Մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում ավարտվեց Հայաստանի խոշոր ձեռնարկությունների եւ ընկերությունների թիմերի միջեւ անցկացված ֆուտբոլի անդրանիկ մրցաշարը, որի 8 մասնակիցները վիճարկում էին «Made in Armenia» անվանումը կրող գավաթը։ Մրցաշարի կազմակերպիչն օտարերկրյա թղթակիցների ասոցիացիան էր։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց դեղորայքի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Էսկուլապ» ձեռնարկության թիմը, որը վճռական խաղում 3¬0 հաշվով հաղթեց Երեւանի կոնյակի գործարանի թիմին։ 3-րդ տեղի համար մրցավեճում հանդիպեցին «Գրանդ Քենդի» ձեռնարկության եւ օտարերկրյա թղթակիցների ասոցիացիայի «Պրեսսա» թիմերը։ Հաղթողը որոշվեց 11 մ հարվածներով (հիմնական ժամանակումՙ 3¬3)։ Ավելի դիպուկ գտնվեցին «Գրանդ Քենդիի» ֆուտբոլիստները։
Մրցաշարի արդյունքներով գավաթներով ու պատվոգրերով պարգեւատրվեցին մրցանակակիրները։ Մրցանակներ ստացան նաեւ առավել աչքի ընկած խաղացողները։ Այսպես, մրցաշարի լավագույն ռմբարկու Գեւորգ Ասատրյանը «Էսկուլապից» (12 գոլ) ստացավ «Գրանդ Քենդիի» քաղցրավենիքներով լի զամբյուղ։ Մրցաշարի լավագույն խաղացող Արտյոմ Սարգսյանը (կոնյակի գործարանի թիմից) որպես պարգեւ ստացավ «Տուշպա» գինի եւ ֆուտբոլիստի պատկերով արձանիկ։ Լավագույն դարպասապահի մրցանակը հանձնվեց Գեղամ Պետրոսյանին («Էսկուլապ»)։ Երեւանի կոնյակի գործարանի յուրօրինակ ձեւավորմամբ «Նաիրի» կոնյակի արժանացավ մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Մրցաշարի արդյունքներով կկազմավորվի խորհրդանշական հավաքականը, որը ցուցադրական խաղ կանցկացնի «Արարատ-73»¬ի հետ։ Նախատեսվում է մրցաշարը դարձնել ավանդական։
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ