«Հայ ժողովրդի ցրված բնակեցումը, որ դարասկզբին Թուրքիայի կազմակերպած եղեռնի հետեւանք է, մինչեւ հիմա եղել է մեր ցավը, մեր մտատանջությունը։ Եվ դա բնական է, որովհետեւ հայերիս ընդհանուր թվի շուրջ 3/4-ն ապրում է մի քանի տասնյակ երկրներում եւ միայն 1/4-ըՙ հայրենի երկրումՙ Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն ժամանակները փոխվել են, փոխվել են նաեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները։ Այժմ այլ երկրներում ապրող հայերը հնարավորություն ունեն իրենց ապրած երկրի գիտատեխնիկական նվաճումները բերել եւ ներդնել հայրենի երկրում։ Ի դեպՙ պատերազմից հետո, ճապոնացիներն իրենց բուհերն ավարտած երիտասարդներին ուղարկեցին արտասահմանյան զարգացած երկրների համապատասխան բուհերում գիտելիքները խորացնելու, ավելի պարզ ասածՙ դրսի տեխնիկայի եւ տեսական նվաճումները հայրենի երկրում ներդնելու նպատակով։ Նաեւ նման գործունեությամբ կարելի է բացատրել, որ կարճ ժամանակում Ճապոնիան կարողացավ վերականգնել պատերազմի հետեւանքով ավերված տնտեսությունը, զարգացման մակարդակով հասնել եւ անցնել առավել զարգացած երկրներից։ Եվ դա գնահատվեց որպես «ճապոնական հրաշք»։
Խորհրդային Միության տարիներին նման քայլը հնարավոր չէր իրականացնել, եւ միայն Միության փլուզումից հետո, երբ Հայաստանը հռչակվեց անկախ պետություն, հնարավորություն ստեղծվեց օգտագործելու աշխարհով մեկ սփռված հայերի ներուժը։ Ահա հենց այդ մտադրությամբ կազմակերպեցի ուսանողական համազգային վեհաժողովներ, որոնց, բացի տեղացի ուսանողներից, մասնակցում էին նաեւ սփյուռքի մեր հայրենակից ուսանողները։ Յուրաքանչյուր վեհաժողովի մասնակցում էին 80¬100 արտասահմանցի ուսանողներ։ Ընդ որում, յուրաքանչյուր վեհաժողովի արդյունքները հրատարակվել են առանձին գրքույկներով։
Վեհաժողովները մեծ դեր էին խաղում նաեւ սփյուռքի գաղթօջախների եւ Հայաստանի ուսանողների բարեկամական հարաբերությունների ձեւավորման գործում։ Ես հավատում էի եւ այժմ էլ լիովին հավատում եմ, որ աստիճանաբար ճապոնական փորձը կիրականացվի նաեւ Հայաստանում։ Ի դեպ, աշխատանքները խելացիՙ ճապոնավարի կազմակերպելու պարագայում կարող ենք մեծապես շահել։
Այո, այսօր ժամանակն աշխատում է հայերիս, նաեւ մեզ նման ցրված ժողովուրդների օգտին։
Այդ աշխատանքը գիտական հիմքի վրաՙ հիմնավորված կազմակերպելու դեպքում կարող ենք մեծապես շահել։ Ահա այդ նպատակով առաջարկում եմ հայրենիք-սփյուռք բազմաբնույթ աշխատանքը հիմնավոր կազմակերպելու համար ԱԳՆ կառույցում ստեղծել համապատասխան կոմիտե կամ հայրենիք-սփյուռք կապերի համակարգման նախարարություն։ Գտնում եմ, որ առանց հետաձգելու հրատապ պետք է դիմել այդ քայլին։ Ավելինՙ միաժամանակ օգտակար կլինի հիմնադրել հայրենիք-սփյուռք մամուլ։
Անշուշտ արժե պարզել, թե այնուամենայնիվ ինչպես եղավ, որ դադարեցվեցին «Պարմանի» հիմնադրամի կողմից կազմակերպվող համազգային վեհաժողովները։
ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ, «Պարմանի» հիմնադրամի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս