«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2002-08-01 | #144, 2002-08-02 | #145, 2002-08-03


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ձեզ գրում եմ երկու նպատակով։ Նախՙ շնորհակալություն հայտնելու Ձեր թղթակցի ինձ հետ անցկացրած զրույցը հրապարակելու համար («Ազգ», 1 օգոստոս, 2002 թ.)։ Ապաՙ Ձեր ուշադրությունը հրավիրելու հարցազրույցում տեղ գտած մի քանի անճշտությունների վրա։

Հարց-պատասխանի փոխարեն պատմողական մոտեցում որդեգրելը (հավանաբար հարցազրույցը խտացնելու նկատառումով) խախտել է հարցազրույցի կոնտեքստը, թեմաների հաջորդականությունն ու ամբողջականությունը եւ առաջացրել «անկապ» անցումներ։

1. - Միչիգանի հայագիտական հիմնական ուղղությունըՙ հարցազրույցում թվարկված ուսումնասիրություններով եւ թեմաներով չի սպառվում։ Մեր հետաքրքրությունների շրջանակն ավելի լայն է։

2. - Հայագիտական ամբիոնները միշտ էլ ունեցել են լուրջ խնդիրներ։ Այդպիսի դժվարություններ դեռեւս կան եւ միշտ էլ կլինեն։

3. - Մի ժամանակ թափուր ամբիոններ կային միաժամանակ Միչիգանում, Հարվարդում, Կոլումբիայում եւ Կալիֆոռնիայում։ Հիմա միայն Միչիգանի պատմության ամբիոնն է թափուր։ Այս ֆոնի վրա ասել եմ, որ միգուցե եւ Կոլումբիայի ամբիոնն էլ շուտով, եւ միառժամանակ թափուր մնա։

4. - Թե Կալիֆոռնիայում ինչ «խնդիրներ» կան (այն էլ կախման կետերով դրամատիզացված) ես ինքս տեղյակ չեմ։ Այդ մասին ես ոչինչ չեմ ասել։

5. - Ռիչարդ Հովհաննիսյանի մասին ես խոսել եմ ամբիոնների վարիչների գիտական նախասիրությունների բնագավառն ու ժամանակաշրջանը բնութագրելիս։ Ասել եմ, որ առհասարակ այս ուսումնասիրությունները կենտրոնանում են հայ ժողովրդի պատմության նոր եւ նորագույն շրջանների վրա։ Հովհաննիսյանի դասավանդած ժամերի քանակի մասին գաղափար անգամ չունեմ։

6. - Խոսք գնաց նաեւ Հայաստանի եւ Ամերիկայի հայագետների միմյանց եւ միմյանց աշխատություններին ծանոթ լինելու-չլինելու մասին։ Ես շեշտեցի նման ծանոթության եւ կապերի կարեւորությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ե՛ւ ամերիկացի, ե՛ւ հայաստանցի հայագետները միշտ չէ, որ հետեւում են միմյանց գործունեությանը։ Ի դեպ, սա միայն հայագիտությանը հատուկ չէ։ Արեւմուտքի խոշոր կենտրոններում «փոքր» ժողովուրդների մշակույթների ուսումնասիրության կապակցությամբ միշտ էլ լսվում են դառը գանգատներ այն մասին, որ «փոքր» մշակույթի տեղացի գիտնականների աշխատությունները հաճախ անտեսվում են։

Այսքանը։ շնորհակալություն Ռուզան Պողոսյանին եւ Ձեզՙ հարցազրույցի համար։ Շնորհակալ կլինեմ նաեւ, եթե նամակս հրապարակեք։

Անկեղծ հարգանքներովՙ

ԳԵՎՈՐԳ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ, Միչիգանի համալսարանի Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, Հայագիտական ծրագրերի տնօրեն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4