«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2002-08-20 | #147, 2002-08-21 | #148, 2002-08-22


ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ԲԱՑԻ «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՉՈՒՆԻ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔ

Նշում են «Հայհամակարգչի» եւ «Սոֆտ նոտայի» տնօրենները

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ հերթական անգամ «Արմենտելը» դիմել է ապօրինի գործողությունների, որոնք այս դեպքում արդեն քրեական հետապնդման են ենթակա։ Այս մասին հայտարարեցին Հայաստանում ինտերնետ ծառայություններ մատուցող երկու օպերատոր կազմակերպությունների ղեկավարներըՙ «Հայհամակարգիչ» ընկերության տնօրեն Վահրամ Մխիթարյանը եւ «Սոֆտ նոտա» ընկերության տնօրեն Սամվել Դանիելյանը։ Մասնավորապես «Արմենտելի» Երեւանի կենտրոնական շրջանի պետ Ա. Դարբինյանը նամակներ է հղել այս ընկերությունների «Արփի» եւ ՍՆՏ ցանցերի բաժանորդներին, որտեղ նա պահանջել է անջատել նրանց ցանցի աշխատանքներն ապահովող մալուխները։ Այդ նամակը հղվել է նաեւ ՆԳՆ Երեւանի Կենտրոն շրջանի պետ Ա. Միրիջանյանինՙ պահանջելով նրանից ապահովել անջատման աշխատանքները։

Այս քայլով «Արմենտելը», բացի տնտեսական մրցակցության, քաղաքացիական օրենսգրքի խախտումներից, խախտում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 17, 93, 96, 182, 183, 187, 189 հոդվածները։ Այսինքնՙ դրդել է քաղաքացիներին հանցակցության, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով գույքային վնաս է հասցրել վերոնշյալ ընկերություններին, դա կատարել է դիտավորությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքը, անցել պաշտոնական լիազորությունների սահմանը, դիմել պաշտոնական կեղծիքի, հրապարակել առեւտրային գաղտնիք հանդիսացող ցանցի մալուխների տեղակայման անօրինական ձեւով հայթայթված տվյալները։

Այսինքնՙ դրդել է քաղաքացիներին հանցակցության, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով գույքային վնաս է հասցրել վերոնշյալ ընկերություններին, դա կատարել է դիտավորությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքը, անցել պաշտոնական լիազորությունների սահմանը, դիմել պաշտոնական կեղծիքի, հրապարակել առեւտրային գաղտնիք հանդիսացող ցանցի մալուխների տեղակայման անօրինական ձեւով հայթայթված տվյալները։ Ինչպես նշեց Վահրամ Մխիթարյանը, տվյալ պահի դրությամբ Երեւանի Կենտրոնի ՆԳ բաժնի պետն այդ նամակը չի ստացել։ Իսկ այդ գրությունները ստացողների թվում են «Արմենիա» հյուրանոցը, «Արդշիննախագիծ» ինստիտուտը, Չարենցի, Սայաթ-Նովայի անվան դպրոցները եւ այլ հիմնարկներ ու բնակիչներ։ Այս ամենը նկատի ունենալով, «Հայհամակարգիչն» ու «Սոֆտ նոտան» դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանինՙ խնդրելով այս փաստերի առիթով հարուցել քրեական գործ եւ պատժել մեղավորներին։

«Արմենտելի» այս քայլերը Վահրամ Մխիթարյանն ու Սամվել Դանիելյանը բացատրեցին նաեւ այն հանգամանքով, որ «Հայհամակարգիչն» արդեն իսկ երեք ամիս դատական գործընթացում է «Արմենտելի» հետ, իսկ «Սոֆտ նոտան» նմանատիպ հայցով պատրաստվում է դիմել տնտեսական դատարան։ Նման ճնշումներով «Արմենտելը» փորձում է ստիպել հրաժարվել այս հայցերից, տնտեսական վնաս պատճառել եւ շուկայից դուրս մղել մրցակիցներինՙ դառնալով միակ ինտերնետ մատակարարը։

Այս ամենն «Արմենտելը» հիմնավորում է իրեն տրված թիվ 60 լիցենզիայում ամրագրված 5Ա¬1/թ կետով, որն իբր այս ընկերությանը հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունքներ է վերապահում։ Մինչդեռ լիցենզիայի վերոնշյալ կետում հստակ ամրագրված է, որ «Արմենտելը» ՀՀ տարածքում ունի միայն հեռախոսակապի ծառայությունների եւ հեռախոսակապի ծառայությունների միջազգային ելքի մատուցման բացառիկ իրավունք։ Հեռահաղորդակցության բնագավառում բոլոր մյուս ծառայություններըՙ հեռագրային, ռադիոհաղորդումների, ռադիոկապի, տվյալների փոխանցման, ինտերնետ, բանկային տվյալների փոխանցման, հեռուստատեսային, կաբելային հեռուստատեսային եւ դրանց միջազգային ելքի մատուցումը, տրամադրվել են ոչ բացառիկ իրավունքով։ Այս ծառայությունները մատուցող շուրջ 600 օպերատորների հետ «Արմենտելն» ունի հավասարազոր իրավունքներ։ Ի դեպ, այս օպերատորներն այս բնագավառում գործունեություն իրականացնելու համար տրանսպորտի եւ կապի նախարարության տված լիցենզիայով չունեն հեռախոսակապի մատուցման իրավունք։ Հեռահաղորդակցության այլ ծառայությունների մատուցման «Արմենտելի» ոչ բացառիկ իրավունքի մասին հստակ նշված է թիվ 60 լիցենզիայի 5Ա-2 կետում։

«Այդ դեպքում ո՞րն է «Արմենտելի» կողմից հեռահաղորդակցության բացառիկ իրավունքին հղում անելու պատճառը» հարցին Վահրամ Մխիթարյանը պատասխանեց, որ «Արմենտելն» օգտվում է 5Ա-1/թ կետում նշված այն դրույթից, որ ներքին կամ միջազգային որեւէ այլ հեռահաղորդակցության ծառայություն, որը կմատուցվի ապագայում եւ ուղղակիորեն կմրցակցի 5Ա-1 բաժնում նշված ցանկացած ծառայության հետ, նույնպես «Արմենտելի» բացառիկ իրավունքի տեսանկյունից պետք է դիտարկվի։ «Հայհամակարգչի» տնօրենն ընդգծեց, որ շատ դեպքերում չի նշվում «ուղղակիորեն» բառը, քանզի տվյալների փոխանցման ծառայությունները չեն հանդիսանում հեռախոսակապի, այսինքնՙ ձայնի փոխանցման կոմուտացվող ծառայություններ եւ չեն կարող համարվել հեռախոսակապին ուղղակիորեն մրցակցող ծառայություններ։ ՀՀ գլխավոր դատախազին հղված նամակում նշվել է նաեւ այս փաստը, որը քրեորեն պատժելի է, քանզի ակնհայտ խաբեություն է եւ պարունակում է պաշտոնական կեղծիքի հատկանիշներ։

Իրական խնդիրն այստեղ նորի եւ հնի պայքարն է։ «Արմենտելին» շահավետ չէ նոր տեխնոլոգիաներ մտցնել Հայաստան, որի շնորհիվ բազմիցս էժանանում են հեռահաղորդակցության ոլորտում առաջարկվող ծառայությունները, հետեւաբար նա ձգտում է արգելակել նման ծառայությունների մատուցումը այլ ընկերությունների կողմից։ Այս պայմաններում Վահրամ Մխիթարյանին զարմանալի է թվում իշխանությունների, մասնավորապես տրանսպորտի եւ կապի նախարարության թողտվությունը։ Նա առավել տարօրինակ համարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումը, ավելի ճիշտՙ դրա բացակայությունը։ Այն դեպքում, երբ տնտեսական մրցակցության խախտման փաստերի առնչությամբ ավելի քան 2 տասնյակ կազմակերպություններ «Արմենտելի» դեմ դատական հայցեր են ներկայացրել, հանձնաժողովը, ի պաշտոնե նրանց շահերը պաշտպանելու փոխարեն, զբաղված է «տարբեր պիտակներ համեմատելով»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4