«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2002-08-21 | #148, 2002-08-22 | #149, 2002-08-23


ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՏԿԱՉՈՎԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Կրասնոդարի երկրամասի նահանգապետի վարչակազմին մոտ կանգնած վստահելի աղբյուրից «Ազգը» տեղեկացել է, որ հոկտեմբերի կեսերին աշխատանքային այցով Երեւան կժամանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը։ Վերջինս համաձայնել է Հայաստան ժամանել մայիսի 18¬19-ը Մոսկվայում «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Կրասնոդարի երկրամասում, որտեղ, տարբեր աղբյուրների համաձայն, բնակվում են 0,5¬1 մլն հայեր, նաեւ «շնորհիվ» նահանգապետ Տկաչովի, արձանագրվել են ընդգծված հակահայկական դրսեւորումներ, այդ թվումՙ վանդալիզմի դեպքեր։ Արա Աբրահամյանը դիմել էր նախագահ Պուտինինՙ Կուբանում հայերի վիճակի մտահոգությամբ։

Մայիսի 30-ին Կրասնոդարի երկրամաս էր մեկնել ՀՀ ԱԺ պատվիրակությունըՙ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այդ այցը նախատեսված էր ավելի վաղ, սակայն մի քանի անգամ հետաձգվել էր, քանի որ Տկաչովը ցանկություն չէր հայտնում ընդունել Հայաստանի պատվիրակությանը։

«Բատկան» տեղի էր տվել նախագահ Պուտինի եւ Արա Աբրահամյանի հորդորներից հետո։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Տկաչովը մինչեւ վերջ մնացել է համառ եւ Հովհ. Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել բավականին սառը։ Ամեն դեպքում Կրասնոդարի երկրամասի նահանգապետի սպասվող այցը Հայաստան կարեւոր է եւ կարող է դրականորեն անդրադառնալ Կուբանի հայության իրավիճակին։ Ավելորդ չէ նշել, որ երկրամասում հակահայկական տրամադրությունները չեն լիցքաթափվել, պարզապես փոխվել է «կարմիր» առաջնորդի հակահայկական քաղաքականության մարտավարությունը։

Կուբանի հայությանը նվիրված խնդիրներին «Ազգն» ընդարձակ անդրադարձ կկատարի առաջիկա համարներից մեկում։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Կրասնոդար-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4