«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2002-08-21 | #148, 2002-08-22 | #149, 2002-08-23


ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐԸ ԹԱԿԵԼԻՍ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը երեկ լրագրողներին ներկայացրեց կառավարության հաստատած այն օրենսդրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցելու համար։ Ըստ փոխնախարարի, դրանք հարկ է վավերացնել խորհրդարանում մինչեւ սեպտեմբերի 20-ըՙ այս կազմակերպության նախարարական կոմիտեի լիագումար նիստի օրը, որտեղ պետք է հաստատվի Հայաստանի անդամակցությունը։

Մինչ երեկ հաստատված օրենսդրական փոփոխությունները ներկայացնելը, Տիգրան Դավթյանը հերթական անգամ պատմեց ԱՀԿ-ին անդամակցելու նպատակով անցած 10 տարվա ընթացքում Հայաստանի վարած բանակցությունների ընթացքի մասին, մեր երկիրն այսօր ամենահավանական թեկնածուն է 30 այլ թեկնածու երկրների թվում։ Վերջիններիս թվում են Ռուսաստանը, Ուկրաինան, Սաուդյան Արաբիան, Մակեդոնիան եւ այլն։ Այնուհետեւ փոխնախարարը թվարկեց կառավարության հաստատած օրենսդրական փոփոխությունները։ Դրանցից առաջինը Մաքսային օրենսգրքում մաքսային արժեքի որոշման եւ փաստաթղթերի հաշիվ-ապրանքագրի ներկայացման կարգերին է վերաբերում, որոնք, ԱՀԿ-ի փորձագետների կարծիքով, չեն համապատասխանում այդ կազմակերպության չափանիշներին։ Առաջարկվել է փոփոխել նաեւ մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը։ Տիգրան Դավթյանը նշեց, որ այդ ապրանքատեսակները մեր ներմուծման 1¬2 տոկոսն են կազմում։

Հիմնական խնդիրը գյուղատնտեսության հարկմանն ու սուբսիդավորմանն է վերաբերում։ ԱՀԿ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել հարկային արտոնությունը փոխարինելու աջակցման այլ ձեւովՙ սուբսիդավորմամբ։ Սակայն այս անցումը պետք է տեղի ունենա 2009 թ., այսինքնՙ 6 տարի հետո։ Փոխնախարարը հաջողություն համարեց նման երկար անցումային շրջանին առնչվող պայմանավորվածությունը։ Այս ընթացքում կստեղծվեն այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան հարկել գյուղատնտեսությունը եւ այդ գումարները դարձյալ սուբսիդիաների ձեւով վերադարձնել գյուղացիներին։

Ինտելեկտուալ սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում հիմնական նախատեսվող փոփոխությունն այդ իրավունքի խախտման համար քրեական պատասխանատվություն սահմանելն է։ Մեկ այլ փոփոխության նպատակն էլ ակցիզային հարկի հավասարեցմանն է վերաբերում։ Այսինքնՙ նմանատիպ ապրանքները պետք է հարկվեն նույն չափով։ Օրինակՙ գինիներն ու շամպայնները մի խմբի մեջ են, օղիները, կոնյակները, լիկյորներըՙ մեկ այլ խմբի։

Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ որոշակի հովանավորություն պետությունը կարող է իրականացնել մաքսատուրքի միջոցովՙ մինչեւ 15 տոկոսի չափով։ Պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, որը վերաբերում էր տեղական արտադրության եւ ներմուծվող ծխախոտի հարկային դրույքաչափերի տարբերությանը, փոխնախարարը նշեց, որ ԱՀԿ ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հօգուտ արտադրողի այդ տարբերությունը դուրս չի գալիս մաքսատուրքի թույլատրվող 15 տոկոսի սահմաններից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4