ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարվարդի համալսարանի կասպյան տարածաշրջանի ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Բրենդա Շեֆերը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների օրերս կայացած հանդիպմանը, «Ամերիկայի ձայնին» ասել է, թե ամենակարեւորն այն է, որ այդ հանդիպումը տեղի չունեցավ Մինսկի խմբի շրջանակներում։ «Սա չափազանց կարեւոր զարգացում է, որովհետեւ կողմերն ուղղակիորեն են ստանձնում խնդրի լուծման պատասխանատվությունը, եւ ոչ թե սպասում, որ այն նախաձեռնվի միջազգային կազմակերպությունների կողմից» նշել է նա։
Բրենդա Շեֆերը, որը «Ուոլ սթրիթ ջոռնըլ» թերթում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի հոդված, կարծիք է հայտնել, թե ԼՂ հիմնախնդրի լուծման շուրջ բանակցություններին անմիջականորեն պետք է մասնակցի նաեւ Ստեփանակերտը։ «Ըստ իս, Ստեփանակերտի ընդգրկումը բանակցություններում կնպաստի Ղարաբաղի եւ Բաքվի միջեւ վստահության խթանմանը։ Միաժամանակ, բանակցություններին պիտի մասնակցեն նաեւ Շուշիի ադրբեջանցիները։ Եթե նրանք տանուլ են տվել ճակատամարտը, դա չի նշանակում, թե զրկված են ներկայացուցչության օրինական իրավունքից։ Ի տարբերություն շատերի, ես կարծում եմ, որ հակամարտության մեջ ներգրավված բոլոր չորս կողմերը պիտի մասնակցեն բանակցություններին։ Արդյունքն, իհարկե չի գոհացնի կողմերից ոչ մեկին։ Ինչպիսի լուծում էլ տրվի հակամարտությանը, խաղաղությունը կլինի ցավագին։ Եթե կողմերը դա գիտակցեն, ապա հնարավոր կլինի փոխզիջողությամբ խնդիրը կարգավորել» ասել է Ֆեշերը։
Նրա խոսքերով, ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտութան կարգավորման համար առկա են բոլոր նպաստավոր նախադրյալները. հրադադար է հայտարարված, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բռնարարքները հանդարտվել են, տիրում է հարաբերական անդորր։ Բացի այդ, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները բարելավվել են։ «Այնպես, որ խաղաղության շուրջ բանակցելու ճիշտ ժամանակն է», նշել է դոկտոր Շեֆերը։