Եգիպտահայ համայնքի «Արեւ» օրաթերթը Կահիրեում հրատարակվող անգլիատառ «Մագազին» հանդեսից թարգմանաբար ներկայացրել է Դեյվիդ Սնայփսի հոդվածը, որը նվիրված է համայնքում հայտնի անձնավորություններիՙ Կարպիս եւ Սիրարփի Չատրճյանների անդրանիկ դուստր Անուշկային։ Վերջինս երգի ու պարի ասպարեզում իր առաջին քայլերն է արել հայկական շրջանակներում։ Եղել է մենապարուհի Հայ գեղարվեստասիրաց միության «Զանգեզուր» պարախմբում, որի պարուսույցն էր Մոսկվայից Եգիպտոս ժամանած Լեոնորա Գրիգորյանը։ Եղել է մեներգչուհի Կահիրեի ՀԲԸՄ-ի «Կռունկ» երգչախմբում, որի խմբավարն էր Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սան Հայկ Սարգսյանը։ Անուշկան այժմ արաբերեն երգերով Եգիպտոսը ներկայացնում է երգի միջազգային փառատոներում։
«Մարիլինանման նրբամտությամբ, մուգ սրճագույն աչքերով հմայիչ այս երիտասարդուհին դասական օրինակ է մի աղջնակի, որը երազում է աստղ դառնալ», գրում է հոդվածի հեղինակը։
«Փոքր տարիքից երազել եմ կատարողական արվեստի տարբեր ճյուղերին հետեւել։ Սովորություն ունեի մազի խոզանակը ձեռքիս հայելու դիմաց ծամածռություններ անել», հիշում է Անուշկան։
Նա հասել է իր նպատակին համառ աշխատասիրության շնորհիվ։ Մայրը ցանկացել է, որ դաշնամուր նվագի եւ բալետի հետեւի։ Իսկ հայրը պնդել է, որ անպայման բարձրագույն կրթություն ստանա։
Բնատուր տաղանդի եւ ամուր անհատականության տեր հայուհին հետեւել է իր սրտի թելադրանքին եւ արտակարգ հաջողությունների հասել։ Կատակ բան չէ, Ֆրանսիայում հանդես գալ «Օլիմպիայի» բեմի վրա եւ արժանանալ ոսկե մեդալի։ Ընդ որում, նա երգել է ֆրանսերենով, իր գրած բառերով եւ իր հորինած երաժշտությամբ։ Գնահատանքի ծափողջույնների են արժանացել հատկապես «Մոն ամուր» («Իմ սեր») եւ «Յա լեյլա» («Ո՜վ գիշեր») երգերը։
«Այլ արվեստագետների հետ շփվելով մարդը հարստացնում է իր գիտելիքները, կատարելագործում ճաշակը», նշում է Անուշկան Դեյվիդ Սնայփսի հետ զրուցելիսՙ գոհ, որ տեսաերիզը կարեւոր տեղ է գրավում այժմ երաժշտության բնագավառում։ «Դա լավագույն միջոցն է ունկնդիրների հետ կապի մեջ մտնելու», ավելացնում է նա։
Բացի երգելուց եւ պարելուց, Անուշկան սիրում է զբաղվել սպորտով (ստացել է գավաթներ հենդբոլի եւ բասկետբոլի մրցումներից), խոհարարությամբ եւ մանավանդ... իր շնիկիՙ Միշայի հետ։ Քույրըՙ Քրիստինեն, ճանաչված նկարչուհի է Ֆրանսիայում։ «Նրան մեր ընտանիքի փիլիսոփան եմ համարում, որովհետեւ շատ լուրջ է, խիստ կշռադատված եւ ամեն ինչի պատասխանն ունի», այսպես է արտահայտվում Անուշկան քրոջ մասին։
Նկարահանումների վերաբերյալ հոդվածագրի հարցին պատասխանել է, ասելով, որ հեռուստատեսային նկարահանումների մասնակցել է, սիրում է կատակերգությունը, բայց տակավին չի գտել իր բեմադրիչին, որն առաջարկեր իրեն բնորոշ դերեր։
Հ. Ծ.