«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2002-08-02 | #145, 2002-08-03 | #146, 2002-08-20


ՑԱՎՈՎ ՈՒ ԿԱՐՈՏՈՎ ԳՐՎԱԾ ՏՈՂԵՐ

Սարո Գյումրեցու «Հեռավոր հուշերի մի քաղաք» գիրքը

Մարդը կես դար պետք է ապրեր իր հայրենիքում, իր երկրում, արվեստաբան դառնար, բայց տպագրության քիչ հնարավորություն ունենար, բանաստեղծեր, բայց գիրք ունենալու հնարավորություն չունենար։ Ու Սարո Գյոդակյանՙ Սարո Գյումրեցի մարդը պիտի գնար հեռու-հեռավոր մի քաղաքՙ Լոս Անջելես ու այստեղ գնահատանք գտնել։ Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Մադոյանը, որն արդեն 7-րդ տարին է, ինչ նույնպես թափառականի ցուպով է, պետք է արձանագրի.

«Գյումրեցի Սարո Գյոդակյանը կարողացավ տարին բոլորած-չբոլորածՙ գաղութում ոչ միայն ճանաչում գտնել, այլեւ, որ շատ դժվար է կամ գուցե անհնարին, համընդհանուր հարգանքի արժանանալ, սիրվել (նրա 50-ամյակը գաղութիս մտավորականության սերուցքի մասնակցությամբ նշվեց)»։

Սարո Գյոդակյանը իր բարեկամներին եւ ընկերներին ծանոթ է հարաբերությունների մեջ իր անկեղծությամբ եւ ազնվությամբ։ Եվ հավանաբար հենց բարոյական այս արժանիքների համար են նրան գնահատում նաեւ սփյուռքահայ ամենախոշոր գաղութներից մեկումՙ Լոս Անջելեսում, գաղութ, որն այսօր իսկական Արշակավան է հիշեցնում։ Ով ասեսՙ հասել է այս քաղաքը։ Եվ հասկանալի է, որ ճշմարիտ արվեստի, մշակութային բարձր արժեքների պահպանման մասին խոսք լինել չէր կարող։

3 տարուց ավելի Սարո Գյոդակյանի խմբագրությամբ լույս է տեսնում գրական-մշակութային «Համայնապատկեր» հանդեսը, որն իր տեսակի մեջ եզակի հրատարակություն է ոչ միայն սփյուռքահայ, այլեւ Հայաստանի ժուռնալների ու հանդեսների աշխարհում։ Գրական, մշակութային, հասարակական հարցեր են քննվում հանդեսում, տպագրվում են հայ բոլոր ճանաչված գրողների ու արվեստագետների գործերը, հոդվածներ նրանց մասին։ Հեշտ չէ, իհարկե, Լոս Անջելեսի համատարած «ռաբիսության» պայմաններում, ուր ամեն մի Նունե ու Հովո կարող են ձեռնոց նետել Գոհար Գասպարյանին ու Ավետիք Իսահակյանին, ներկայացնել միայն բարձրաճաշակ հայ արվեստագետներին։ Անշուշտ, առանց «Համայնապատկերի» տնօրեն-հրատարակիչներ Կարո Ճրճրյանի եւ Վահե Մարանյանի աջակցության շատ քիչ բան կստացվեր, սակայն ի պատիվ այս ազգանվեր հայորդիների պետք է ասել, որ նրանք հովանավորում են մի իսկական նվիրյալի։ Արդեն լույս է տեսել «Համայնապատկերի» 18 համար։

Ու, ահա, տպագրվել է Սարո Գյումրեցու (Գյոդակյանի) բանաստեղծությունների ժողովածունՙ «Հեռավոր հուշերի մի քաղաք»։ Տեր եւ տիկին Կարո եւ Մարիա Ճրճրյանների հովանավորությամբ գիրքը տպագրվել է հեռու-հեռավոր Լոս Անջելեսում։ Բախտի քմահաճույքով հայրենի քաղաքըՙ Գյումրին դարձել է հեռավոր հուշերի մի քաղաք, քաղաք, որն իր մեջ հարազատ ու սիրելի շատ բան է պահում, քաղաք, ուր ապրում են հողոտ-քարքարոտ, ամպոտ ու թախծոտ եւ անպայման լուսե ճամփորդ գյումրեցիները։ Ցավ է, երբ երեկվա գյումրեցին մի հրաշք է երազում. մի հին ֆայտոն, որն իրեն Գյումրի կհասցներ ճամփաներով մոլոր։ Ցավ է, որ էլ չկան խենթերը Գյումրվաՙ ոչ Սարգիս, ոչ Օնո, ոչ Վարազ, ցավ է, որ այսօր շուկայում ծախում են... գյումրեցու ֆայտոն...

Ճշմարիտ է այն խոսքը, թեՙ ամեն լուսավոր բան ծնվում է ցավից, կարոտից։ Այսպես է նաեւ Սարո Գյումրեցու պարագայում։ Հայրենիք ու հայրենի քաղաք, հորըՙ ուստա Մկոյին ու Ռոզա մորը, իր առաջին սերը արդեն որպես հիշատակի տող պահած բանաստեղծը մեկ առ մեկ հիշում է նրանց բոլորին եւ ամեն ինչ, որ կապված է Գյումրու հետ։ Հեռու-հեռավոր Լոս Անջելեսում ծնված երրորդ դուստրըՙ Նանեն, գտած նոր բարեկամները, նվաճած ճանաչումը, ամեն, ամեն ինչ կրկին ու կրկին կապվում է իր Գյումրվա հետ։

«Ինձ հայտնի են գյումրեցիներ (փառք Աստծո, նրանց թիվը շատ չէ), որոնք Գյումրիից ոտքը դուրս դրած-չդրածՙ մոռանում են ծննդավայր ու մայր,¬ գրքի առաջաբանում գրում է բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Մադոյանը ու շեշտում.¬ Սարոն այլ կոփվածք է եւ իր երակներում զուլալ ու մաքուր արյան բջիջներ ունի։ Նրա այդ խառնվածքը, լավ է նկարագրել մեծն Հովհ. Շիրազը...»։

Սարո Գյոդակյանը որպես «Համայնապատկերի» խմբագիր ճանաչվել ու գնահատվել է։ 1999-ին նա արժանացավ ամերիկյան Southern California Motion Picture Council-ի սահմանած Jeanie Emerald Star Angel Award ամենամյա մրցանակին։

Կարծում ենք, որ Լոս Անջելեսում ժամանակավոր (այո, միայն ժամանակավոր) բնակվող Սարո Գյոդակյան-Գյումրեցին որքան էլ հայանպաստ ու հայաստանանպաստ գործ անի (իսկ դա անժխտելի է), իր տունը կդառնա, եւ նրա բանաստեղծությունները, հուշերի թախծից ազատվելով, լուսե տողերով կշնչեն։ Այսպես պետք է լինի։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4