«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2002-08-02 | #145, 2002-08-03 | #146, 2002-08-20


«100-Ի ԱԿՈՒՄԲԻ» ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

«Փյունիկի» հարձակվող Արման Քարամյանի մարզական կենսագրությունում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ։ Օգոստոսի 12-ին «Կոտայքի» հետ ՀՀ առաջնության խաղում դառնալով «հեթ-տրիկի» հեղինակ, Արման Քարամյանը խփեց պաշտոնական մրցումներում իր հոբելյանականՙ 100-րդ գնդակը եւ ընդգրկվեց Խորեն Հովհաննիսյանի անվան ռմբարկուների խորհրդանշական «100-ի ակումբում»ՙ դառնալով 9-րդ անդամը։

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ակումբի թեկնածուների ցուցակում Արման Քարամյանը զբաղեցնում էր 7-րդ տեղըՙ իր հաշվին գրանցելով 74 գոլ։ Հաշվի առնելով Արմանի արդյունավետ խաղը, վստահ էինք, որ նա այս տարի անպայման կհատի 100 գոլի սահմանագիծը։ Անկեղծ ասած, այս իրադարձությանը սպասում էինք մրցաշրջանի վերջնագծում, սակայն շնորհալի ֆուտբոլիստը գերազանցեց բոլոր սպասելիքները եւ արդեն առաջին շրջանի ավարտին կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը։ Անհրաժեշտ 26 գոլերի հաշիվը նա բացեց հունվարին Մոսկվայում անցկացված ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների գավաթի մրցաշարում, ապա արդյունավետությամբ աչքի ընկավ ՀՀ գավաթի խաղարկությունումՙ խփելով 9 գնդակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Առաջնությունում էլ Արմանը հենց մեկնարկից գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը (12 գոլ)։ Նա իրեն հիանալի դրսեւորեց չեմպիոնների լիգայի որակավորման փուլերի հանդիպումներումՙ խփելով 3 գնդակ։ Մեկ գնդակ էլ խփեց Անդորրայի հավաքականի հետ ընկերական հանդիպումում։ Այսօր Արման Քարամյանը «100-ի ակումբի» ամենաերիտասարդ անդամն է (22 տարեկան 9 ամսական)։ Նշենք, որ ժամանակին միայն Արսեն Ավետիսյանին է հաջողվել ավելի երիտասարդ տարիքում (21 տարեկան 11 ամսական) ընդգրկվել ակումբի շարքերը։

Պաշտոնական մրցումներում անդրանիկ հանդիպումն Արմանն անցկացրել է 1996 թ. հոկտեմբերի 27-ին։ Այդ օրը «Արաբկիրը» ՀՀ առաջնության առաջին շրջանի ավարտական տուրում (առաջնությունն անցկացվում էր աշուն-գարուն մրցակարգով) հյուրընկալել էր երկրի չեմպիոն «Փյունիկին»։ Չեմպիոնը խաղը շահում էր 3¬0 հաշվով, եւ մարզիչները 66-րդ րոպեին Սեյրան Պողոսյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեցին 17-ամյա Արման Քարամյանին։ Այդ պահին դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ, որ խաղադաշտ մտած պատանին կարճ ժամանակահատվածում դառնալու է Հայաստանի ամենաարդյունավետ ու հեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։ Երկրորդ շրջանը Քարամյանն անցկացրեց «Արաբկիրում»ՙ 7 հանդիպումներում խփելով 4 գնդակ։ Իր գոլերի հաշիվը նա բացեց 1997 թ. հունիսի 1-ին «Զանգեզուրի» հետ խաղումՙ 60-րդ րոպեին գրավելով Վիտալի Պետրոսյանի պաշտպանած դարպասը։ 21 րոպե անց Արմանը երկրորդ անգամ հասավ հաջողության։ Հատկանշական է, որ այդ խաղում 2 գոլի հեղինակ դարձավ նաեւ Արտավազդը, որն իր գոլերի հաշիվը բացել էր ավելի վաղՙ ապրիլի 17-ին գրավելով «Վանի» դարպասը։ Արմանը դիպուկ հարվածներով աչքի ընկավ նաեւ հաջորդ երկու խաղերումՙ դառնալով «Ցեմենտի» (1¬3) եւ «Փյունիկի» (1¬9) դարպասները «Արաբկիրի» խփած միակ գոլերի հեղինակը։ 1997 թ. առաջնությունում Քարամյանը «Փյունիկի» կազմում 16 խաղերում 2 գոլ խփեց, իսկ հաջորդ տարի, մասնակցելով 7 հանդիպման, դարձավ 2 գոլի հեղինակ։

Երիտասարդ ֆուտբոլիստի տաղանդն ու ռմբարկուի հատկանիշները լիովին դրսեւորվեցին «Կիլիկիայում» հանդես գալիս։ 1999 թ. անցկացրած 30 հանդիպումներում նա 20 անգամ գրավեց մրցակիցների դարպասները։ Այդ ցուցանիշն ընդամենը մեկ գնդակով էր զիջում առաջնության լավագույն ռմբարկուի կոչմանն արժանացած Շիրակ Սառիկյանի արդյունքին։ Բայց Արմանը ուշագրավ ռեկորդ սահմանեց։ 20 տարեկանում ֆուտբոլիստներից եւ ոչ մեկին մինչ այդ չէր հաջողվել այդքան գոլեր խփել։ Հաջորդ մրցաշրջանում էլ Արմանը «Կիլիկիայի» լավագույն ռմբարկուն էրՙ 15 գոլ 24 խաղում։ 2001 թ. նա կրկին հագավ վերածնված «Փյունիկի» մարզաշապիկըՙ առաջին անգամ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու (21 գոլ 20 խաղում)։ Ընթացիկ առաջնությունում էլ Արմանը հավատարիմ է ռմբարկուի իր կոչմանը. 8 հանդիպումներում խփել է 12 գնդակ։ Այսպիսով, ՀՀ առաջնություններում անցկացրած 113 խաղում Արման Քարամյանը դարձել է 76 գոլի հեղինակ։ Այդ գոլերը նա խփել է 17 թիմերի դարպասները։ Արմանին կարելի է իրավամբ «Դինամոյի» ահ ու սարսափը համարել։ Այդ թիմի հետ անցկացրած բոլոր 7 խաղերում էլ Արմանը հաջողության է հասելՙ խփելով 16 գնդակ։ 8 անգամ նա գրավել է «Գյումրիի» դարպասը։ 6-ական գնդակ է խփել «Սպարտակին» («Ցեմենտ», «Արաքս»), «Լոռուն», «Դվինին» եւ «Կոտայքին»։ 5-ական անգամ նրա հարվածներից հետո գնդակը ցանցից հանել են «Արցախի» եւ «Լեռնագործի» դարպասները։ 3-ական անգամ Քարամյանից տուժել են «Միկան», «Զվարթնոցը», «Շիրակը», 2-ական անգամՙ «Զանգեզուրը», «Արարատը» եւ «Երեւանը»։ Մեկական գոլ էլ Արմանը խփել է «Փյունիկին», «Էրեբունուն» եւ «Բանանցին»։ Միայն «Վանին», «Արաբկիրին» եւ «Կիլիկիային» է հաջողվել Քարամյանի հարվածներից դարպասը պահել անառիկ։ Ճիշտ է, այդ թիմերի հետ Արմանը միայն մեկական խաղի էր մասնակցել։Քարամյանի հարվածներից տուժել են 32 դարպասապահներ։ Բոլորից շատ տհաճություն նա պատճառել է դինամոյական Վահան Շմավոնյանինՙ 9 անգամ ստիպելով նրան գնդակը հանել ցանցից։ «Դինամոյի» մեկ այլ դարպասապահինՙ Նիկոլայ Սարգսյանին Արմանը խփել է 5 գնդակ։ Նույնքան գոլ են բաց թողել նաեւ Սարգիս Ներսիսյանը («Լոռի»ՙ 1, «Լեռնագործ»ՙ 4), Արսեն Մշեցյանը («Գյումրի») եւ Արթուր Ավագյանը («Արցախ»)։ 4-ական գոլ է խփել Ֆելիքս Հակոբյանին («Դինամո»ՙ 2, «Դվին»ՙ 2) եւ Ջանիբեկ Սիմոնյանին («Լոռի»)։

Իր 76 գոլերը Քարամյանը խփել է 47 խաղում։ Մեկ խաղում («Գյումրիի» դարպասը) Արմանը խփել է 5 գնդակ, 2 խաղումՙ 4-ական («Դվինին» եւ «Դինամոյին»), 6 անգամ դարձել է «հեթ-տրիկի» հեղինակ, 7 անգամ մեկ խաղում հասել է կրկնակի հաջողության, մնացած հանդիպումներում աչքի է ընկել մեկական անգամ։ Գոլերից 2-ը Արմանը խփել է 11 մ հարվածով (այս տարիՙ «Լոռուն»)։ 2 անգամ էլ նա չի իրացրել նման հարվածները։ 1999 թ. «Կիլիկիայի» կազմում Արմանը 2-րդ տուրում չկարողացավ հաղթող դուրս գալ «Երեւանի» դարպասապահ Արմեն Հովհաննիսյանի հետ մենամարտում, իսկ ավարտական տուրում նրա հարվածը հետ մղեց արարատցի Հարություն Աբրահամյանը։ Այդ երկու վրիպումների պատճառով Քարամյանը զրկվեց այդ տարի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվելու հնարավորությունից։

ՀՀ գավաթի մրցաշարերում Քարամյանն անդրանիկ գոլը խփել է 1999 թ. ապրիլի 3-ին «Լոռու» դարպասը։ Անցկացրած 21 հանդիպումներում նրա հաշվին գրանցված է 18 գոլ, ինչը հիանալի ցուցանիշ է։ ՀՀ ազգային հավաքականում իր գոլերի հաշիվը Արմանը բացել է 2000 թ. փետրվարի 4-ին Նիկոսիայում Կիպրոսի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում։ 14 հանդիպումներում Արմանը խփել է 2 գոլ։ Առայժմ Քարամյանը գոլ չի խփել միայն Սուպերգավաթի խաղումՙ մասնակցելով «Միկայի» հետ այս տարվա հանդիպմանը։ Այսպիսով, պաշտոնական մրցումներում խփած 100 գոլերը գրանցվել են 159 խաղում։ 22-ամյա ֆուտբոլիստը լի է նորանոր բարձունքներ նվաճելու վճռականությամբ։ Ցանկանանք նրան բոլոր երազանքների իրականացում։ Իսկ վերջում ընթերցողներին ներկայացնենք Խորեն Հովհաննիսյանի անվան «100-ի ակումբի» անդամների եւ թեկնածուների ցուցանիշները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4