույցը։

«Մեր ուժերի սահմաններում պրպտում ենք», թեմի գործունեության մասին ասում է Միքայել Սրբազանը։

Շիրակի թեմի ներկայությունն այսօր զգալի է Գյումրու դպրոցներից մինչեւ ազատազրկման վայրեր։

Թեմում գործում է մեկ կիրակնօրյա դպրոց։ Փոխարենը Գյումրու բոլոր հանրակրթական դպրոցներում, բացառությամբ մեկ-երկուսի, ինչպես նաեւ մի շարք գյուղական դպրոցներում դասավանդվում է կրոնի առարկա։ Ուսուցիչների վերապատրաստումն ու վճարումը թեմի ու Մայր աթոռի միջոցներով են։ Դասագրքերի հարցը եւս լուծում է Մայր աթոռը։ Իսկ պակասը փորձում է լրացնել թեմը։ Վերջերս միջազգային «World vision» կազմակերպության օգնությամբ թեմում հնարավոր եղավ վերահրատարակել բավականաչափ դասագրքեր։ Թեմի միջոցներով հրատարակվեց նաեւ մոտ 3000 օրինակ «Քրիստոնեական», որ բաժանվում է հավատացյալներին։

Առաջնորդարանին կից սկսել է գործել մշակութային բաժին, որի շուրջ 10 արտադպրոցական խմբակներում մոտ 300 երեխաներ ու երիտասարդներ հնարավորություն ունեն սովորելու օտար լեզուներ, ասեղնագործություն, համակարգչային աշխատանք, պար, երգ, զբաղվել սպորտով եւ այլն։

Շիրակի թեմը շարունակում է նաեւ բարեգործական իր առաքելությունը։ Կանադայի, Ամերիկայի եւ Ավստրիայի հայոց առաջնորդարանների որբախնամ կազմակերպությունների միջոցով թեմը դրամական օգնություն է ցուցաբերում մինչեւ 18 տարեկան բազմաթիվ որբերի, որոնց թիվը 1989-ից մինչեւ հիմա 1000-ների է հասնում։

Արթիկի ուղղիչ աշխատանքային գաղութ այցելողի աչքից չեն կարող վրիպել կալանավորների ննջարաններում շատերի սնարներին փակցված սրբապատկերները։ Ազատազրկվածների հավատքի ամրապնդմանն անշուշտ օգնում են Միքայել Սրբազանի հաճախակի այցելությունները։ Իսկ այս տարվանից Հայ եկեղեցու նվիրական տոներից մեկըՙ Ելն ի վիրապեն տոնը, որ խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի բանտարկությունից դուրս գալը, թեմում հռչակված է բանտարկյալներին այցելության օր։ Այդ օրը կալանավորների համար մատուցվում է Սբ. պատարագ, բաժանվում է մատաղ։ Առաջիկայում ծրագրվում է կառուցել նաեւ փոքրիկ մատուռ Արթիկի գաղութում։

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի 2000 թ. Շիրակ կատարած հովվապետական այցի ընթացքում հաճախ կարելի էր լսել շիրակցու խնդրանքըՙ իր շենում նոր եկեղեցու կառուցմանն օժանդակելու համար։

Ըստ թեմակալ առաջնորդի, այդ առումով առաջնային է նկատվում նախկին շրջկենտրոններում ու քաղաքներում եկեղեցիների վերականգնման հարցը։ Այսօր տեղացի բարերարների ու բնակչության միջոցներով վերակառուցվում է Աշոցքի Սբ. Աստվածածինը, նոր եկեղեցի է կառուցվում Ամասիայում։ Շուտով կսրբագործվեն Գյումրու Սբ. Նշան եւ նորակառույց Սբ. Հակոբ եկեղեցիները։ «Ամենափրկիչ» հիմնադրամի միջոցներով շարունակվում է երկրաշարժից խոնարհված Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցումը։

Այդուհանդերձ, ո՞րն է թեմի հիմնական դժվարությունը։

«Ժողովուրդը քահանա է ուզում, եւ նրան քահանա պետք է։ Կրոնական կյանքը աշխույժ է, սակայն քահանաների պակասը ուղղակի սպանում է կրոնական կյանքը։ Հաճախ են գյուղերից գալիս Գյումրիՙ որեւէ ծեսի համար քահանա հրավիրելու, իսկ քահանա չկա։ Վերադառնում են ձեռնունայն։ Գալիս են երկրորդ, երրորդ անգամ։ Չորրորդ անգամ այլեւս չեն գալիս։ Եվ այդ գյուղում քրիստոնեական ծեսը վերանում է։ Այնպես որ քահանաների պակասը անուղղելի վնաս է հասցնում կրոնական կյանքին», ասում է Միքայել Սրբազանը։

Ըստ թեմակալ առաջնորդի, քահանաների քանակի իմաստով Շիրակի թեմը ամենատխուր պատկերն ունիՙ հաշվի առնելով նաեւ ժողովրդի պահանջները։ Շիրակի թեմի շուրջ 360 հազար բնակչությանը սպասավորում է ընդամենը 6 քահանա։ Դա նշանակում է, որ 60 հազար մարդուն հովվում է ընդամենը մի քահանա։ Գործող եկեղեցիներից մնայուն քահանաներ ունեն միայն երեքըՙ Գյումրու առաջնորդանիստ եկեղեցին, Հառիճավանքը եւ Մարալիկի եկեղեցին։ Մյուսներն, օրինակՙ Ազատանի Սբ. Հարությունը կամ Արեւշատի ու Սպանդարյանի եկեղեցիները, հոգեւոր սպասավոր չունեն, եւ այս ու մյուս եկեղեցիներում լավագույն դեպքում պատարագ է մատուցվում տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ։ Սա այն դեպքում, երբ թեմում վերջին տարիներին կառուցվել ու կառուցվում են նոր աղոթատներ, վերակառուցվում են պատմական եկեղեցիները։ Սրբազան հոր հաշվարկով, որի հիմքում ոչ թե գործող եկեղեցին է, այլՙ ծուխը, միայն Գյումրիում անհրաժեշտ է 20 հոգեւորական։ Սրանք սոսկ թվաբանական պարզ հաշվարկներ չեն, այլ իրականություն, որ հուզում է ոչ միայն թեմակալ առաջնորդին։

Քահանաների եւ ընդհանրապես հոգեւորականության պակասը, որն, անշուշտ, մեկ օրում լուծելիք խնդիր չէ, հատկանշական է Հայաստանյայց բոլոր թեմերին եւ Մայր աթոռի ուշադրության կենտրոնում է։

1992 թ.-ից Գյումրիում գործում է եռամյա հոգեւոր ընծայարանը։ Սակայն մինչեւ անցած տարի ընծայարան ավարտած սաներն իրենց ուսումը վերսկսում էին Գեւորգյան հոգեւոր ճեմարանումՙ նստելով առաջին լսարան։ Անցած տարվանից դպրանոցի եռամյա դասընթացն ամբողջովին համապատասխանեցված է Գեւորգյան ճեմարանի առաջին երեք լսարանների ծրագրին, եւ Սրբազան հայրը, որ նաեւ դպրանոցի տեսուչն է, ակնկալում է, որ անցման քննություն հանձնելով դպրանոցի շրջանավարտն ուսումը կարող է շարունակել արդեն ճեմարանի 4-րդ լսարանից։ Այսօր դպրանոցում սովորում են միայն շիրակցիներ եւ Վեհափառ հայրապետի հավաստմամբ, Գյումրու շրջանավարտները, ամբողջական ուսում ստանալուց եւ ձեռնադրվելուց հետո, կվերադառնան Շիրակի թեմ։ Սա կօգնի խնդրի լուծմանը։

Եվ վերջապես աղանդների տարածման հարցը, որ հաճախ է տրվում հոգեւորականին։ «Շիրակում աղանդները չեն կարող արմատներ նետել։ Դա նույնիսկ մեզանից անկախ է, որովհետեւ Շիրակի ժողովուրդը մոմ սիրող, ժամի պատը համբուրել սիրող, սրբապատկեր սիրող, մատաղ սիրող ժողովուրդ է։ Աղանդները դրանց դեմ են խոսում։ Ո՞նց կարող է շիրակցին հետեւել նրանց ու մոմ չվառել, մատաղ չանել։ Անշուշտ, եթե մենք լավ աշխատենք, ապա աղանդներ ընդհանրապես չեն լինի», գոնե այսչափ լավատես է Միքայել Սրբազանը։

ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ, Հատուկ «Ազգ»-ի համար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4