«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2002-08-01 | #144, 2002-08-02 | #145, 2002-08-03


ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ԶՎԱՐԹՆՈՑԸ

«Միավորված հայեր» հասարակական-քաղաքական կազմակերպությունը նախաձեռնել է Զվարթնոցի տաճարի վերականգնումը։ Ստեղծվել է Զվարթնոցի վերականգնման հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում են ճանաչված մտավորականներ Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Ջիմ Թորոսյանը, Տիրան Մարությանը, Պարգեւ արք. Մարտիրոսյանը, Շահե արք. Աճեմյանը...

Կազմակերպիչները կոչով դիմել են Հայաստանում եւ սփյուռքում ապրող հայությանըՙ միավորվել վերականգնելու համար Զվարթնոցի տաճարը։ Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար մեկ միլիոն դոլար է անհրաժեշտ։ Աշխատանքները կսկսվեն, երբ հավաքվի նշված գումարի կեսը։

Հանգանակությունը սկսվել է այս տարվա մարտին։ Մինչ այժմ հավաքված գումարը 10 հազար դոլարից քիչ ավելի է դեռեւս, հատկանշական է սակայն, որ նախաձեռնությանը մեծ թվով մարդիկ են մասնակցում։ Գաղափարը լայն արձագանք գտավ։ Զվարթնոցի վերականգնման հաշվին ամեն օր գումար է փոխանցվում, մասնակցությունն արտահայտվում է անգամ 100 դրամով։ «Միավորված հայեր» կուսակցության վարչության նախագահ Ռուբեն Ավագյանի խոսքերով, երբեմն զանգում են տարեց մարդիկ, ովքեր խնդրում ենՙ գալ գումարն իրենց տնից վերցնել, որովհետեւ ֆիզիկապես չեն կարող ցանկությունն իրականացնել։ Ի դեպ, հավաքված գումարն իր գերակշիռ մասով Հայաստանում է հանգանակվել, ու եթե լինի սփյուռքի մասնակցությունը եւս, Զվարթնոցի վերականգնմանը երկար չենք սպասի։ Պարզապես անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հայ, թեկուզ փոքր գումարով մասնակցի այս գործին։ Ինչպես Ռուբեն Ավագյանն է ասում, Զվարթնոցը մի օր անպայման վերականգնվելու է։ Թերեւս այս մասշտաբի եւ կարեւորության գործի համար 1 միլիոն դոլարն այնքան էլ մեծ գումար չէ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդպիսի գումարներ չէ, որ ծախսվում են անձնական «հրաշալիքներ» ունենալու համար։ Հուսանք, որ դրանց կողքին երբեւէ կհառնի իսկական հրաշալիք Զվարթնոց տաճարը։

«Հայխնայբանկի» Մյասնիկյանի մասնաճյուղում գումարը հանգանակվում է հետեւյալ հաշվեհամարով.

Հ/հ 16044 8017584 դրամ

Ա/հ 16044 8217580 ՌԴ ռուբլի

Ա/հ 16044 8117582 ԱՄՆ դոլար

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4