Բաքվում Ուզբեկստանի դեսպանը նարդարանցիներին համեմատում է «Ալ Ղաիդայի» հետ
Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպան Աբդուլգաֆուր Աբդուլռահմանովը ադրբեջանական «Հեֆթե իչի» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով հունիսի 3-ին Բաքվից 25 կմ հեռու գտնվող Նարդարան բնակավայրի արյունալի դեպքերին, հայտարարել է. «Վստահ եմ, որ նրանք կապ ունեն «Ալ Ղաիդայի» հետ եւ իսկական ահաբեկիչներ են»։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Նարդարանի բնակիչների եւ Ադրբեջանի իրավապահների միջեւ տեղի էր ունեցել զինված ընդհարում, սպանվել էր նարդարանցի Աղաեւ ազգանունով մի հավատացյալ, ոստիկանական 11 ավտոմեքենաներ հրկիզվել էին, եւս վեցըՙ ջարդուփշուր արվել, շուրջ 80 ոստիկաններ ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այսօր Նարդարանը հիշեցնում է պետություն պետության մեջ, այնտեղ գործում են իսլամական օրենքներ, Բաքվին ենթակայությունը ձեւական է։
Մեր կարծիքով, Նարդարանի եւ «Ալ Ղաիդայի» կապը, ինչպես պնդում է Բաքվում Ուզբեկստանի դեսպանը, այնքան էլ հավանական չէ։ Առավել հավանական է Բաքվի իշխանությունների եւ «Ալ Ղաիդայի» միջեւ համագործակցությունը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում հաստատվել են միջազգային ահաբեկչական տասնյակ կազմակերպություններ, այդ թվումՙ «Ալ Ղաիդան», «Ջեյշուլլահը», «Իսլամական ջիհադը», «Հզբոլլան»։ Ամերիկյան հետախուզական ծառայությունները հաստատում են, որ հենց Բաքվից է համակարգվել Քենիայի եւ Տանզանիայի ամերիկյան դեսպանատների պայթեցումը, «Իսլամական ջիհադի» ղեկավար եւ Ուսամա բեն Լադենի ամենամերձավոր Այման ալ Զաուահրին բնակվել է Բաքվում, այստեղ բացել «Իսլամական ջիհադի» մասնաճյուղը «Bavari C» անունով։ Ըստ ամերիկյան հետախուզական ծառայությունների, Ադրբեջանում գրասենյակներ ունեն ահաբեկչական մի շարք կազմակերպություններ, այդ թվում «Ալ Ղաիդան»։
Օգոստոսի 1-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը եւ ՆԳ նախարարությունը տարածել են համատեղ հայտարարություն, որի մեջ գնահատական է տրվում Նարդարանի դեպքերին։ Մասնավորապես նշվում է, որ Նարդարանի դեպքերի պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի «Իսլամական կուսակցության» վրա, ինչպես նաեւ նրանց, ովքեր կրոնական կրթություն են ստացել արտասահմանյան գաղտնի ճամբարներում։
Թ. Հ.