«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2002-08-01 | #144, 2002-08-02 | #145, 2002-08-03


ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔԻՆ ԱՐԺԱՆԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ

Ընթերցողներն, անշուշտ, տեղյակ են հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքի մասին, որում գրանցված են ամենաբազմազան եւ յուրօրինակ նվաճումներ, որոնք մարդկային անսպառ ունակությունների պերճախոս վկայությունն են։ Տարիներ առաջ Հայաստանում էլ Գինեսի ռեկորդների գրքի օրինակով ստեղծվեց «Դյուզացնագիրքը», որում գրանցվում են արտասովոր շարժողական գործունեության տարբեր նվաճումները։ 24-ամյա Արտակ Գրիգորյանն այն անձանցից մեկն է, որի սահմանած բազում ռեկորդներն իրենց արժանի տեղն են գտել «Դյուցազնագրքում»։ Արտակը մասնագիտացել է մարմնամարզական օղակների վրա տարբեր բարդության ու կառուցվածքի «խաչ» վարչության կատարման մեջ։ Տարօրինակն այն է, որ նա բնավ էլ մարմնամարզիկ չէ, մարզադպրոց չի հաճախել, պարապել է բակում իր ստեղծած գործիքների վրա, ինքն է հնարել եւ կառուցել տարբեր բարդությունների ու բռնվածքի «խաչերը»։ Եվ պատահական չէ, որ «Դյուցազնագրքում» գրանցված «խաչ» վարժություններից շատերը ստացել են գրիգորյանական «խաչ» անվանումը։

Մարմնամարզության նկատմամբ սերն Արտակի մեջ «արթնացավ» 1998 թ.։ Սկզբում սկսեց պարապել բակումՙ պտտաձողի վրա, այնուհետեւ մարզումները շարունակեց Ալբերտ Ազարյանի մարմնամարզության մարզադպրոցում։ Դժվարությամբ ընդունեցին, քանի որ 19 տարեկան էր (ընդունելությունը կատարվում է փոքր հասակիցՙ 4¬5 տարեկանից)։ Մարզիչները չէին հավատում, որ այդ տարիքում սկսնակ մարմնամարզիկը կարող է ինչ-որ արդյունքի հասնել։ Սակայն Արտակի արտասովոր ունակություններն ու նպատակասլացությունը բոլորին զարմացրին։ Ընդամենը մեկ ամսվա քրտնաջան մարզումներից հետո նա օղակների վրա «խաչ» վարժություն կատարեց, որ բոլորի զարմանքն առաջացրեց։ Հետագայում նա կատարելագործեց վարժությունը, տարբեր բարդության տարրեր մտցրեց, մշակեց «խաչի» տարբեր տարատեսակներ։ Ճիշտ է, մարզադպրոցում երկար չմնաց (ընդամենը 7¬8 ամիս)ՙ շարունակելով մարզումները սեփական նախաձեռնությամբ պատրաստած գործիքների վրա։ Տեղեկանալով «Դյուցազնագրքի» մասին, Արտակը դիմեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության սպորտվարչության «Արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման» հանձնաժողովին։ Եվ ահա, 2001 թ. հոկտեմբերի 2-ին նա իր առաջին հավաստագիրը ստացավՙ սահմանելով միանգամից 8 ռեկորդ։ Այս տարվա ապրիլի 17-ին «Դյուցազնագրքում» հերթական գրանցումը կատարվեց Արտակ Գրիգորյանի անվան դիմացՙ միանգամից 5 ռեկորդ. «խաչ» վարժություն գոտկատեղից կախված 4 կգ ծանրություն, «խաչ» վարժություն, բռնվածքը օղակի առջեւի մասից, գոտկատեղից կախված 2 կգ ծանրություն, «խաչ» վարժություն, բռնվածքը օղակի հետեւի մասից, գոտկատեղից կախված 2 կգ ծանրություն, «խաչ» վարժություն, բռնվածքը 3 մատներով, գոտկատեղից կախված 1 կգ ծանրություն, «խաչ» վարժություն, բռնվածքը օղակի հետեւի մասից, 10 վրկ. տեւողությամբ։ Մենք մանրամասն նկարագրեցինք գրանցված 5 ռեկորդները, որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի վարժությունների բարդության եւ յուրահատկության մասին։ Սակայն դրանցով Արտակը չբավարարվեց։ Բոլորովին վերջերսՙ հունիսի 14-ին նա միանգամից 14 նոր ռեկորդ սահմանեցՙ կրկին բոլորին զարմացնելով իր «խաչ» վարժությունների բազմազանությամբ ու բարդությամբ։ Իրոք որ անսպառ են մարդկային հնարավորությունները, ինչը հիանալի կերպով ապացուցում է Արտակ Գրիգորյանը։ Նա պատրաստ է նորանոր ռեկորդներ սահմանել, կատարելագործել եւ նոր տարբերակներ մշակել։ Արտակի երազանքն է, որպեսզի իր ռեկորդները գրանցվեն Գինեսի ռեկորդների գրքում։ Սակայն, ցավոք, այդ հարցում նրան աջակցողներ չեն գտնվում, «Արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման» հանձնաժողովն էլ այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում։ Իսկ Արտակը համոզված է, որ համապատասխան շահագրգռվածության դեպքում իր նվաճումները կարող են գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ այնտեղ օղակների վրա վարժություններից ռեկորդներ դեռեւս չկան։ Ցավոք, առայժմ Արտակ Գրիգորյանին օգնության ձեռք մեկնողներ չկան, նրա նվաճումների, մարդկային անսովոր ունակությունների մասին առայժմ քչերը գիտեն։ Բայց հավատացած ենք, որ Արտակի նվաճումները մի գեղեցիկ օր իրենց արժանի տեղը կգտնեն նաեւ Գինեսի ռեկորդների գրքում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4