Գյուղական խճանկար
Վահանի գյուղացիները սրտնեղում են, թե այս տարի գյուղատնտեսական աշխատանքները շատ հետ ընկան կլիմայի անսպասելի փոփոխությունների պատճառով։ Օրինակ, եթե խոտհունձը սովորաբար սկսում էին հուլիսի կեսերից, այս տարի ստիպված էին սկսել օգոստոսի սկզբներից։ Այս նույն կլիմայի պատճառով խոտը բավականին ցածր էր։ Եվ եթե սովորաբար գյուղացիներն ավելի շատ խոտ էին հնձում վաճառելու համար, հիմա քրտինք են թափում գոնե ձմեռը մի կերպ անցկացնելու համար։ Կստացվի՞ արդյոք...
Կլոր տարին աշխատանքներից գլուխները չբարձրացնող գյուղացիների համար խոտհունձի «հետ ընկնելը» թերեւս այդքան պրոբլեմ չլիներ, եթե չլիներ մտավախությունը, թե կարտոֆիլի բերքահավաքը եւս կուշանա։ Իսկ եղանակին վստահել չի կարելի։ Սովորաբար սեպտեմբերին սպասվող բերքահավաքի շրջանը ոչ միայն Վահանի, այլեւ Գեղարքունիքի մարզի այլ գյուղերի համար վիթխարի նշանակություն ունի։ Օրինակ, հենց Վահանում կատակում են, թեՙ «էստեղ ինչ ցանում են, միայն կարտոֆիլ է դուրս գալիս»։ Իսկ գյուղում անխտիր բոլորը կարտոֆիլ են ցանումՙ մշակվող ողջ հողատարածությունների գրեթե 80¬85 տոկոսը։ Նախկինում այդպես չէր, կարտոֆիլի կողքին աճեցնում էին գարի, ցորեն, նույնիսկՙ ոլոռ։ Նման կտրուկ փոփոխության պատճառը շուկայի մեծացումն էր։ Եթե, ասենք, երկու տարի առաջ տոննաներով ապրանքը գյուղացիները հանում էին քաղաքային շուկաներ եւ իրենց համար թանկարժեք ժամանակը կորցնելովՙ կատարած վաճառքից ոչինչ չէին հասկանում, ապա հիմա պաշտպանության նախարարությանՙ գյուղացիների համար գնելու գրեթե անսպառ հնարավորությունը թույլ է տալիս հենց դաշտից սպառել կարտոֆիլը, եւ որ շատ կարեւոր է, վստահ լինել, որ գործ ունեն կայուն եւ վստահելի գործընկերոջ հետ։
Այդքանով էլ, ըստ էության, սահմանափակվում են գյուղացիների հարաբերությունները սեփական պետության հետ։ Թե ինչ տեխնիկայով են իրականացնում աշխատանքները Վահանում, պետությունը գաղափար անգամ չունի։ Համենայն դեպս, գյուղացիներն այդպես են կարծում։ Բայց չեն բողոքում։ Ով-ով, բայց տեխնիկայի սեփականատերերը, որոնք հիմնականում հենց մեխանիզատորներն են, գյուղացիների համար ե՛ւ պետություն են, ե՛ւ հարեւան, ե՛ւ դրության մեջ մտնող նախընտրելի գործընկեր։ Գյուղացիների այս շերտը, որն, ըստ էության, պիտի որ լիներ քիչ թե շատ բարվոք ապրող խավը, մյուսներից ոչնչով չի տարբերվում։ Որովհետեւ կանխիկ գումարով աշխատելու համար մեխանիզատորների հետ ոչ ոք գործ չի ունենում։ Ընդ որում, որքան էլ տարօրինակ թվա, հիմնականում գումարի փոխարեն ապրանքով են մարում պարտքերը։ Պատճառը բոլորովին էլ այն չէ, որ մարդիկ գյուղատնտեսական ապրանքների կարիք ունեն։ Պարզապես մարդկանց ձեռքին փող չկա։ Հասարակ օրինակՙ պարբերաբար գյուղ ժամանող առեւտրականները, որոնք միրգ եւ այլ բանջարեղեն են բերում, ոչ թե դրամով, այլ... պանրով են փոխանակում։ Այն էլ այնպիսի պայմաններով, որ գյուղացիներն իրենք իրենց կեսլուրջ-կեսկատակ թալանված են համարում։ Այլ բնորոշում դժվար է գտնել, ասենք, երբ 600¬700 դրամանոց 1 կգ պանրի դիմաց նրանց են հրամցնում առավելագույնը 60 դրամի 1 կգ լոլիկ։
Այս երեւույթները գյուղում ավելի մեծ արձագանք են ստանում, քան, ասենք, սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Գյուղացիներին գրեթե ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով կդնի իր թեկնածությունն այս անգամ, քանի որ շատ պարզ գիտակցում ենՙ ոչ մի բան էլ չի փոխվելու։ Պատահական չէ, որ արդեն հաջորդ ամսվա ընթացքում կայանալիք ընտրությունների մասին խոսում են իմիջիայլոց, չորրորդական կարգի խնդիրների թվում։ Տեսնելով նման անտարբերությունը սեփական համայնքի ղեկավարման հարցի նկատմամբ, հասկանում եսՙ ինչու են մարդիկ շուտ քնում, որովհետեւ գյուղ հասնող երկու հեռուստաալիքներից ոչինչ չեն ստանում, իսկ բնակչության հիմնական մասը հեռուստացույցը միացնում է միայն այն ժամանակ, երբ սկսվում է հերթական սերիալի հերթական սերիան։
Նրանց կյանքն է դարձել սերիալ, շատ տաղտկալի, հազար անգամ դիտած անհաջող սերիալ...
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ